Երեւանի ավագանու նիստի ընդմիջմանն այսօր «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ է դեմ, որ չզեկուցվող հարցերը դառնան զեկուցվող, ինչպես որ ընդդիմությունն է առաջարկում, հակառակ դեպքում ընդդիմությունը կբոյկոտի։
Ի պատասխան այս հարցի՝ Անի Խաչատրյանն ասաց․ «Ներողություն, բայց ես իրենց ոչ մի կերպ չեմ վերաբերվում, ո՞վ են իրենք, որ ես իրենց որեւէ քայլ մեկնաբանեմ»:
Ինչ վերաբերում է հարցերը զեկուցող կամ չզեկուցող դարձնելուն՝ Խաչատրյանն ասաց, որ պետք է լինեն չզեկուցվող հարցեր, քանի որ ավագանու նիստը ամիսը մեկ անգամ է լինում, եւ որի ընթացքում բավականին ծավալուն հարցեր են լինում քննարկելու․ «Ծավալուն օրակարգ է լինում եւ ֆիզիկապես ժամային գրաֆիկով հնարավոր չէ ամբողջ ծավալով քննարկել: Հարցերը, որոնք գալիս են չզեկուցվող, տեխնիկական հարցեր են, փոքր հարց է, ինչ-որ տեխնիկական փոփոխության մասին, որը պետք ավագանիով հաստատվի։ Բովանդակային հարցերը, որոնք ունեն քննարկման կարիք, որոնք ունեն հարցուպատասխանի կարիք, ես կողմ եմ, որ գա քննարկման»։
Ընդդիմության բոյկոտի սպառնալիքների մասին էլ Խաչատրյանն ասաց՝ այն մարդիկ, որոնք խոսում են բոյկոտի մասին, իրենք նախ պարտավոր են լինել հանձնաժողովի նիստերին, իսկ այդ խմբակցությունը նույնիսկ չունի անդամներ արդեն իսկ գրանցված հանձնաժողովներում․ «Ավագանու կանոնակարգով՝ պարտադիր պայման է, ավագանու անդամը պետք է լինի որեւէ մշտական հանձնաժողովի անդամ: Իրենք պարտավոր են կարդալ ավագանու կանոնադրությունը: Մարդիկ, որոնք արդեն գիտեն դա, պարտավոր չեն ամեն անգամ իրենց հետ սովորել»։
Կարդացեք նաև
Լրագրողի այն պարզաբանմանը՝ երբ ասում եք՝ ովքեր են նրանք, նրանք մարդիկ են, որոնց ձայն է տվել ընտրողը, Խաչատրյանն ասաց․ «Ես քաղաքական առումով չեմ ճանաչում այդպիսի մարդկանց, անուններով, խմբակցությունով չեմ ճանաչում նրանց»:
Անդրադառնալով քաղաքային խնդիրներին, մասնավորապես տրանսպորտի, Անի Խաչատրյանն ասաց՝ 3-4 տարի Հայկ Մարությանին ասում էի՝ տրանսպորտի հարցը չի կարելի հետաձգել․ «Մարությանի պատճառով երկու տարի տրանսպորտի հարցը հետաձգվել է; Հիմա հնարավորինս արագ, կարծում եմ հաջորդ տարվա կեսին տրանսպորտի հարցը լուծված կլինի»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ