ԱԺ արտահերթ նիստում աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը (լուսանկարում) ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը։ Նա ասաց, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները պետք է ունենան հնարավորություն՝ Հայաստանի Հանրապետությունում օգտվելու իրենց սոցիալական երաշխիքներից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալ կենսաթոշակ ու նպաստ։
«Փախստականների եւ ապաստանի մասին օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ապաստան ստացած փախստականներն իրավունք ունեն ստանալու պետական նպաստներ եւ դրամական այլ օգնություն, ինչպես նաեւ ունեն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կենսաթոշակային ապահովության իրավունք։ Սակայն, հաշվի առնելով բռնի տեղահանված հայրենակիցների մեծ թիվը, նրանց սոցիալական խնդիրներն օր առաջ լուծելու հարցի հրատապությունը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել օրենսդրական որոշ կարգավորումներ, կառավարությանը լիազորություն վերապահել՝ սահմանելու փախստականների կենսաթոշակի, նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերի առանձնահատկությունները»,- ասաց նա։
Ըստ նախարարի՝ նախատեսվում է ՀՀ կենսաթոշակ նշանակելիս՝ աշխատանքային ստաժում հաշվառել Լեռնային Ղարաբաղի տարածքում ձեռք բերված աշխատանքային եւ այլ գործունեությունը, զինվորական ծառայության ժամանակահատվածները՝ կառավարության սահմանած կարգով։
«Կառավարությունը կսահմանի նաեւ ԼՂ տարածքում ձեռք բերված աշխատանքային ստաժը հաշվարկելու կանոնները։ Կառավարությունը կարող է սահմանել նաեւ արդեն իսկ նշանակված, ինչպես նաեւ նոր նշանակվելիք կենսաթոշակների դեպքում խնդրո առարկա ստաժի հաշվարկման կանոնները»,- հավելեց նա։
Կարդացեք նաև
Նախատեսվում է կառավարությանը վերապահել նաեւ փախստականի կարգավիճակ ունեցող անձի կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու, վերահաշվարկ կատարելու, կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու եւ կենսաթոշակի գործ վարելու կարգի առանձնահատկությունները։ «Այսինքն՝ այս դեպքում հնարավոր կլինի կառավարության որոշմամբ ԼՂ-ում նշանակված կենսաթոշակներն օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակել առցանց դիմում հիման վրա՝ առանց ստաժը վերահաշվարկելու։ Այս լիազորության շրջանակներում կլուծվի նաեւ Լեռնային Ղարաբաղի գործերը պետական կենսաթոշակային համակարգի շտեմարան տեղափոխելու հարցը»,- ասաց նախարարը։
Անդրադառնալով Արցախի պաշտպանության, փրկարար ծառայության, ոստիկանության, ԱՍԾ համակարգերում աշխատած եւ այլ անձանց զինվորական կենսաթոշակի իրավունքին՝ Նարեկ Մկրտչյանն ասաց․ «Նախագծով նախատեսվում է սահմանել, որ նշված անձինք օրենքով սահմանված պայմաններին բավարարելու դեպքում ունեն զինվորական կենսաթոշակի իրավունք»։
Ինչ վերաբերում է նպաստներին՝ նախարարը նշեց, որ ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները նշանակվում եւ վճարվում են կենսաթոշակների համար սահմանված կարգով։ Իսկ նշանակումն իրականացվում է տարածքային կենտրոն դիմելու դեպքում։
«Կհստակեցվեն եւ կպարզեցվեն նաեւ երեխայի ծննդյան միանվագ նպաստի եւ խնամքի նպաստի իրավունքի իրացման ընթացակարգերը»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ