Լրահոս
Օրվա լրահոսը

«Քո տերերը թույլ էին տվել, որ թուրքերը Վազգեն Սարգսյանի արձանի վրա միզեն», «Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք»․ Ավինյանը չկարողացավ զսպել ավագանու կին անդամներին․ նիստն ընդհատվեց

Նոյեմբեր 21,2023 16:41

Երեւանի ավագանու այսօրվա նիստում «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանը մայրաքաղաքում մի քանի փողոցներ անվանափոխելու հարցի վերաբերյալ ասաց․ «Եռաբլուր հասնող փողոցները՝ Շահումյանի 6-րդ փողոցի նրբանցքով ու փակուղով եւ Շահումյանի 5-րդ փողոցը պետք է կրեն ՀՀ եւ Արցախի համար մահ իմացյալ ընդունած տղաների անունները»։

Ավագանու նիստում նախագծով առաջարկվում է Շահումյանի 4-րդ փողոցը՝ նրբանցքներով անվանակոչել արձակագիր, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյանի անվամբ, Շահումյանի 5-րդ փողոցը, որը սկսվում է Ծերենցի փողոցից, հասնում՝ Եռաբլուր, անվանակոչել արձակագիր, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի անվամբ, Շահումյանի 6-րդ փողոցը` նրբանցքով եւ փակուղով, որը կրկին ձգվում է մինչեւ Եռաբլուր պանթեոն, անվանակոչել բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի անվամբ, իսկ Շահումյանի 7-րդ փողոցը՝ նրբանցքով անվանակոչել արձակագիր, դրամատուրգ Աղասի Այվազյանի անվամբ։

«Մայր Հայաստան» խմբակցության անդամ Նարինե Հայրապետյանն իր ելույթում ասաց, որ ՔՊ-ի քաղաքային իշխանությունը ձեւական է Եռաբլուր այցելում․ «Նրանց շնորհիվ երեք անգամ շատացել է Եռաբլուրի հերոսների շիրիմները, նրանց հաճո չէ հարակից փողոցները հերոսների անուններով կոչել, քանի որ դա իրենց՝ ամեն գնով խաղաղությանը գնալու որոշմանը դեմ քայլ է ու իրենց եղբայր թուրքերին ոչ հաճո»։

«Մայր Հայաստանը» նշված փողոցներն առաջարկեց անվանակոչել 2016-ին քառօրյա պատերազմում զոհված Ռոբերտ Աբաջյանի, Քյարամ Սլոյանի անունով։

«Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանն էլ արձագանքեց Նարինե Հայրապետյանին․ «Այս ամբիոնը պետք չէ օգտագործել մանկական երազանքներում ասմունքելու համար, այն էլ անորակ բանաստեղծություններ»։

Հայրապետյանը տեղից հակադարձեց՝ եթե տեղյակ չեք, թե ով է, գնացեք կարդացեք, անգրագետներ։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը Հայրապետյանին փորձեց ընդհատել, քանի որ նա տեղից էր խոսում, Ավինյանն ասաց, որ նրա բուռն եւ սուր ելույթի ժամանակ որեւէ մեկը տեղից չէր արձագանքում։ Հայրապետյանը շարունակում էր տեղից խոսել, միջամտեց Անի Խաչատրյանը, տեղից ռեպլիկ արեց, նրանց միջեւ կարճ վիճաբանություն եղավ։

Ընդմիջումից հետո Անի Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Հայրապետյանին եւ Մանուկ Սուքիասյանին․ «Մտածում էի՝՝ ո՞ր Մանուկին եմ պատասխանելու՝ «Արմատի» Մանուկին, ՀԱԿ-ի Մանուկին, «Առաքելության» Մանուկին, ԲՀԿ-ի Մանուկին, թե՞ «Հանրապետություն» եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների դիմաց պաշտոնի հերթ կանգնած քաղաքական կերպարով Մանուկին։ Այս բոլոր մանուկներին, «Մայր Հայաստան»-ի թամադային ուզում եմ հիշեցնել. որ «Հանրապետություն» կուսակցության քաղաքական ուղին ավելի երկար է, քան ձեր թիմի քաղաքական հայրերի բոլորի կենսագրությունը միասին վերցրած: Այս ամբիոնը թուլության ու անկարողության արցունքներով ողողելու փոխարեն՝ համարձակություն ունեցեք կանգնել ՀՀ քաղաքացու դիմաց եւ պատասխան տալ՝ ինչո՞ւ էր ձեր քաղաքական թիմը Հանրապետության հրապարակում փորձում վիժեցնել ՀՀ անկախությունը, ինչո՞ւ էին ձեր քաղաքական հայրերը ռուսական ռուբլիով սնվող եւ ինքնաթագադրումով զբաղվող որպես հյուսիսային Z արբանյակներ խաղում, ինչո՞ւ էին ձեր տերերը սեփական ժողովրդից նեղացած, աբիժնիկ վիճակում ռուսական հեռուստաալիքներում ՀՀ անկախությունը վաճառում»:

«Որովհետեւ քո տերերը թույլ էին տվել, որ Վազգեն Սարգսյանի արձանի վրա թուրքերը միզեն, այ դա քո տերերն են թույլ տվել։ Չափդ ճանաչի՛»,-տեղից այսպես արձագանքեց «Մայր Հայաստանից» Սոնա Աղեկյանը՝ Խաչատրյանին: Իսկ Խաչատրյանը Աղեկյանին պատասխանեց․«Կոյուղաջրերի թագուհի, դուք հետո կխոսեք»։

Ապա Նարինե Հայրապետյանը տեղից վեր կացավ ու սկսեց բղավելով հակադարձել Խաչատրյանին, նիստում «Մայր Հայաստան» եւ «Հանրապետություն» խմբակցության անդամները սկսեցին իրար վրա բղավելով ինչ-որ բաներ ասել։ Տիգրան Ավինյանը հրահանգեց բոլորի խոսափողներն անջատել, սակայն աղմուկն ու բղավոցները շարունակվում էին, Ավինյանը հրահանգ տվեց ուղիղ եթերն անջատել։

Որոշ ժամանակ նիստը ընդմիջելուց հետո կրկին եթերը միացավ, ու Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ ցավում է, որ նման միջադեպ է տեղի ունեցել նիստում․ «Ինձ մեղավոր եմ համարում, որ չեմ կարողացել դա կանխել` որպես նիստը վարող»։

Նա հայտարարեց, որ ավագանու նիստը կշարունակվի վաղը առավոտյան։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930