Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ բազմամիլիոնանոց գույք են նվիրում միմյանց, պետք է գործարքն ուսումնասիրվի»․ անշարժ գույքի նվիրատվության գործարքները պարտադիր նոտարական վավերացում կանցնեն

Նոյեմբեր 21,2023 15:00

ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց ու առաջին ընթերցմամբ ընդունվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը։ Արդարադատության նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը (լուսանկարում), ներկայացնելով նախագիծը, ասաց, որ գործող կարգավորումների համաձայն՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցման ուղղված գործարքները ենթակա են նոտարական վավերացման, բացառությամբ, եթե դրանք կնքվում են կառավարության կողմից սահմանված օրինակելի ձեւերով, որի դեպքում գործարքը կարող է կնքվել Կադաստրի կոմիտեում։

«Հայաստանում 2020-2023 թվականներին գրանցված առք ու վաճառքի եւ նվիրատվության, ինչպես նաեւ գրանցված բոլոր գործարքների վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրությունը վկայում է, որ նվիրատվության գործարքների քանակի տեսակարար կշիռը գործարքների թվում զգալիորեն աճել է՝ իր հետ բերելով նվիրատվության գործարքների ռիսկայնության բարձրացմանը։ Օրինակ՝ նվիրատվության գործարքների դեպքում առկա է գործարքի իրական նպատակը թաքցնելու, այն է՝ առք ու վաճառքի գործարքը նվիրատվության գործարքի միջոցով քողարկելու ռիսկ։ Հետեւաբար, նախագծով առաջարկում ենք կատարել փոփոխություն՝ անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար սահմանելով նոտարական վավերացման պարտադիր պահանջ՝ առանց բացառության։ Բանն այն է, որ նվիրատվության պայմանագիրը Կադաստրի կոմիտեում կնքելու դեպքում Կադաստրի կոմիտեն չունի պարտավորություն եւ իրավասություն՝ պարզելու պայմանագրի կողմի իրական կամքը։ Նոտարի կողմից վավերացվող պայմանագրերի դեպքում նոտարը նոտարական գործողություններ իրականացնելիս պարտավոր է անձանց օգնություն ցույց տալ, զգուշացնել նոտարական գործողությունների կատարման հետեւանքների մասին, որպեսզի անձի իրավական անտեղյակությունը չօգտագործվի ի վնաս իրեն։ Եվ տվյալ պարագայում ամենակարեւորը՝ նոտարը կարող է ստուգել գործարքների բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը»,- ասաց փոխնախարարը։

Նա հավելեց, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նաեւ Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքի պահանջների առավել արդյունավետ կատարմամբ։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց․ «Այսինքն՝ ի՞նչ տարբերություն, քաղաքացին կադաստրում է նվիրատվություն անում, թե՞ նոտարի մոտ։ Նոտարը բացատրում ասում է՝ եթե այլ միտք ունես, մի արա՞։ Այսինքն՝ այս կարգավորումը ոչինչ չի փոխելու, ավելի լավ չէ՞ պատճառները փնտրել ու գտնել, թե մարդիկ ինչո՞ւ են նվիրատվություն անում, նպատակը ո՞րն է»։

Արա Մկրտչյանն ասաց, որ համաձայն չէ այդ կարծիքի հետ․ «Նոտարը եւ Նոտարիատի մասին, եւ Փողերի լվացման ու ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին օրենքներով ունի ուղղակի պարտավորություն՝ ուսումնասիրելու ինչպես հաճախորդին, այնպես էլ գործարքը։ Այսինքն՝ պարզելու տվյալ գործարքի իրական նպատակը։ Եվ այս պարագայում նման ռիսկերը կառավարելը շատ ավելի արդյունավետ կլինի»։

«Նոտարն ինչպե՞ս պետք է ուսումնասիրի դրա նպատակը, եթե ես որոշել եմ ձեզ նվիրատվություն անել, ուրեմն որոշել ենք՝ ինչի համար անել։ Երկուսով նոտարի մոտ ենք, նոտարն ասում է՝ եթե դուք ուրիշ նպատակ ունեք, մի արեք։ Մենք հրաժարվելո՞ւ ենք մեր անելիքից, ի՞նչ պետք է ուսումնասիրի նոտարը, ոչ մի բան չի կարող ուսումնասիրել»,- հարցադրումը շարունակեց Սերգեյ Բագրատյանը։

Փոխնախարարը նշեց, որ նոտարը գործարքի կողմերի եւ գործարքի ուսումնասիրության իրավունք ունի օրենքով։ «Եվ տվյալ դեպքում, այո, նաեւ անձի կենսագրական տվյալների, նախկինում զբաղեցրած պաշտոնի, ներկայիս կարգավիճակի, նախկին գործարքների մասով պետք է կատարի ուսումնասիրություն։ Երբ ոչ ազգակցական կապերով իրար հետ փոխկապակցված անձինք բազմամիլիոնանոց գույք են նվիրում միմյանց, եւ նոտարի մոտ կասկած առաջանա, որ այստեղ նվիրատվություն տեղի չի ունենում, տեղի է ունենում առք ու վաճառք, կամ ավելի վատ՝ որեւէ կասկածելի կամ շինծու գործարք, ապա բնականաբար պետք է իրականացվի նաեւ գործարքի նպատակի ուսումնասիրություն»,- նշեց Արա Մկրտչյանը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանն էլ ասաց․ «Ձեր կողմից ներկայացված բացատրության մեջ դուք փորձում էիք անշարժ գույքի նվիրատվության գործարքների պարտադիր նոտարական վավերացումը ներկայացնել մարդկանց կողմից իրականացվող խարդախությունների դեմ պայքարի լույսի ներքո։ Մարդիկ են, նրանք ունեն իրենց գործունեության ազատությունը, այդ թվում՝ իրենց ունեցվածքը կամ սեփականությունը որեւէ մեկին նվիրելու իրավունքը։ Նոտարի կողմից ուսումնասիրության արդյունքում, եթե նոտարի կողմից հիմնավոր կասկածներ են առաջանում, որ այս գործարքն օտարման քողարկված գործարք է, իր գործառույթը ո՞րն է լինելու դրանից հետո»։

Արդարադատության փոխնախարարն արձագանքեց․ «Հստակ արձանագրված է Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենքով։ Ներկայացնում է կոնկրետ ազդակ կեղծ եւ շինծու գործարքի վերաբերյալ, որից հետո արդեն գնում են մնացած ընթացակարգերը»։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ասաց․ «Հարցերի հիմնական մասը հետեւյալն է՝ արդյոք այստեղ չկա նոտարի կողմից սուբյեկտիվ մոտեցման վտանգ։ Արդյոք նրան մենք հավելյալ իրավունք տալով՝ չենք առաջացնո՞ւմ ռիսկ, որ կարող է այդ գործիքը կամայական օգտագործել»։

Արա Մկրտչյանն ասաց, որ յուրաքանչյուր իրավիճակում կարող է լինել պաշտոնատար անձի սուբյեկտիվություն։ «Սակայն պետք է արձանագրենք, որ նոտարի կողմից որեւէ գործարք նպատակային մասով կասկածի տակ դնելը դեռեւս չի նշանակում վերջնական որոշում։ Դա ընդամենը լինելու է ազդակ, որն ստուգվելու է մի քանի ֆիլտրներով՝ սկսած բանկային ֆիլտրից, մինչեւ օպերատիվ հետախուզական, եթե անհրաժեշտությունը լինի, նաեւ՝ նախաքննական ու դատաքննական։ Այս ամենն ազնիվ եւ պարկեշտ քաղաքացուն որեւէ անհանգստություն չի պատճառելու»,- հավելեց փոխնախարարը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930