Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը նոյեմբերի 20-ին Թուրքիայի մեջլիսի բյուջետային պլանավորման հանձնաժողովում արտգործնախարարության 2024-ի բյուջեի վերաբերյալ քննարկումների ընթացքում անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից «Քավալա-Դեմիրթաշ» դատական գործի շրջանակներում կայացված որոշմանը:
Ֆիդանը Թուրքիայի՝ ՄԻԵԴ-ի որոշումները կյանքը չկոչելու վերաբերյալ հնչած քննադատություններին ի պատասխան՝ ասել է․
«Քաղաքականացված դատական գործերը քաղաքական պատասխան են ստանալու»:
Նա նաև նշել է, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ զրույցում ընդգծել է, որ Թուրքիան ՄԻԵԴ-ի որոշումների կյանքի կոչման տեսանկյունից ավելի առաջատար դիրքերում է քան անդամ այլ երկրներ:
Կարդացեք նաև
Իսկ «խորհրդանշական» դատական գործերի հետ կապված (խոսքը վերաբերում է «Քավալա-Դեմիրթաշ» գործին ևս) Ֆիդանն ասել է, որ դրանք մինչև դատարան մտնելը նախապես եվրոպական երկրների մայրաքաղաքներում քաղաքականացված և Թուրքիայի ներքին քաղաքականությանը միջամտելուն միտված դատական գործեր են:
Հիշեցնենք, որ 2021- դեկտեմբերի 3-ին ԵԽ նախարարների կոմիտեն որոշել էր Թուրքիայի դեմ «խախտման ընթացակարգ» սկսել 2013-ին Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Գեզի այգում տեղի ունեցած ցույցերի ընթացքում ձերբակալված Օսման Քավալային և «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշին ազատ արձակելու վերաբերյալ ՄԻԵԴ-ի վճիռները չկատարելու համար։ Նշվել էր նաև, որ դրանց ի կատար չածման պարագայում Թուրքիան կարող է դուրս թողնվել ԵԽ-ից:
Թուրքիայի ԱԳՆ-ն էլ «դատական համակարգին միջամտություն» էր որակել այդ որոշումը, իսկ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել, որ ԵՄ որոշումներն իրենց համար առ ոչինչ են և վեր չեն Թուրքիայի դատական իշխանության որոշումներից։