Լրահոս
Օրվա լրահոսը

Տգիտությունն ու ցինիզմը՝ շարժիչ ուժ

Նոյեմբեր 22,2023 13:30

Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները հավասարապես շահագրգռված են Արցախյան շարժումը, ազատամարտը եւ պետությունը վարկաբեկելու մեջ

Մարդկային պատմության մեջ որեւէ հետք թողած անձանց կենսագրությունների մեջ ինձ ամենաշատը հետաքրքրում են այն պատումները, որոնք ներկայացնում են հավատին, համոզմունքներին, առաքելությանը հավատարիմ մարդկանց կյանքը:

Այդպիսի պատմական դեմքերից է Յանուշ Կորչակը, որի կյանքի եւ մահվան մասին ժամանակին պատմում էին մեզ՝ խորհրդային դպրոցականներիս: Կորչակը կրթությամբ մանկաբույժ էր, նաեւ 20-րդ դարի առաջին տասնամյակների նկատելի գրական դեմքերից էր: Բայց տարիների ընթացքում նա հասկացել էր, որ իր կոչումը մանկավարժությունն է՝ ծնողազուրկ, բարդ ճակատագիր ունեցող երեխաների մասին հոգ տանելը: Երբ նացիստները զավթեցին Լեհաստանը, նա՝ իր հիմնած եւ ղեկավարած մանկատան սաների հետ տեղափոխվեց Տրեբլինկա համակենտրոնացման ճամբար, իսկ հետո երեխաների հետ միասին այրվեց գազային խցիկում:

Եվրոպական ճանաչում ունեցող գրող լինելով՝ Յանուշ Կորչակը (դա Հենրիկ Գոլդշմիդտի գրական կեղծանունն է) հնարավորություն ուներ խուսափելու դաժան մահից, բայց որոշել էր կիսել երեխաների ճակատագիրը:

Հիմա պատկերացրեք, որ նման պատմություն տեղի ունենար հիմա: Ինչպե՞ս  կարձագանքեին սոցցանցերը: Մոտավորապես այսպես. «հաստատ գազային խցիկ գնալու համար ինչ-որ քյար ուներ», «Կորչակը մասոնական դավադրության մասն էր», «բա որ հրեաները խմում էին մանուկների արյունը, լա՞վ էր», «ասում են, չի էլ մահացել՝ փախել է» եւ այլն: Քանի որ հիմա բոլորն արտահայտվելու եւ ինքնադրսեւորվելու հնարավորություն ունեն, այդ «բոլորի» միջին թվաբանականը տգիտությունն է եւ ցինիզմը:

Հայաստանի դեպքում այդ գլոբալ պատկերի մեջ միահյուսվում են ներկայիս իշխանությունների ճղճիմ եւ, կասեի նաեւ՝ կարճատես հաշվարկները: Բերեմ ամենաբնորոշ օրինակը: Բաքվում դատել են եւ դատելու են արցախցիներին՝ որպես ահաբեկիչներ: Ալիեւին այդ դատավարությունները պետք են՝ աշխարհին ցույց տալու համար, որ 1988 թվականին Արցախյան շարժումը կազմակերպել էին տեռորիստները, ԼՂՀ-ի հռչակումը եւ այդ տարածքում հայկական պետություն ունենալը տեռոր էր եւ, բնականաբար, հայերի ինքնապաշտպանությունը նույնպես ահաբեկչություն էր:

Բայց ամենասարսափելին այն է, որ այդ մոտեցումն, ընդհանուր առմամբ, ներդաշնակ է Փաշինյանի այսօրվա դիրքորոշմանը: Ըստ նրա՝ ստացվում է, որ հիշյալ իրադարձությունները տեղի էին ունենում «մութ ուժերի» հրահրմամբ (չի ասում, թե ում, բայց կարելի է կռահել), որոնք ամեն ինչ անում էին, որպեսզի մենք պետություն չունենանք: Այսինքն՝ մարդիկ կռվում ու զոհվում էին նույնիսկ ոչ թե «հանուն ոչնչի», այլ՝ հանուն ինչ-որ վատ բանի:

Բացի ակնհայտ ցինիզմից՝ այստեղ կա նաեւ խորքային սխալ: Ներկայիս իշխանություններին թվում է, որ հնարավոր է ինչ-որ վերացական «պետություն» ունենալ՝ առանց ազգային ինքնության եւ նպատակների, առանց ինքնազոհության, առանց կռվի, պարզապես՝ երջանկության ձգտող անհատների շահերի համադրմամբ: Ցավոք, այդպիսի հիմքով որեւէ պետություն, եթե անգամ հռչակվել է, ապա հաստատ չի գոյատեւել:

…Իսկ դպրոցում, հավանաբար, հերոսական պատմություններ այլեւս պետք չեն: Պետք է բացատրել, թե ինչպես, իրար հրելով, հասնել հաջողության եւ երջանկության:

Լուսանկարը՝ Յանուշ Կորչակ. «Ինչպես սիրել երեխային» գրքից:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
21.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930