Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» դաշինք խմբակցությունից Սամվել Հակոբյանը ավագանու այսօրվա նիստում հայտարարեց, որ դիմել է վարչական դատարան, վիճարկում է, որ Տիգրան Ավինյանը օրենքին համապատասխան կարգով է ստանձնել քաղաքապետի իր լիազորությունները։
«Մինչեւ Տիգրան Ավինյանը՝ երեք քաղաքապետերը ապահովել են քվորում երդմնակալության նիստին։ Ավինյանը պնդում է, որ դա արարողակարգային նիստ է եւ քվորում չի պահանջում։ Նույն նախադեպով Թալինում 2022-ի մայիսին ընտրվել է քաղաքապետ, քվորումը նիստի ժամանակ ապահովվել է, երբ ավագանին ընտրել է քաղաքապետին, սակայն երդմնակալության արարողության նիստին քվորում չի ապահովվել, ինչի արդյունքում երեք ամիս հետո դրվել են արտահերթ ընտրություններ»,-հայտնեց Հակոբյանը։
Նա նաեւ նշեց, որ ԱԺ-ում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ու նրա տեղակալը հարցին՝ կարո՞ղ է լինել օրենքով սահմանված նիստ, որի ժամանակ քվորում չի պահանջվում, Ավինյանի գործընկերները հաստատել են ընդդիմադիրների թեզը՝ օրենքով սահմանված նիստը պարտավոր է ունենալ քվորում։
«Մենք ավագանու մանդատը ստացել ենք օրենքով սահմանված կարգով, պաշտպանելու ենք երեւանցու շահերը, ներկա ենք լինելու այս նիստերին։ Սակայն երեւանցիներին զգուշացնում եմ՝ ցանկացած որոշում, հրամայական, ցանկացած աշխատանք, հարաբերություն, որ ունենալու եք այս քաղաքապետարանի եւ քաղաքապետի հետ, վստահ մի եղեք, որ այդ ամենը հետագայում չի վիճարկվելու։ Ըստ օրենքի՝ արարողակարգային նիստ ձեւակերպում գոյություն չունի, երդմնակալության արարողակարգը եւս նիստ էր, որը քվորում չի ունեցել։
Դատարանում մեր պահանջն է՝ անցկացվի նոր երդմնակալության արարողակարգի նիստ, ինչի հետեւանքով եթե ոչ իշխանական ուժերը գան մասնակցեն եւ ապահովեն քվորումը, ապա ուղղակի ամսի 13-ից ի վեր ինչ որոշում կայացվել է, նորից կատարվի։ Իսկ եթե չապահովվի քվորում, տրամաբանական կլինի նշանակել նոր արտահերթ ընտրություններ»,-հայտարարեց ավագանու անդամը։
Կարդացեք նաև
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նրան դատական գործում ուղղակի հաջողություն մաղթեց։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ