«Հարցեր են առաջանում՝ ամբողջ 77 մլրդ դրամը գնալո՞ւ է արցախցիների կարիքները հոգալուն։ Եթե ինչ-որ մաս գնալու է այլ կարիքները հոգալուն, ասեք՝ ինչքա՞նն է գնալու արցախցիների կարիքները հոգալուն, ինչքա՞նն է ուղղվելու այլ կարիքները հոգալուն»,- ԱԺ արտահերթ նիստում ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Պատգամավորը նշեց, որ նախկինում Հայաստանը Արցախի Հանրապետությանը օգնություն էր տրամադրում միջպետական վարկի տեսքով։ «Հիմա միջպետական վարկն այլեւս չի գործում, ես երեկ եմ ֆինանսների նախարարությունից ստացել պատասխան, որ 5 մլրդ է մնացել, մի զգալի մաս գնացել է բանկերին եւ պարտատոմսերի պարտքերը հոգալուն։ Այսինքն՝ չի էլ գնացել Արցախ, գնացել է Արցախի Հանրապետության կառավարության պարտքերը հոգալուն։ Ունե՞ք թվեր, թե որքան գումար է ուղղվել մեր տեղական ֆինանսական հաստատություններին՝ Արցախի պարտքը մարելու ուղղությամբ»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։
Ֆինանսների փոխնախարարն ասաց, որ ամբողջ գումարը՝ 132 մլրդ դրամ եւ լրացուցիչ 20 մլրդ դրամը, որոնք տրամադրվել են Արցախին միջպետական վարկի շրջանակներում, հիմնականում արդեն իսկ տրամադրվել են։
«Ասեք հստակ՝ 77 մլրդ-ից ինչքա՞նն է գնալու Արցախի մեր հայրենակիցներին, որ իմանանք՝ ինչպես քվեարկենք։ Այդ 77 մլրդ դրամից քանի դրամ քանի լումա է գնալու արցախցիներին, քանի դրամ քանի լումա է մնալու այլ տեղ»,- կոչ արեց Արթուր Խաչատրյանը։
Վահան Սիրունյանն ասաց․ «Այդ գումարի մեծ մասը նախատեսված է Արցախի մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելու նպատակով»։ Ֆինանսների փոխնախարարն այդպես էլ հստակ թիվ չհնչեցրեց։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ