Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ-ից տեղահանված անձինք հոկտեմբեր, նոյեմբեր եւ դեկտեմբեր ամիսների կենսաթոշակը կստանան դեկտեմբեր ամսին»․ նախարար

Նոյեմբեր 21,2023 13:27

ԱԺ արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հարցրեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին (լուսանկարում)․ «Արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չստացած արցախցիները նույն կենսաթոշակն ու նպաստն են ստանալու, թե՞ տարբերակված»։ Նարեկ Մկրտչյանն ասաց, որ հոկտեմբերի 26-ին կառավարության որոշմամբ Արցախից բռնի տեղահանված անձանց տրվել է հատուկ պաշտպանության կարգավիճակ։ Դա, ըստ նախարարի, հավասար է փախստականի կարգավիճակին, ինչը նշանակում է, որ անձն արդեն իսկ ունի կենսաթոշակի ու նպաստի իրավունք։ «Սա նշանակում է, որ մեր հայրենակիցները, անկախ նրանից, կդիմեն քաղաքացիության համար, թե չեն դիմի, շարունակելով մնալ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակում, կշարունակեն ստանալ կենսաթոշակ, նպաստներ եւ այլն»,- ասաց նախարարը։

Ըստ նրա՝ բազաներն ինքնաշխատ կերպով տեղափոխվում են Հայաստան, իսկ այն անձինք, որոնք տեղահանումից հետո են ստանալու կենսաթոշակի իրավունք, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պայմաններին բավարարելու դեպքում պետք է դիմեն միասնական սոցիալական տարածքային կենտրոններ, անցնեն այն ընթացակարգերով, որոնք տարածվում են նաեւ ՀՀ քաղաքացիների վրա։

Գեղամ Նազարյանը նաեւ հարցրեց՝ արցախցիները հոկտեմբեր, նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսների կենսաթոշակները ստանալո՞ւ են, թե՞ ոչ։ Նարեկ Մկրտչյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ հոկտեմբերը, նոյեմբերը եւ դեկտեմբերը միասին վերահաշվարկ արած դեկտեմբեր ամսին կկարողանան ստանալ։ Դրա համար հրատապ ներկայացրեցինք նախագիծը, որպեսզի կարողանանք ապահովել։ Հատկացված գումարներ կան, եւ այնպես չի լինելու, որ ինչ-որ պահի մեր հայրենակիցներին ասելու ենք՝ գումար չունենք թոշակ կամ նպաստ վճարելու»։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարց ուղղեց պարտադիր կուտակային համակարգի շահառուների մասին։ «Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված մեր հայրենակիցները նաեւ այդ համակարգի մասնակից են եւ ունեն կատարած վճարումներ՝ տարբեր չափերով։ Ի՞նչ է նախատեսվում իրենց իրավունքի հաստատման եւ հետագա շարունակության տեսանկյունից։ Ձեր բերած նախագծերով այս մասին կարգավորումներն ուղղակի բացակայում են»,- ասաց Թադեւոս Ավետիսյանը։

Նարեկ Մկրտչյանը պատասխանեց, որ Արցախում կենսաթոշակային կուտակային առանձին ֆոնդեր են ունեցել։ Երբ մեխանիզմներ ստեղծվեն, շարունակականությունն ապահովվի, հանրությունը կտեղեկացվի։

 

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930