Նյու Յորքի Հանրային գրադարանի հոգաբարձուների խորհուրդը որոշել է գրադարանի Հումանիտար հետազոտությունների կենտրոնն անվանել ի պատիվ Վարդան Գրեգորյանի: Այս մասին տեղեկացնում է Նյու Յորքի հանրային գրադարանի կայքը՝ The New York Public Library նշելով, որ որոշումն ի ցույց է դնում Վարդան Գրեգորյանի ծանրակշիռ ներդրումը գրադարանի վերականգնման ու վերածնման գործում:
Հատկապես վերջին շրջանում Վարդան Գրեգորյանը հայտնի էր նաև Հայաստանում: Նա Ռուբեն Վարդանյանի և Նուբար Աֆեյանի հետ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրն էր, ինչպես նաև ընդգրկված էր Հայաստանում գործող UWC միջազգային դպրոցի խորհրդի կազմում:
Նյու Յորքի հանրային գրադարանի կայքը տեղեկացնում է, որ Գրեգորյանը գրադարանի նախագահն է եղել 1981-89 թվականներին և, իրականացնելով կառուցվածքային ու ֆինանսական բարեփոխումներ, բարձրացնելով գրադարանի հեղինակությունը՝ այն դարձրել է քաղաքացիական ու կրթական կարևորագույն կենտրոն:
«Գրեգորյանը գրադարանը դարձրեց ոչ միայն գրքերի պահման կենտրոն, այլև մշակութային ու գրական միջոցառումների անցկացման գլխավոր վայր»,- նշում է կայքը՝ մեջբերելով Գրեգորյանի հետևյալ խոսքերը. «Մարդիկ այս կամ այն կերպ անմահության անհագուրդ ցանկություն ունեն, և կարծում եմ բացի գրադարանից աշխարհում չկա որևէ այլ ինստիտուտ, որը կարող է տալ այդ անմահությունը՝ երկրային անմահությունը… Բոլոր շենքերը փոխվում են, անունները փոխվում են, և միայն գրադարանն է, որ պահում է հիշողությունը, բոլորի ձեռքբերումները»: