«Ժողովուրդը» հրապարակել էր, որ վերջին շրջանում ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, ինչ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը թողել էլ, այլեւս չի շփվում ՔՊ-ականների հետ, մեկուսացել է թիմից, միայն Լենա Նազարյանի ու Մարիա Կարապետյանի հետ է մտերմություն անում: ԱԺ-ում էլ նա պասիվ է, հարցեր չի տալիս, ելույթներ չի ունենում, ակտիվ քննարկումների մեջ չի մտնում: Aravot.am-ը այսօր ԱԺ-ում Էդուարդ Աղաջանյանից փորձեց պարզել՝ ի՞նչն է խնդիրը, որ ՔՊ-ականների հետ այսպես ասած «տալ-առնելիք» չունի: Նա պատասխանեց, թե դա իրականությանը չի համապատասխանում, հերյուրանք է. «Հերյուրանք է նաեւ այն լուրը, թե ես, իմ բարեկամները կամ իմ կինը տեղավորվել է պետական համակարգում որեւէ տեղ: Այդ լրատվության մեջ մենակ ինձ վերաբերվող 3-4 սխալ կամ սուտ տվյալ կա: Ոչ մի ճիշտ չկար՝ զրո»: Ասացինք ձեր անուն-ազգանո՞ւնն էլ էր սխալ՝ նա պատասխանեց. «Անուն ազգանունից բացի, ոչ մի բան: Եթե իմ մասին էր, ուրեմն իմ անունն էլ էր սխալ»:
Մեր դիտարկմանը, որ առանց կրակի ծուխ չի լինում, ինչ հանձնաժողովի նախագահի պաշտոնը թողել է, ինչ-որ բան է նկատվում, ինչ-որ բան փոխվել է՝ Աղաջանյանը պատասխանեց. «Փոխվել է: Իմ կինը տեղավորվել է պետական համակարգում ինչ-որ տեղ: Կին, ով չկա, ես ամուսնացած չեմ ու երբեւէ չեմ եղել: Է՞դ է փոխվել իմ՝ հանձնաժողովից դուրս գալուց հետո: Բանե՞ր է փոխվել: Փաստորեն ծուխ լինում է առանց կրակի՝ որոշ լրատվականներում»: Այն, որ մեկուսացած է, դա նույնպես հերքեց, Լենա Նազարյանի ու Մարիա Կարապետյանի հետ մտերմություն անելն էլ չհաստատեց. «Չկա նման բան, ես բոլոր իմ գործընկերների հետ մտերիմ եմ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ