Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կամ պետք է ազատ արձակվի, կամ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի»․ Միհրան Պողոսյան

Նոյեմբեր 21,2023 12:03

«Մի կատեգորիկ պնդում կկատարեմ․ նոյեմբերի 27-ին Գրիգորի Խաչատուրովը կամ պետք է ազատ արձակվի, կամ ՀՀ-ում դատական համակարգ գոյություն չունի»,-«Գրիգորի Խաչատուրովի «գործը»՝ որպես դատական համակարգի համար լակմուսե թուղթ» թեմայով ասուլիս-քննարկման ժամանակ հայտարարեց երրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանը։

Միհրան Պողոսյան

Նա իր պնդումը հիմնավորեց այն փաստով, որ սեպտեմբերի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել, որով արձանագրել է, որ Գրիգորի Խաչատուրովին հոկտեմբերի 15-ից հետո կալանքի տակ պահելը իրավաչափ չէ, եթե ի հայտ չգան նոր ծանրակշիռ հանգամանքներ․ դատարանը արձանագրել է, որ ծանրակշիռ հանգամանքներ չկան․ «Հոկտեմբերի 4-ին գնում ենք դատարան, այս որոշումը ներկայացնում առաջին ատյանի դատարանին, որը որոշում է ևս երկու ամսով երկարաձգել Գրիգորի Խաչատուրովի կալանքը՝ մինչև դեկտեմբերի 15։ Ներկայացրել ենք Վերաքննիչ բողոք և այն մակագրվել է նույն դատավորին, որը արձանագրել է, որ հոկտեմբերի 15-ից հետո Գրիգորի Խաչատուրովին կալանքի տակ պահելն անօրինական է։ Վերաքննիչ դատարանին մնում է իր՝ սեպտեմբերի 20-ին կայացրած որոշումը տեսնել՝ դա ի կատա՞ր է ածվում, ընդամենը վերահաստատել իր՝ սեպտեմբերի 20-ի որոշումը։ Պետք է արձանագրել, որ սեպտեմբերի 20-ի որոշման դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք, որ ընդհանրապես կալանքի տակ չպետք է պահել Գրիգորի Խաչատուրովին։ Վճռաբեկ դատարանը հաստատել է, որ հոկտեմբերի 15-ից ավելի կալանքի տակ պահելն անօրինական է։ Մենք այս իրավիճակում գնում ենք Վերաքննիչ քրեական դատարան որոշման հրապարակման, որի պարագայում դատարանի համար ոչ թե իրավաբանություն անելու անհրաժեշտություն կա, այլ մաթեմատիկական գործողություն կամ վերահաստատել սեփական՝ սեպտեմբերի 20-ի որոշումը»։

Միհրան Պողոսյանն ահազանգեց՝ պետական համակարգի կողմից ճնշում կա դատական համակարգի վրա․ «Վերաքննիչ դատարանն այս որոշումը չկայացնելու՝ ընդամենը մեկ տարբերակ ունի՝ խուսափել որոշում կայացնելուց։ Ինքնաբացարկներ, որոնք այս գործով բացակայում են, կրկին փորձել, որոշման ժամկետը երկարաձգել՝ ՍԴ դիմելով։ Բայց այս բողոքի շրջանակներում ոչ մի այդպիսի հիմք չկա, անտրամաբանական կլինի ու առավել քան ակնհայտ կլինի, որ դատարանը փախչում է որոշումից, եթե օրինակ ինքնաբացարկ կայացվի»։

Փաստաբանը նշեց, որ սեպտեմբերի 20-ի որոշում կայացնողը Հակակոռուպցիոն դատարանի դատավոր պարոն Հովհաննիսյանն է․ «Գործը հիմա ևս պարոն Հովհաննիսյանի մոտ է գտնվում։ Պարոն Հովհաննիսյանն էլի այդ ճնշման պարագայում որոշակի ուշ ժամանակահատվածում միակ դատավորն է եղել, որ փոքրիշատե ինչ-որ կամք է դրսևորել ու երեք ամիս կալանքի ժամկետը նվազեցրել ու դարձրել երկու ամիս։ Ճնշում գործադրվում է ոչ թե կոնկրետ անձնապես դատավորի վրա, այլ համակարգային ճնշում է դատական համակարգի վրա։ Դատավորները պատահական անձինք չեն, գիտակցում են իրավական անբարոյականությունը, ինչը տեղի է ունենում Գրիգորի Խաչատուրովի գործով։ Յուրաքանչյուր դատավոր իր որոշումներով փորձում է հետնահանջի ճանապարհներ թողնել։ Եթե պետական համակարգը թույլ տա ինքնուրույն որոշում կայացնել, դատավորից ուղղակի պետք է լինելու, որ հաստատի իր որոշումը, և ամսի 27-ին Գրիգորի Խաչատուրովն այս շինծու գործով կլինի ազատության մեջ»։

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս ասուլիսը որոշակիորեն շղարշի փաստաբանի ու դատավորի հարաբերությունները, քանի որ կարծես նախատրամադրվածություն կա, Միհրան Պողոսյանը պատասխանեց․ «Կանխավարկածն ու նախատրամադրվածությունը գալիս է դատավորի կողմից կայացված որոշումներից։ Ես տրամադրվածությունս ու կանխակալությունս, կանխատեսումս պայմանավորում եմ դատավորի կայացրած ու արձանագրած մտքերով։ Եթե դատավորն ասի, որ իրավաչափ է Գրիգորի Խաչատուրովի կալանքը, ստացվում է, որ այս որոշումն է թղթի կտոր։ Սա է իմ՝ նախապես կանխատեսելու հիմքը և իմ կատեգորիկ արտահայտության պատճառը։ Հաշվի առնելով պարոն Հովհաննիսյանի վարքագիծը՝ ես չեմ կարծում, որ նա կդիմի խուսանավելու ճանապարհին։ Եթե պարոն Հովհաննիսյանը պետք է իրավական դիրքորոշում հայտնի, հետո դրանք վերահաստատելու ժամանակ հրաժարվի իր իսկ կայացրած դիրքորոշումներից, էլ ինչո՞ւ է զբաղվում իրավաբանությամբ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930