«Փաստացի մենք այս ընթացքում հասկացանք, որ մայիսի 8-ից սկսված դատաքննության նախնական դատալսումների էությունն այն է, որ որքան հնարավոր է շատ կալանքի տակ պահել Գրիգորի Խաչատուրովին»,- «Գրիգորի Խաչատուրովի «գործը»՝ որպես դատական համակարգի համար լակմուսե թուղթ» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը։
Նա մտահոգություն հայտնեց՝ այս ընթացքում՝ շուրջ 6 ամիս ոչ մի դատավարական գործողություն չի կատարվել․ «6 ամսից ավելի ընթանում են նախնական դատալսումներ։ Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հարցերի հաջորդականության առաջին կետից առաջ չենք գնացել»։
Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերի վերլուծությանը՝ նա ասաց․ «Սերգեյ Մարաբյանը որոշում էր կայացրել գործի քննությունը հետաձգել և ՍԴ դիմել մի շարք հարցերով։ Նա նշել է, որ մեր պնդումներն ակնհայտ անհիմն չեն։ Դատարանը պետք է պատասխան տա՝ սա հանցա՞նք է, թե՝ ոչ, բայց գոնե ակնհայտության տեսանկյունից արարքը պետք է պարունակի հանցակազմ։ Վերաքննիչ դատարանի մոտեցմամբ էլ է ակնհայտ եղել այն հանգամանքը, որ նկարագրված արարքում փողերի լվացում չկա։ Իսկ մենք նախորդ անգամներում ասել ենք, թե ինչու է որակվել փողերի լվացում, որովհետև դա միակ արարքն է, որը առանձնապես ծանր հանցագործություն է համարվում, իսկ դրա համար քրեական պատասխանատվությունից ազատվելու վաղեմության ժամկետն ամենաերկարն է։ Մեղսագրվող արարքը 2009-ի փետրվարի 16-ով է թվագրված»։
Փաստմանը՝ 6 ամիս որևէ դատավարական արժեք ունեցող գործողություններ տեղի չեն ունեցել և հարցին՝ արդյոք ՄԻՊ-ին, ՀՀ-ում գտնվող միջազգային տարբեր կառույցների դիմե՞լ եք, նրանք երբևէ հետաքրքվե՞լ են այս գործով, փաստաբանը պատասխանեց․ «Եթե ես իմ տեսակետը ներկայացնեմ՝ էական փաստացի գործողություններ չակերտավոր արվել են․Գրիգորի Խաչատուրովին ապօրինի կալանքի տակ պահելն է։ Հանգամանքները մենք միշտ լուսաբանել ենք, սկզբունքային առումով մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող շահագրգիռ անձինք հետաքրքրություն ցուցաբերել են, իրենց գործողությունների ընթացքում այդ մասին լուսաբանել են, որոշակի տարածվածություն ապահովել։ Բայց ինչ-որ հանրային, կառավարական կամ այլ մարմիններից ինքս որևէ արձագանք չեմ ստացել։ Չեմ էլ ակնկալում, քանի որ այն, ինչի մասին խոսում ենք, ներքին կիսահակասությունների մասին է վկայում նույնիսկ դատական համակարգում։ Առաջին ատյանի դատարանը ուղղակի չի կատարում վերադաս դատարանի կողմից կատարված որոշումները»։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ չի դիմել ԵՄ դեսպանին, որովհետև եվրոպական կառույցների վերահսկողությունը մեր դատական իրավական համակարգի նկատմամբ կոնկրետ ուղենշված է․ «Պետք է սպառել ներպետական իրավունքի պաշտպանության միջոցները, հետո դիմել Եվրոպական դատարան որոշակի աջակցություն ստանալու, իրավիճակը ներկայացնելու առումով։ Ենթադրել եմ, որ իմ ձեռքի տակ եղած միջոցները պիտի սպառեմ, հետո դիմեմ վերաբերելի կառույցներին։ Քանի որ մինչ այժմ չենք ունեցել որոշում, որը հնարավոր լինել Եվրոպական դատարան բողոքարկելու»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ