Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը «Հայելի» ակումբում ասաց, որ «արեւմտյան Ադրբեջան» տերմինը Ադրբեջանի ամբողջ պետական ապարատում եւ քարոզչական դաշտում դրվել է դեռեւս 2020 թվականի պատերազմից հետո, չնայած, Ալիեւը դրանից առաջ էլ Հայաստանը ամբողջապես իրենց «պատմական տարածք» է համարել:
«Ադրբեջանի նպատակները շատ պարզ են, անգամ կույրը կարող է դա տեսնել: Խոսելով «արեւմտյան Ադրբեջանի» մասին՝ Ալիեւը պատկերացնում է մի քանի սցենար. Հայաստանը պետք է բաժանված լինի 20 մարզերի: Իրենք ունեն դրա համար պաշտոնական կայք, որտեղ Հայաստանը բաժանված է մարզերի, որոնց մեջ մտնում է 40 վարչական շրջան:
Այդ կայքում իրենք գրում են, թե ուզում են խաղաղ վերադարձ, բայց ունեն հստակ պահանջներ: Դրանցից մեկն այն է, որ քանի որ իրենք չունեն վստահություն Հայաստանի Հանրապետության իշխանության նկատմամբ առհասարակ, իրենք կպահանջեն, որ միջազգային որեւէ ներկայություն լինի եւ որ այդ ներկայությունը պետք է լինի ադրբեջանական համայնքի սրտով: Եթե սա ավելի բաց ներկայացնեմ, Թուրքիա կամ Իսրայել, որովհետեւ վերջին հինգ տարում Ադրբեջանն այս երկու պետությունների հետ ունի սերտ հարաբերություններ:
Ադրբեջանանական կողմը պահանջում է նաեւ, որ «արեւմտյան Ադրբեջան» կոչվածում տեղակայված միջազգային ուժերը այնքան մնան, մինչեւ ադրբեջանական համայնքը իրեն զգա ապահով: Այսինքն, Ալիեւն ուզում է Արցախի հակամարտության նույն սցենարը պրոյեկտել Հայաստանի վրա՝ փոքր շրջանների համատեքստում: Այնպես որ, «արեւմտյան Ադրբեջան» կոչեցյալի ամբողջ քարոզչությունը նպատակ ունի ամբողջ Հայաստանը կործանելու:
Կարդացեք նաև
Այս հարցում խաղաղության դարաշրջան, խաղաղության խաչմերուկ կամ խաղաղության պայմանագիր գաղափարները, որ անընդհատ տարբեր ձեւերով տրանսֆորմացիայի են ենթարկվում, հենց սա իրականացնելու նպատակ ունեն: Այսինքն, Հայաստանում ունենալ առնվազն 100 հազար ադրբեջանցի, թեեւ իրենք խոսում են մեկ միլիոնի մասին:
Բայց այստեղ էլ մի հարցական կա: Արդյո՞ք, այդ մարդիկ իրոք այն մարդիկ են, որոնք գնացել են այստեղից: Մտավախություն ունեմ, որ դրանց մի մասը կարող են լինել ահաբեկիչներ, եւ այդ ահաբեկիչները Հայաստանում հինգ-տասը տարի հետո գործողություններ պետք է իրականացնեն: Կամ ամբողջ Հայաստանի ներքաղաքական կարգը պիտի փոխեն: Կամ, արդյո՞ք այդ մարդիկ իրականում կլինեն ադրբեջանցիներ, թե թուրքեր: Սա ասում եմ, որովհետեւ թուրքական կողմը ավելի շատ հակված է Հայաստանը քաղաքական առումով գրավել: Այսինքն, ռազմականն անում է Ադրբեջանի ձեռքով, իսկ քաղաքական առումով ուզում է տեղում ամեն բան իր ձեռքը վերցնել»,-ասաց փորձագետը:
Գառնիկ Դավթյանի համոզմամբ, այս ամենը անտեսելը, դրա վտանգները չտեսնելը եւ դրա օգտին անհեռատես, միտումնավոր քաղաքականություն վարելը ուղղակի բերելու է Հայաստանի պետականության կործանման:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ