Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային առաջընթացից» Սեդա Տեր-Մինասյանը հեգնեց․ «Հուշատախտակի փոխարեն առաջարկում եմ տնկել ծառեր, վարդանոցներ, հույս կունենանք, որ սերունդները մի օր Արմեն Բեգոյանի համար ծառ կտնկեն»

Նոյեմբեր 21,2023 14:27

Երեւանի ավագանու այսօրվա նիստում հուշատախտակներ փակցնելու մասին հարցերի քննարկման ժամանակ պարզվեց, որ դեպք չի եղել, երբ որեւէ նշանակալի անձի հուշատախտակը որեւէ շենքին փակցնելու մերժում լինի։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ դա ավագանու որոշելիք հարցն է։

ՀԽՍՀ եւ ԽՍՀՄ վաստակավոր շինարար Արարատ Սահակյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Բագրատունյաց փողոցի հ.34Ա հասցեում փակցնելու մասին հարցի քննարկման ժամանակ «Մայր Հայաստան» խմբակցությունից Սոնա Աղեկյանն ասաց, որ իրենց այցերի ժամանակ պարզել են, որ Արարատ Սահակյանին շենքում, բակում որեւէ մեկը չէր ճանաչում։ Նա ասաց, որ այս հուշատախտակը տեղադրվելու է շենքի հետնամասում, ոչ թե ճակատային։ Նա առաջարկեց այս հարցը հետաձգել․ «Մենք նախընտրական խոստումի միտում ենք տեսնում այս հուշատախտակը տեղադրելու հարցում՝ շենքում, բակում մասնավոր զրույցներից»։

Հարցը զեկուցողն ասել է, որ հաճախ լինում են դեպքեր, որ բնակիչները տունը վաճառել, գնացել են, նորերը հներին չեն ճանաչում․ «Հուշատախտակի համաձայնությունը դիմող անձի կողմից եղել է»։

Աղեկյանը պնդեց՝ եթե այս նախընտրական խոստումը պետք է կատարվի, հուշատախտակը ճիշտ կլինի շենքի ճակատային մասում փակցվի։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ վստահեցրեց, որ ինքը նման նախընտրական խոստում չի տվել։
Աղեկյանն արձագանքեց․ «Այդ կարծիքը ձեւավորվել է բակային այցի ժամանակ զրույցի եւ նաեւ լեզվի սայթաքումների ընթացքում»։

«Եթե ձեր խմբակցությունը նման նախընտրական խոստում չի տվել, մերը հաստատ չի տվել»,-արձագանքեց Ավինյանը։

Նա պնդեց, որ ինքը շատ լավ հիշում է, թե ինչ նախընտրական խոստումներ է տվել, նախընտրական քարոզարշավի եթերները կան, կարելի է ստուգել։

«Մայր Հայաստանից» Մեսրոպ Մանուկյանն էլ շինարար Արարատ Սահակյանի կենսագրությունը, որը ներկայացվեց նիստում, կասկածի տակ դրեց, ասաց, որ նրա մասնակցությունը ներկայացված շինարարական ծրագրերին, ֆիզիկապես հնարավոր չէր լինի․ «Այն ճարտարապետներին, որոնց դուք ներկայացրեցիք, խորհրդային տարիներին համատարած բոլորն աշխատել են այդ մարդկանց ենթակայության տակ, հետեւաբար այդ շրջանակում կարող էին ընդգրկվել է 1000-2000 մարդ»։

Նա ասաց, որ շինարարի ընտանիքի անդամները, որպես նախընտրական խոստում, չեն տվել Սոնա Աղեկյանի անունը, այլ տվել են Տիգրան Ավինյանի անունը․ «Ասել են՝ հիշու՞մ եք, Տիգրան Ավինյանի հետ դո՞ւք չէիք , որ ասացիք՝ ի՞նչ անեմ ձեզ համար, ասացի՝ իմ պապայի հուշատախտակը փակցրեք»։

Ավինյանն արձագանքեց՝ ես, վստահաբար, քարոզարշավի ժամանակ եւ դրանից դուրս հուշատախտակների խոստում չեմ տվել։

«Ազգային առաջընթացից» Սեդա Տեր-Մինասյանն էլ ասաց․ «Խնդրում եմ հանենք այս հնաոճ մոտեցումը։ Բոլորդ հաճախ լինում եք Եվրոպայի տարբեր քաղաքներում, եւ տեսնում եք, որ հուշատախտակները նվիրված են Բեթհովենին, Մոցարտին, Գյոթեին եւ նման մեծություններին։ Այնպես որ առաջարկում եմ տնկել ծառեր, վարդանոցներ եւ այդպես հույս կունենանք, որ ապագա սերունդները մեկ օր Արմեն Բեգոյանի (Կանաչապատման եւ շրջակա միջավայրի պահպանություն ՀՈԱԿ-ի տնօրեն, Ն․Բ․) համար ծառ կտնկեն»։

«Բայց ոչ սակուրաներ»,-Տեր-Մինասյանի խոսքին նման ռեպլիկ արեց Սոնա Աղեկյանը։

Տեր-Մինասյանի՝ Արմեն Բեգոյանի համար ծառ տնկելու արտահայտությունը զվարճացրեց ավագանու անդամներին, հատկապես՝ Տիգրան Ավինյանին։

Ավագանու քվեարկության հարցը հաստատվեց, եւ հուշատախտակը կտեղադրվի։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Լուսանկարը՝ Արմեն Բեգոյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930