Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում կան բանտարկյալներ, որոնց նրանց համախոհները քաղբանտարկյալներ են անվանում». Վարդան Հարությունյան

Նոյեմբեր 21,2023 21:55

Aravot.am-ի զրուցակիցն է իրավապաշտպան Վարդան Հարությունյանը

 

-Հայաստանում քաղբանտարկյալներ կա՞ն, թե՞ ոչ։

-Հայաստանում կան բանտարկյալներ, որոնց նրանց համախոհները քաղբանտարկյալներ են անվանում։ Բանտարկյալին, բայց, քաղբանտարկյալ ճանաչում են ոչ թե ընկերներն ու համախոհները, այլ անաչառ միջազգային ու տեղական իրավապաշտպան կազմակերպությունները։

-Ո՞րն է տարբերությունը քաղբանտարկյալի եւ բանտարկված մարդկանց, ովքեր զբացվել և զբաղվում են քաղաքականությամբ։ Երկու դեպքում էլ` մարդը իր դիրքորոշումների համար չի՞ զրկվում ազատությունից։

-Մարդը կարող է զբաղվել քաղաքականությամբ, բայց կալանավայրում հայտնվել բոլորովին այլ պատճառներով։ Եթե քաղաքականությամբ զբաղվող մարդն, ասենք, խարդախության կամ յուրացման մեղադրանքով հայտնվել է ազատազրկման վայրերում՝ չի նշանակի, թե նա քաղբանտարկյալ է։ «Քաղբանտարկյալ» տերմինը հաճախ է չարաշահվում։ Միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն ունեն իրենց չափանիշները, որոնցով այս կամ այն մարդուն քաղբանտարկյալ են ճանաչում։

-Արմեն Աշոտյանը քաղբանտարկյա՞լ է, թե` ոչ։

-Արմեն Աշոտյանը քաղաքական գործիչ է։ Նա Հանրապետական կուսակցության երկարամյա անդամ է, գործադիր իշխանությունում բարձր պաշտոններ է զբաղեցրել։ Գործադիր իշխանությունում քիչ թե շատ նշանակալի դիրք ունեցողի կամ տնտեսական գործունեություն իրականացնողի նկատմամբ, ցանկության կամ հանձնարարության դեպքում, քրեական գործի համար հիմքեր միշտ էլ կարելի է փորփրել ու գտնել։ Այսպիսի իրականությունում ենք ապրել ու ապրում։ Եթե Աշոտյանն ընդդիմադիր դիրքորոշմամբ աչքի չընկներ՝ չի բացառվում, որ այսօր քրեական հետապնդման չենթարկվեր։ Մնում է հասկանալ, թե որքանո՞վ են հիմնավոր կամ անհիմն նրան ներկայացված մեղադրանքները։

Քաղբանտարկյալներին, որպես կանոն, ներկայացվում են շինծու մեղադրանքներ։ Դա հատկապես դատաքննությունների ընթացքում է պարզորոշ երեւում։ Հետհայացք կարելի է ցանկացած քաղբանտարկյալի գործ հիշել։ Իսկ քաղբանտարկյալների պակաս մենք, ցավոք, չենք ունեցել։ Կարող ենք հիշել 2008-ի մարտի 1-ին առնչվող գործերը կամ դրանից առաջ եղած ու դրան հաջորդած շրջաններում տեղի ունեցած այլ քաղաքական դատավարություններ։ Աշոտյանի դեպքում նույնպես պետք է սպասենք դատական փուլին։ Շատ լավ կլիներ, որ մեզ հետ միասին Աշոտյանն էլ դատավարությանն սպասեր ոչ թե կալանավայրում, այլ կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոցի պայմաններում։ Կալանքը, որպես խափանման միջոց պետք է կիրառվի միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։

ԵԺԿ-ն իր վերջին զեկույցում արձանագրում է մեր երկրում քաղբանտարկյալների առկայությունը։ Ի դեպ, հենց այս կառույցը նախկինում էլ Աշոտյանին քաղբանտարկյալ էր հայտարարել։

-ԵԺԿ-ն կուսակցություն է, կուսակցությունների միավորում, որին անդամակցում է նաեւ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որի ղեկավարներից է պարոն Աշոտյանը։ Այս առումով ԵժԿ հայտարարությունը միջազգային հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների հայտարարությունների հետ համադրելի չէ։ Բոլորովին այլ կերպ կընկալվեր, եթե նման հայտարարությամբ հանդես գային, ասենք, Amnesty International‎-ը, Freedom House-ը, Human Rights Watch-ը կամ նման այլ կազմակերպություններ։ Վստահ եմ, դատական փուլում, եթե լինեն հիմքեր, ե՛ւ միջազգային, ե՛ւ տեղական կազմակերպությունները համապատասխան հայտարարություններով հանդես կգան։

Բայց, ինչ էլ որ լինի, ինքը փաստը, որ որեւէ կազմակերպություն, կլինի միջազգային, թե տեղական, գտնում է, որ Հայաստանում կա քաղբանտարկյալ կամ կան քաղբանտարկյալներ, նշանակալի է։ Նշանակալի է ու տխրեցնող։ Չպետք է մեր երկիրը լինի այնպիսին, որ որեւէ մեկը կամ որեւէ կազմակերպություն, անկախ ունեցած դերից ու կշռից, նման հայտարարությամբ հանդես գալ կարողանա։ Քաղաքական նպատակներով հետապնդում իրականացնելու կասկածից Հայաստանը պետք է դուրս լինի։ Այսպես եմ ես մտածել Հայաստանի հանրապետության հռչակման օրից սկսած։ Ցավոք, բայց, իր կենսագրության ողջ ընթացքում Հայաստանի հանրապետությունը երբեք էլ չի համապատասխանել իմ պատկերացրած չափանիշներին։ Այսօր նույնպես չի համապատասխանում։

Երբ մարդիկ քրեական հետապնդման են ենթարկվում իշխանությանը քննադատող սոցցանցային գրառումների համար, ազատազրկվում են, դրան ի՞նչ վերաբերմունք ունեք։ Անգամ կին ազատազրկված ունենք` Տաթևիկ Վիրաբյանը, նաև անչափահաս էր ազատազրկվել։

-Եթե սկսենք պեղել սոցցանցերն ու այդ հիմքով քրեական հետապնդումներ սկսել, ապա հազարավոր օգտատերեր կհայտնվեն թիրախում։ Սոցիալական ցանցերը, որոշ իմաստով, շարունակում կամ փոխարինում են բակերի զրուցարաններին կամ խոհանոցային զրույցներին։ Խորհրդային ժամանակներից հետո բակային կամ խոհանոցային զրույցների ժամանակ ասված խոսքի հիմքով քրեական հետապնդումների ու ազատազրկումների օրինակներ չէինք ունեցել։ Մեր կյանքի այդ հատվածն արդեն մոռանալ էինք հասցրել։ Այն չպետք է վերադառնա։

Իհարկե, յուրաքանչյուր միտք արտահայտող իր գրավոր կամ բանավոր խոսքի նկատմամբ պետք է ունենա հարգանք ու լինի պատասխանատու։ Չի կարելի կանխամտածված հորինվածքներ ու սուտ լուրեր տարածել, չի կարելի աջ ու ձախ հայհոյել, վիրավորել այլոց, չի կարելի անցնել թույլատրելի սահմանը, բայց չի կարելի նաեւ հազարների թիրախավորելով ցենզուրան ու ինքնացենզուրան դարձնել նորմ։ Ծանր ժամանակներ ենք ապրում։ Մարդիկ հուսահատ են, մոլորված են ու լարված։ Որեւէ գործ (հատկապես քրեական) սկսելուց առաջ այս հանգամանքը պետք է հաշվի առնվի։ Հակառակ դեպքում՝ շատ հեռու ենք գնալու ու մի տխուր օր պարզելու ենք, որ խոսքի ազատությունը կրկին երազանք է դարձել։

Առհասարակ, կալանքը ժողովրդավարության բաստիոն Հայաստանում դարձել է ընդունված խափանման միջոց, շատ իրավապաշտպաններ համերաշխ են դրա հետ, մինչդեռ ոչ վաղ անցյալում ակտիվ պայքար կար, որը դրական արդյունք տվեց, որ կալանքը ծայրագույն դեպքում կիրառվի, այլընտրանքային խափանման միջոցներ կիրառվեն։

-Արդեն ասացի, կալանքը, որպես խափանման միջոց պետք է միայն ամենաանհրաժեշտ դեպքերում կիրառվի։ Հակառակ պարագայում դա կարող է ոչ թե որպես խափանման միջոց, այլ որպես պատիժ ու որպես ընդդիմադիրներին լռեցնելու միջոց դիտարկվել։ Իշխանությունները, եթե ցանկանում են զերծ մնալ նման մեղադրանքներից, պետք է առաջինը մերժեն այս խափանման միջոցի համատարած կիրառման պրակտիկան։ Արմեն Աշոտյանի դեպքում, օրինակ, եթե կիրառվեր այլընտրանքային խափանման միջոց՝ քաղաքական հետապնդման մասին կասկածը, եթե իսպառ չվերանար էլ, ապա կնվազեր էապես։

 

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930