Գրող, հրապարակախոս , 9 վեպերի հեղինակ Աշոտ Աղաբաբյանի «Սեւ հովազ-1» գեղարվեստական վեպը պատմում է Արցախյան երեք պատերազմների ու մեր օրերն ընդգրկող ժամանակների մասին։ Այս վեպն առաջինն է, որում հեղինակն անդրադառնում է մեր ժամանակներին, գործող պրոֆեսիոնալի վկայությամբ ցույց է տալիս, թե ինչո՞ւ վերջին պատերազմում պարտվեցինք, եւ ամենակարևորը՝ ի՞նչ պետք է անել այսօր, հենց հիմա՝ իրավիճակը մեր օգտին փոխելու համար: Վեպը յուրօրինակ ուղերձ է բոլորին:
«Սեւ հովազ 1» գրքի շնորհանդեսից 20 օր հետո, ցավոք, կորցրինք Արցախը »,-ցավով նշեց Աշոտ Աղաբաբյանը։ Հեղինակի հետ հանդիպումը օրերս կայացավ Ավետիք Իսահակյան անվան կենտրոնական գրադարանում: Նա ասաց, որ վեպը երկհատոր է լինելու: «Սև հովազ 2»-ը հեղինակը խոստանում է տպագրության տալ երկու ամսից:
«Երբ կարդում ենք Աշոտ Աղաբաբյանի վեպերը, մասնավորապես այս վերջինը , հասկանում ենք , որ պատերազմը չի ավարտվել , մեր կռիվը աշխարհի հետ չի ավարտվել ։ «Սև հովազ 1»- ի հեղինակը վեպում բարձրաձայնում է հայ ժողովրդի գոյապայքարի, հայի ապրելու հավիտենական տենչանքի , ցավի , կորուստի , հաղթանակի մասին»,- նշեց բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գրականագետ Սամվել Մուրադյանը ։ Նա ասաց, որ սպասելու է «Սեւ հովազ-3»-ին:
Կարդացեք նաև
Ի դեպ, «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի հոկտեմբեր ամսվա տվյալներով, Աշոտ Աղաբաբյանի «Սև հովազ-1»-ը իբրեւ բեսթսելեր՝ զբաղեցրել է առաջին հորիզոնականը:
Մանե ՏԻԳՐԱՆՅԱՆ