«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 1837 ուսանողներ արդեն իսկ ներգրաված են ՀՀ պետական բուհերի՝ համապատասխան կամ հարակից կրթական ծրագրերում, համաձայն կառավարության որոշման: Ներկայումս ուսանողների կողմից ներկայացված եւ բուհերից մեր կողմից ստացված տվյալները նույնականացվում են միասնական սոցիալական ծառայության եւ Լեռնային Ղարաբաղից ստացված տվյալների հետ, որպեսզի արդեն մեկնարկենք կրթաթոշակների տրամադրման գործընթացը»,-ասաց Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ՀՀ Կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս:
Նա տեղեկացրեց նաեւ երկրորդ իրականացված միջոցառման մասին. ԿԳՄՍ նախարարության նոյեմբերի 14-ի հրամանով հաստատվել է բռնի տեղահանված անձանց մասնագիտական, հանրակրթական եւ բուհերի ավարտական փաստաթղթերի տրամադրման կարգը:
«Ներկայումս շրջանառության մեջ է նաեւ Լեռնային Ղարաբաղի կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցմամբ ՀՀ բուհերում սովորող ուսանողների ուսման վճարների փոխհատուցման կարգը: Այս իրավիճակում գտնվող անձինք կստանան փոխհատուցում»,-ասաց Հայոցյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ