Լրահոս
Օրվա լրահոսը

Հայր եւ դուստր Ոսկանյանները հանդգնել են եւ ամբողջացրել Կոմիտասի «Անուշը»

Նոյեմբեր 21,2023 16:08

Հայտնի է, որ Կոմիտասի՝ Թումանյանի «Անուշ» պոեմի հիման վրա համանուն օպերան, որի ստեղծմանը Վարդապետը ձեռնամուխ է եղել 1904թ., անավարտ է մնացել։ Հայտնի է նաեւ, որ պահպանվել է 1903թ. հրատարակված պոեմի օրինակը, որի լուսանցքներում Կոմիտասի ձեռքով արված նշումներ են։ Իսկ մեծ հաշվով՝ մեր օրեր են հասել հեղինակի ձեռքով գրված այս օպերայի 27 թերթիկներ։

Կան օրինակներ, երբ արժեքավոր, բայց անավարտ մնացած գործերը տեւական ժամանակ անց ավարտին են հասցվել այլ հեղինակների կողմից։ Օպերային ռեժիսոր Տիգրան Լեւոնյանը ժամանակին դիմել է կոմպոզիտոր Էդգար Հովհաննիսյանին՝ կոմիտասյան «Անուշը» լրացնելու, ամբողջացնելու առաջարկով։ Բայց անվանի կոմպոզիտորը մերժել է, պատճառաբանելով, թե դա շատ հանդուգն քայլ կլինի։ Եվ այդ հանդուգն քայլին մեր օրերում դիմել է կոմպոզիտոր Արզաս Ոսկանյանը, ինչի արդյունքում վերջերս Հայաստանի կոմպոզիտորների միությունում առաջին անգամ հնչեց Կոմիտասի  «Անուշ» օպերան։ Եվս մեկ հանդուգն քայլի մասին էլ փաստենք. սովորաբար նման ստեղծագործությունների վրա աշխատանքը սկսվում է լիբրետոյից, որի հեղինակը «Պատարագ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար եւ խմբավար Մարգարիտ Ոսկանյանն է։ Նա նաեւ մի քանի նորամուծություններ է արել. գլխավոր դերերգերի՝ սոպրանոյի, տենորի, բարիտոնի պարտիաներից բացի, նոր «կերպար» է ներգրավել՝ ասմունք, որը կապող օղակ է հանդիսանում երաժշտական համարների միջեւ։ Առանձին մի թեմա է նվագակցությունը, բայց դա թողնենք երաժշտագետներին։ Միայն նշենք, որ մոնոդիկ շարադրանքով, իհարկե՝ կոմիտասյան մասունքներից ծաղկաքաղ անելով, ստեղծված էր գեղջկական միջավայրին բնորոշ հնչողություն։

Հուսանք, որ մի օր Կոմիտասի այս «Անուշը» կտեսնենք բեմական կերպարանք ստացած։ Բայց օպերայի նման համերգային տարբերակից հետո կարելի է պատկերացում կազմել, թե ինչպես է Վարդապետը պատկերացրել օպերայի բեմական մարմնավորումը, երաժշտական դրամատուրգիայի զարգացումը, գործիքավորումը, գեղարվեստական ձեւավորումը եւ այլն։ Մինչ օրս բազմիցս լսել ենք, թե Կոմիտասն իր «Անուշով» սկիզբն էր դնում հայ ազգային օպերայի, որն այդպես էլ ավարտին չհասցվեց։ Բայց հիմա կարող ենք ասել, որ Կոմիտասի անավարտ այս գործը հայր եւ դուստր Ոսկանյաններն ամբողջացրին մեզ հասած պատառիկներից։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում՝ Արզաս եւ Մարգարիտ Ոսկանյանները «Պատարագ» երգչախմբի հետ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930