Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կկարողանան դիմումներ ներկայացնել, որպեսզի իրենց կենսաթոշակը հաստատվի ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի համակարգում

Նոյեմբեր 21,2023 17:16

«Այսօր ԱԺ-ում հրատապ ռեժիմով կառավարությունը ներկայացրեց նախաձեռնություն, որը կապված էր Պետական կենսաթոշակների մասին օրենքում եւ Պետական նպաստների մասին օրենքում փոփոխություններ կատարելու հետ: Առաջին ընթերցմամբ փաթեթն ընդունվել է, երկրորդ ընթերցմամբ քվեարկությունը ամենայն հավանականությամբ կլինի վաղը: Այս փաթեթի ընդունումը հնարավորություն է տալու կառավարությանը լիազորություն ունենալ ընդունել այն ընթացակարգերը, որոնք հնարավորություն կտան մեր Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին դիմել եւ առանց նոր կենսաթոշակի նշանակման գործընթացների՝ վերականգնել իրենց կենսաթոշակի իրավունքը:

Դրա հիման վրա նրանք կկարողանան ստանալ հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների համար կուտակված կենսաթոշակները միանվագ կերպով»,-ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը՝ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին կառավարության «Հումանիտար կենտրոն»-ի կողմից ցուցաբերվող աջակցության աշխատանքների ընթացքը ներկայացնելիս:

Նա հայտնեց, որ օրենքի ընդունումից հետո նախատեսվում է Կառավարության հաջորդ նիստին ընդունել մյուս ընթացակարգերը, ինչի հիման վրա Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կկարողանան դիմումներ ներկայացնել, որպեսզի իրենց կենսաթոշակը հաստատվի ՀՀ կենսաթոշակային հիմնադրամի համակարգում, եւ ՀՀ կենսաթոշակների ու նպաստների չափերին համապատասխան եւ կարգով՝ շարունակվեն վճարվել կենսաթոշակներն ու նպաստները:

Փոխնախարարն ասաց, որ շահառուները պետք է պարտադիր ներկայացնեն դիմումներ, ինչի համար մշակվում է առցանց հարթակ: Հավելեց նաեւ, որ նրանք պետք է ունենան ՀՀ հասցեով հաշվառում:

Դավիթ Խաչատրյանը Արցախից բռնագաղթածներին հորդորեց անպայման հաշվառվել, իսկ բնակարանների սեփականատերերին հանգստացրեց, որ դա չի կարող կապ ունենալ իրենց սեփականության իրավունքի հետ եւ ընդամենը հաշվառում է, որը մեր հայրենակիցների բնակության վայրի հասցեի հետադարձ կապի միջոց է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930