«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը «Հայկական ժամանակ» օրաթերթը հրապարակող «Դարեսկիզբ» ՍՊԸ 10 տոկոսի բաժնետերն է, բայց ինչպես ինքն է ասում, ոչ միայն 2016 թվականից չի ստանում իր շահաբաժինը, այլ ընկերության գործունեության մասին որեւէ տեղեկություն չի կարողանում ստանալ:
«Նրանք հրաժարվեցին հատուցել շահաբաժինը: 2021- ի նոյեմբերին դիմել եմ դատարան՝ ստանալու 5 տարվա շահաբաժինը: Դատարանը աջ ու ձախ գնդակի պես տանելով՝ հայցս ընդունեց վարույթ, հետո հրաժարվեց քննել, նմանատիպ որոշում կայացրեց Վերաքննիչ դատարանը: Ես էլ գլխավոր դատախազություն հանցագործության մասին հաղորդում ներկայացրեցի: Խոսքը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ընտանիքին, ներկայացրել եմ կոռուպցիոն ռիսկերը, հովանավորչությունն ու օրինազանցությունը: Ինձ հրավիրել են 2022 թվականի օգոստոսի 31-ին հարցաքննության՝ վարույթի շրջանակում, որից հետո ոչ մի տեղեկություն, իսկ երբ փաստաբանը զանգերով փորձել է ընթացքից հասկանալ՝ պարզել է, որ վարույթը կարճվել է, չնայած այդ որոշման արձանագրությունը մեզ դեռ չեն փոխանցել»,- պատմեց Պետրոս Մակեյանը:
Մակեյանը շարունակում է «Դարեսկիզբ» ընկերության 10 տոկոսի բաժնետեր լինել: Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ տարեկան ինչքան է կազմում շահաբաժինը, ի պատասխան ասաց՝ դա լուրջ թիվ է, որն առայժմ չի հրապարակում, բայց «Մինչեւ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը՝ 2018 թվականը, տարեկան միջինը մինչեւ 2,4 միլիոն դրամ»:
Մեր զրուցակցի խոսքով, «Դարեսկիզբը» հրաժարվում է տեղեկատվություն տրամադրել՝ ինչքան է իր՝ որպես 10 տոկոս բաժնետիրոջ շահաբաժինը ու դատարանում այդ թիվը նշելու հնարավորություն չունենալու պատճառով է, որ դատարանը մերժել է իր հայցի քննությունը:
Մակեյանի խոսքով, այդ ընկերության 70 տոկոսի բաժնեմասը Աննա Հակոբյանինն է եղել, բայց 2014 թվականից այդ բաժնեմասն անցել է Աննա Հակոբյանի մորը, 20 տոկոսն էլ ԱԺ պատգամավոր Հայկ Գեւորգյանինն է:
Կարդացեք նաև
«Մեկ տարի առաջ եմ իմացել, որ Աննան մորն է փոխանցել, ես ՀԵՏՔ-ից եմ իմացել, իրենցից չեմ իմացել։ Երբ Նիկոլ Փաշինյանն եկավ իշխանության, մենք ունեցել ենք պայմանավորվածություններ, որոնց մասին հիմա չեմ խոսում, բայց այդ պայմանավորվածություններն ինքը խախտել է: Տերն է որոշողը ամեն ինչ, այսինքն՝ Նիկոլի ընտանիքը ՝ ի դեմս Աննա Հակոբյանի»,- ասաց Մակեյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ