Մեզ համար սկզբունքային է, եւ մենք նաեւ նախագիծ ենք բերում, որպեսզի Երեւանի ավագանու նիստերում առհասարակ չլինեն չզեկուցվող հարցեր։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ազգային առաջընթացից» Իզաբելլա Աբգարյանը։
Այսօր ավագանու նիստում բավականին երկար քննարկվեց եւ քննադատվեց, որ ավագանու նիստում չզեկուցվող հարցերում ընդգրկվում են կարեւոր որոշումներ։
«Մենք համարում ենք, որ ավագանին Երեւանի խորհրդարանն է, դա գործադիր մարմին չէ, եւ չի կարող լինել որեւէ հարց, որը չլինի հրապարակային։ Օրենքն էլ ամրագրում է՝ Երեւանի ավագանու նիստը պետք է անցկացվի հրապարակայնորեն։ Դա չի նշանակում, որ հարցերի կեսը պետք է հրապարակվի, կեսը՝ ոչ։ Ուստի մեզ համար սա սկզբունքային է։ Այսօր տեսանք, որ օրակարգում կրկին կան չզեկուցվող հարցեր։ Այդ հարցից է կախված՝ եթե որոշում կայացվի, որ բոլոր հարցերը դառնան զեկուցվող, կշարունակենք մասնակցել, եթե ոչ՝ կբոյկոտենք»։
Նա ասաց, որ սկզբում չզեկուցվող հարցերը տեխնիկական բնույթի հարցեր էին, հետո այդ պրակտիկան փոխվեց, բերում են այնպիսի հարցեր, որոնք օրինակ` հողի նշանակության փոփոխմանն են վերաբերում, որը շատ կարեւոր հարց է։
Կարդացեք նաև
Աբգարյանը վստահեցրեց՝ խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մտադրություն չունի մանդատը վայր դնել․ «Նա շատ ակտիվ աշխատում է։ Մենք պատրաստվում ենք բյուջեի հետ կապված մեր առաջարկություններով հանդես գալ, այդ առումով Հայկ Մարությանը ակտիվ է աշխատել»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ