Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Դա ոչ թե կդառնա «Խաղաղության պայմանագիր», այլ դրա անունը կարելի է դնել «Նոր կորուստների եւ Հայաստանի տապալման մասին պայմանագիր». Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 21,2023 15:42

Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ պատգամավորներին բաժանեցին «Խաղաղության խաչմերուկի» քարտեզները, դուք դրա մեջ բովանդակություն տեսնո՞ւմ եք, թե՞ զուտ փաթեթավորումն է փոխվել «Խաղաղության դարաշրջանի»՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «2021-ի նախընտրական քարոզարշավին իշխանությունն օգտագործում էր «խաղաղության դարաշրջան» ձեւակերպումը, դրանից հետո՝ «խաղաղության օրակարգը, «հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը», հիմա էլ «Խաղաղության խաչմերուկը»: Այսինքն, ձեւակերպումները բրենդավորվում են, բայց իրավիճակը դրանից չի փոխվում հատկապես երկու առումով: Առաջինը՝ մենք այս երեք տարիների ընթացքում ականատես ենք լինում հայկական շահերի տրորմանը՝ մարդկային ու տարածքային կորուստներով, Հայաստանի ինքնիշխան տարածքի եւ Արցախի Հանրապետության: Եվ երկրորդ փաստը՝ իրավիճակը դրանից խաղաղ կարգավորման առումով չի փոխվում»:

Տիգրան Աբրահամյան

Հարցին՝ մինչեւ տարվա վերջ խաղաղության պայմանագիր կստորագրվի՞՝ Տիգրան Աբրահամյանը պատասխանեց. «Դա կապված է նրանից, թե կողմերը ինչին կհամաձայնեն ու ինչ փոխզիջման կհասնեն: Այն, ինչ տեսնում եմ ես Ադրբեջանի կողմից, դա առավելապաշտական մոտեցումներ են եւ եթե դրա պայմաններում փաստաթուղթ կնքվի, դա ոչ թե կդառնա «Խաղաղության պայմանագիր», այլ դրա անունը կարելի է դնել «նոր կորուստների եւ Հայաստանի տապալման մասին պայմանագիր»:

Խոսելով ճանապարհների ապաշրջափակման մասին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց. «Նոյեմբերի 9-ի փաստաթղթով սահմանվել է, որ այն երթուղին, որը պետք է անցնի, դրա անվտանգությունը իրականացնելու են ռուսական համապատասխան ծառայություները: Հիմա Նիկոլ Փաշինյանը գնացել, ստորագրել է փաստաթուղթ, եռակողմ հայտարարության մասին է խոսքը, հիմա եկել, ասում է՝ գիտեք, ես դրա հետ կապ չունեմ: Հարցն այն չի, թե որն է լավ, որը՝ վատ: Բնականաբար, լավ կլինի, որ ցանկացած երկիր ինքը վերահսկի իր տարածքով անցնող երթուղիները, բայց խնդիրն այն է, որ իրենք գնում են փաստաթղթեր են ստորագրում, պայմանավորվածություն են ձեռք բերում, դրանից հետո գալիս են, որոշում են փոխում: Սա ունենում է տարբեր քաղաքական հետեւանքներ: Դրա համար իշխանությունը չպետք է գնա փաստաթղթեր ստորագրի, հետագայում դրանից հրաժարվի»:

Հարցին՝ եթե իշխանություն փոխվի, հայկական կողմը կարո՞ղ է պնդել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մենք չենք ստորագրել, հետեւաբար, ճանապարհների վերահսկողությունը ռուսական կողմին տալ պարտավոր չենք՝ նա պատասխանեց. «Կան իրադարձություններ, որոնք ստիպված ենք սկսել այն կետից, որը փաստաթղթավորված կա: Եթե իշխանություն է փոխվում, մենք ունենք փաստացի իրավիճակ, որ Արցախն ամբողջությամբ արդեն իսկ օկուպացված է, ՀՀ մեծ թվով բնակավայրեր օկուպացված են ու բնակաբար դու չես կարող ասել, որ պատերազմը եղել է այս իշխանության ժամանակ եւ մենք ուզում ենք սկսել լրիվ այլ կետից: Բնականաբար, դա չի կարող տեղի ունենալ: Այլ բան է, որ Հայաստանում նորմալ իշխանության ձեւավորման պարագայում պարզապես հնարավորություն է բացվում եղած իրողությունները շրջել դեպի քեզ եւ փորձել առավելագույն ձեւով ներկայացնել ՀՀ շահերը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930