Լրահոս
Օրվա լրահոսը

Բենզինի գնի թանկացման պատճառները. Աղասի Թավադյան

Նոյեմբեր 21,2023 18:51
gaz

Նախ` ուսումնասիրենք բենզինի գինը տարածաշրջանի այն երկրներում, որոնք հիմնականում համարվում են նավթամթերք ներմուծող պետություն։ Նշեմ, որ Հայաստանում համեմատած մեր հարևանների և ԵԱՏՄ երկրների բենզինի գինը ամենաբարձրն է։ Սակայն սրա պատճառները հիմնականում տրանսպորտային ծախսերն են և այն հանգամանքը, որ Հայաստանը նավթամթերք արտադրող պետություն չէ։ ՀՀ դրամով հաշվարկված այս պահին, Վրաստանում բենզինի գինը կազմում է մոտ 500 դրամ։

Գծապատկեր 1. Բենզինի միջին գինը Հայաստանում և տարածաշրջանի բենզին ներմուծող այլ պետություններում

Գծապատկեր 2-ում ներկայացված է բենզինի ընդհանուր քանակության ներմուծումը միլիոն կիլոգրամով: Ինչպես երևում է գծապատկերից նավթամթերքի ներմուծման ծավալները 2010-ից 2019թ. սկիզբը եղել են գրեթե անփոփոխ: 2019 թվականից սկսած գրանցվել է նավթամթերքի ներմուծման շարունակական և կայուն աճ: 2017թ. ներմուծվել է համապատասխանաբար 200 և 140 մլն կիլոգրամ դիզվառելիք և բենզին, իսկ 2022թ արդեն 300 և 225 հազար կիլոգրամ: Ընդհանուր նավթամթերքի ներկրումը վերջին 5 տարիների ընթացքում աճել է 1.5 անգամ։ Նավթամթերքը էներգիայի կարևոր աղբյուր է, որն ապահովում է տրանսպորտային և արդյունաբերական գործունեությունը: Երբ երկիրն ավելի շատ բենզին է ներկրում, դա ընդհանուր առմամբ նշանակում է, որ էներգիայի ներքին պահանջարկը մեծանում է։ Սա կարող է լինել աճող տնտեսության ցուցանիշ, որը վկայում է սպառողական ծախսերի, ձեռնարկատիրական գործունեության և արդյունաբերական արտադրության աճի վերաբերյալ:

Գծապատկեր 2. Բենզինի և դիզվառելիքի Հայաստան ներմուծման տարեկան ծավալները

Գծապատկեր 3-ում ներկայացված է բենզինի գնի փոփոխությունը, ըստ 1in.am լրատվամիջոցի օրական հրապարակումների: Այս տվյալները ստացվել են քերելով 1in.am Յութուբյան ալիքի բենզինի գների վերաբերյալ տեսանյութերի նկարները (thumbnails): Ինչպես երևում է գծապատկերից բենզինի գինը մինչև 2023 թվականին գրանցված աճը, ամենաբարձրն է եղել 2022 թվականի ապրիլին, երբ 1 լիտր պրեմիում դասի բենզինը արժեր 540 դրամ: 2022թ. վերջին պրեմիում դասի բենզինի գինը նվազեց մինչև 350 դրամ 1 լիտրի համար, որը գրանցվել էր 2023 թվականի փետրվարին: 2023 թվականին շարունակաբար գրանցվեց վառելիքի գնի բարձրացում: Թե ինչո՞վ էր պայմանավորված այդ բարձրացումը կքննարկենք հաջորդիվ:

Գծապատկեր 3. Բենզինի և դիզելային վառելիքի գինը Հայաստանում (ՀՀ դրամ)

Հաջորդ գծապատկերում տրված է հեղուկ գազի լիտրի գինը ներքին շուկայում։

Գծապատկեր 4. Հեղուկ գազի Հայաստանում (ՀՀ դրամ)

Ստորև ներկայացված է բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման գինը: Այն հաշվարկվել է բաժանելով տվյալ ամսվա ներմուծման արժեքային և բնեղեն տվյալները, որից ստացվել է բենզինի գնի կիլոգրամի ներմուծման արժեքը ԱՄՆ դոլարով: Ստացված ցուցանիշը բաժանվել է բենզինի և դիզելի խտության վրա և բազմապատկվել տվյալ ամսվա միջին ԱՄՆ դոլար դրամ փոխարժեքով: Իհարկե ստացված ցուցանիշը ունի որոշակի ճշգրտության խնդիր, քանի որ նավթամթերքի խտությունը ըստ ջերմաստիճանի կարող է փոխվել ինչպես նաև պետք է հաշվի առնել դոլարի վաճառքի գինը ներքին շուկայում։ Սակայն այս ցուցանիշի դինամիկան հստակ պատկերացում կարող է տալ թե ինչքանով է տարբերվում նավթամթերքի գինը սահմանին, որը ձեռք են բերում մեր տնտեսվարողները և բենզինի գինը ներքին շուկայում։

Գծապատկեր 5. Բենզինի և դիզվառելիքի ներմուծման գինը

Դիտարկենք նաև նավթամթերքի ներմուծումը ըստ պետությունների։ Դիզելային վառելիքը 76 տոկոսը ներմուծվում է Ռուսաստանից, 10.2 տոկոսը Իրանից: Հետաքրքիրն այն է, որ ճիշտ է Իրանի ներքին շուկայում բենզինի լիտրը շատ ցածր գին ունի, այն Հայաստան ներմուծվում է գրեթե նույն գնով, ինչ Ռուսաստանից: Սա կարող է քաղաքական պատճառներ ունենալ, քանի որ Ռուսաստանից եկող նավթամթերքի գինը թանկ է, քանի որ բարձր են տրանսպորտային ծախսերը, իսկ Իրանի հետ մենք ունենք ուղիղ սահման:

Գծապատկեր 6. Բենզինի և դիզվառելիքի ներմուծման ծավալները ըստ ծագման երկրի

Վերջին գծապատկերում ներկայացված է բենզինի ներմուծման գնի և շուկայական գնի դինամիկան դիզելային վառելիքի և բենզինի համար: Ինչպես երևում է ներմուծման գինը և շուկայական գինը ունեն կախվածության մեծ աստիճան: Այսինքն` Հայաստանի ներքին շուկան բավականին մրցունակ է և չի կարող թելադրել ներքին գինը։ Այն գինը ինչ սահմանին տնտեսվարողը գնում է նավթամթերքը համեմատելի է այն գնին ինչ վճարում է սովորական քաղաքացուն։

Այստեղ ներքին շուկայի գինը հաշվարկվել է ըստ սպառողական գների ինդեքսի տվյալների բազայի, որը բազմապատկվել է 2023թ. հոկտեմբերի վերջին գրանցված ներքին շուկայի նավթամթերքի գներով։ Գծապատկերում ներկայացված երկու ցուցանիշն էլ՝ գինը սահմանին և ներքին շուկայում, ունեն սխալի աստիճան։ Սա է պատճառը, որ որոշ դեպքերում բենզինի գինը ներքին շուկայում ավելի ցածր է քան սահմանին։ Անկախ դրանից գծապատկերը հստակ ցույց է տալիս, որ նավթամթերքի գինը սահմանին ձևավորում է գինը ներքին շուկայում։

Շուկան մրցունակ է և արագ արձագանքում է սահմանին բենզինի գների փոփոխությանը: Բենզինի գինը կարգավորելու և այն իջեցնելու համար առաջին հերթին այն պիտի կարգավորվի սահմանին: Հայաստանը գտնվում է ԵԱՏՄ ընդհանուր շուկայում և ըստ ԵԱՏՄ համաձայնագրի պետք է գործի ընդհանուր էներգառեսուրսների շուկա: Բենզինի գնի համեմատաբար բարձր լինելը հիմնականում պայմանավորված է տրանսպորտային ծախսերով: Հնարավոր է բենզինի ներմուծումը դիվերսիֆիկացնել և այն ներմուծել Իրանից, որտեղից տրանսպորտային ծախսերը ավելի քիչ կլինեն, սակայն սա արդեն քաղաքատնտեսական և ենթակառուցվածքների ձևավորման հարց է։

Օգտագործված աղբյուրներ

  • Բենզինի և դիզելային վառելիքի գնի օրական տվյալների, ձևավորված 1in.am Յութուբյան ալիքի տեսանյութերի նկարներից
  • Վառելիքի թանկացման ամսական տվյալների բազան ըստ ՍԳԻ սկսած 2017թ․
  • վառելիքի ներմուծման ամսական տվյալների բազան ըստ 6-նիշ արտաքին տնտեսական գործունեության ծածկագրերի և պետությունների բոլոր տվյալների բազաները և գծապատկերների կոդը առկա է իմ Github-ում

Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ

Տնտեսագետ, Tvyal.com կազմակերպության ղեկավար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930