Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել են «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենքը

Նոյեմբեր 21,2023 18:45

Նոյեմբերի 21-ին Երևանում անցկացվել է «Ոստիկանության գվարդիայի մասին օրենքին և հարակից իրավական ակտերին» նվիրված բազմաշահառու քննարկում, որին մասնակցել է Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգեն, ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ազգային փորձագետներ, պետական մարմինների և դատական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային այլ մասնագետներ։

Բացման խոսքով հանդես է եկել ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Նա շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին սերտ և երկարատև համագործակցության, նաև Ծրագրի շրջանակում Ոստիկանական գվարդայի օրենքին հատուկ ուշադրություն դարձնելու համար, ինչը թե՛ օրենսդրության ընդունման, թե՛ պրակտիկ փոփոխությունների իրականացման տեսանկյունից նախանշում է օրենքի հաջող ընթացքը։

Արփինե Սարգսյանն առանձնացրել է երեք առանցքային ուղղությունների՝ Ոստիկանական գվարդիայի կարգավիճակի, լիազորությունների նախանշման և կարողությունների զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների կարևորությունը։

Նա անդրադարձել է Ոստիկանական գվարդիայի մասին օրենքում նախատեսված հարկադրանքի միջոցների կիրառման նոր գլխին, ինչը սահմանում է ունիվերսալ կարգավորումներ ոստիկանի կողմից հարկադրանքի, այդ թվում՝ ուժի կիրառման կամ զենքի գործադրման տեսանկյունից

Խոսելով հավաքների ազատության իրավունքի իրացման մասին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ այդ տեսանկյունից թե՛ ոստիկանների կողմից լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ գործիքակազմի, թե՛ նաև քաղաքացիների կողմից իրենց իրավունքների իրացման տեսանկյունից անհրաժեշտ երաշխիքների հստակ բալանսավորում է պետք, որը հետագայում երկու կողմից էլ կբացառի տարբեր խախտումների ռիսկերը։

Նա շնորհակալություն է հայտնել նաև փորձագետներին՝ եվրոպական լավագույն փորձը ներդնելու, մի շարք չափանիշներ ֆիլտրելու և դրանք Ոստիկանական գվարդիայի մասին օրենքի շրջանակում ներկայացնելու համար։

Ելույթ է ունեցել նաև Մաքսիմ Լոնգանգեն: Նա շնորհակալություն է հայտնել ՆԳ նախարարությանը և պատրաստակամություն հայտնել շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Նա ընդգծել է հանդիպման կարևորությունը, ինչը հնարավորություն է տալիս միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ քննարկել և մշակել միջազգային չափանիշներին առավել համապատասխան «Ոստիկանության գվարդիայի մասին» օրենք։

Խոսելով Ծրագրի շրջանակներում անցկացվող բարեփոխումների մասին՝ նա առանձնացրել է հատկապես հավաքների ազատության և այլ իրավունքների ապահովումը, նաև Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրվող փորձագիտական աջակցությունը, համապատասխան կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումները։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են Օրենքի ընդհանուր դրույթները, Ոստիկանական գվարդիայի լիազորությունները, մասնավորապես՝ հարկադրանքի կիրառման, ուժային միջոցների գործադրման առանձնահատկությունները, անձանց իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության երաշխիքները։

Եվրոպայի խորհրդի ազգային փորձագետներ Հրայր Ղուկասյանն ու Նինա Փիրումյանն անդրադարձել են նաև ոստիկանության կողմից ուժի կիրառման հետ կապված դատական երաշխիքներին, Ոստիկանական գվարդիայի ծառայողների հատուկ պատրաստության և վերապատրաստումների հարցերին։

Հանդիպման ավարտին Ոստիկանության գվարդիայի կարգավիճակի և գործունեության առանձնահատկությունները սահմանող օրենքի հիմնադրույթներից բացի քննարկվել են հարակից իրավական ակտեր։

Քննարկումը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարմանը» ծրագրի շրջանակներում։ Այն ֆինանսավորվում է Մարդու իրավունքների հավատարմագրային հիմնադրամի կողմից և իրականացվում է Եվրոպայի խորհրդի Հայաստանի համար իրականացվող 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակներում:

Սա քննարկումների շարքի առաջին միջոցառումն էր։ Նոյեմբերի 23-ին տեղի կունենա քննարկում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, իսկ նոյեմբերի 30-ին՝ Աժ-ի պատգամավորների հետ։

 

Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930