Սիրված եւ պահանջված երգիչ, դերասան, շոումեն Ավո Ադամյանը տառացիորեն շունչ քաշելու ժամանակ չունի: «Սիրո թակարդում» հեռուստասերիալից հետո Ավոն իբրեւ գլխավոր դերակատար հանդես է գալիս մեկ այլ բարձր վարկանիշ ունեցող՝ «Սիրուց հետո» հեռուստասերիալում:
«Սիրուց հետո»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների նկարահանումները նախատեսվում են հաջորդ տարի ԱՄՆ-ում, իսկ այժմ նկարահանումները շարունակվում են Հայաստանում:
Պրոդյուսերը Գոհար Գրիգորյանն է, ռեժիսորը՝ Վարշամ Սաֆրազյանը, օպերատորը` Արարատ Շահբազյանը (Արո Շահբազյան), եւ գլխավոր դերում, ինչպես արդեն նշվեց՝ Ավո Ադամյանը: Հեռուստասերիալը վայելում է Հայաստանում եւ Սփյուռքում բնակվող հայերի համակրանքը եւ վարկանիշով ամենաբարձրն է: Ավոն եւ Գոհարը վերջերս են վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ նկարում էին «Սիրո Թակարդում» հեռուստասերիալի «ամերիկյան» հատվածները, որոնք շուտով կհանձնվեն հեռուստադիտողի դատին:
Կարդացեք նաև
Ավո Ադամյանը վաղուց է համագործակցում US Armenia հեռուստաընկերության հետ` մշտապես կերտելով գլխավոր դերեր՝ տարբեր հեռուստասերիալներում: Aravot.am-ի հետ զրույցում դերասանը «Սիրո Թակարդում»-ը հեռուստասերիալի սցենարի շնորհալի հեղինակ Անուշ Պետրոսյանի գլուխգործոցներից մեկը որակեց: Այստեղ Ավոն կերտել է հենց երգիչ Ավո Ադամյանի կերպարը: Սերիալի soundtrack-ը US Armenia-ն կրկին վստահել է Ավո Ադամյանին:
Սիրո մասին պատմությունները Ավո Ադամյանի տարերքն են, նրա խոսքով՝ առանց սիրո կյանքը իմաստ եւ վառ գույներ չէր ունենա: Սիրո թեմայով հեռուստասերիալներում Ավո Ադամյանն իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Ավոն ասում է, որ հեռուստասերիալին համուհոտ են պարգեւում նաեւ բարդ եւ դրամատիկ իրավիճակները, հատկապես, որ կյանքում եւս ամեն ինչ միատարր չէ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ