Լրահոս
Օրվա լրահոսը

Կամրջից նետված երիտասարդի մասին թելագրամում գրել էին, որ նույնասեռական է, ծնողները վռնդել էին, գործատուն՝ հեռացրել աշխատանքից. Փինք ՀԿ-ի գործադիր տնօրեն

Նոյեմբեր 21,2023 15:36

Նոյեմբերի 14-ին 17-ամյա Խ․Ս․-ն նետվել էր Դավթաշենի կամրջից եւ ինքնասպան եղել։ Լուրը հաստատել են ոստիկանությունից։ Քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանություն հասցնելու հոդվածով, իրականացվում է քննություն։

«Հերթական ցավալի դեպքն է տեղի ունեցել: Նման դեպքեր լինում են ամեն տարի, սակայն որոշների հետ կապված հանրային տեսանելիությունն ավելի բարձր է լինում: Այս դեպքի հանգամանքների հետ կապված հիմնական տեղեկատվությունը եւս հասանելի է եղել; Մենք մեդիայից ենք տեղեկացել կատարվածի մասին, ինչպես նաեւ անձի ընկերներից»,-Մեդիա կենտրոնում կայացած «17-ամյա երիտասարդի սեռական կողմնորոշումը՝ ինքնասպանության պատճա՞ռ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Փինք ՀԿ-ի գործադիր տնօրեն Հռիփսիմե Կիզոգյանը:

Հռիփսիմե Կիզոգյան

Նրա խոսքով. «Գլխավոր հանգամանքներից մեկը եղել է այն, որ անձի սեռական կողմնորոշման վերաբերյալ եղել են հրապարակումներ թելեգրամում: Թելեգրամ խումբ կա, որը պարբերաբար հրապարակել է անձանց նկարները, իրենց սոցիալական տարբեր հարթակների էջերը: Անձանց թիրախավորել են՝ նշելով, որ չեն համապատասխանում ավանդական արժեքների տեր հայի կերպարին, կամ իրենց որոշ հատկանիշներով դուրս են մնում ընդունված կերպարներից: Ինքնասպանություն գործած երիտասարդի դեպքում նշվել էր, որ նա նույնասեռական է, ու այս հրապարակումը բավականին շատ տարածվել էր հենց անձի ծանոթների, ընտանիքի շրջանում:

Մենք իր ընկերներից տեղեկացել ենք, որ հրապարակված գրառման արդյունքում իրեն տանից դուրս են արել, դրանից հետո անձին նաեւ աշխատանքից են հեռացրել; Փաստացի անձը մնացել է առանց ծնողների, հարազատների աջակցության, նաեւ ֆինանսական աջակցությունից էր զրկվել: Մամուլից եւ ընկերների պատմածից տեղեկացել ենք, որ անձը բավականին լարված հարաբերություններ է ունեցել հենց իր ծնողների հետ: Ծնողները, հիմք ընդունելով հրապարակումը, որտեղ խոսվում էր անձի նույնասեռական լինելու մասին՝ նրան էլ ավելի շատ ճնշումների են ենթարկել:

Ցավալի է, որ մարդը հնարավորություն չի ունեցել աջակցություն ստանալ այն հիմնական օղակներից, որտեղից սովորաբար աջակցություն են ստանում: Նա ճնշված վիճակում է գտնվել, որից հետո ինքնասպանություն գործելու որոշում է կայացրել»:

Փինք ՀԿ գործադիր տնօրենի խոսով, նման դեպքերում, բարդ է լինում անձանց ծնողների հետ կապի դուրս գալը, ինքնասպանություն գործած երիտասարդի ընկերների պատմելով, իրենց անգամ հոգեհանգստյան արարողության մասին ոչինչ չեն ասել:

Լուիզա Վարդանյան

Փաստաբան, իրավապաշտպան Լուիզա Վարդանյանի խոսքով. «Սեռականության հետ կապված հարցերը հիմնականում մեդիայում շահարկվում են վատ եւ ատելության խոսք տարածելու տեսանկյունից: Շատ կարեւոր է, որ դրան զուգահեռ նաեւ տեղեկատվությունը տարածվի թեմային եւ իրավական կարգավորումներին տիրապետող մասնագետների կողմից:

Երբ հանցագործություն է տեղի ունենում, տուժողներն ունենում են իրավահաջորդներ, որոնք պետք է հետագայում իրացնեն նրանց իրավունքները: Ոստիկանությունը, քննչական մարմինները բոլոր տեղեկությունները տրամադրում են տուժողի իրավահաջորդներին: Այս պարագայում, երբ գործ ունենք ընտանեկան բռնության եւ դրա հետեւանքով ինքնասպանության դեպքի հետ, որը տարածված վարկածներից մեկն է, կարիք է առաջանում, որ այլ անաչառ անձինք ներգրավեն գործին, որպեսզի կարողանան այնպես կազմակերպել գործընթացը, որ օրինակ միջնորդություններ կամ իրավապահ մարմիններին դիմումներ ներկայացնեն, որպեսզի ընտանեկան բռնության հանգամանքը չանտեսվի: Նման անաչառ մասնակիցներ կարող են հանդիսանալ ՀԿ-ները կամ լրատվամիջոցները, սակայն իրավապահ մարմինները թույլ չեն տալիս ՀԿ-ներին ներգրավել գործերում, մերժում են տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ նրանց հարցումները»:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները Մեդիա կենտրոնի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930