Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Դադարեք օգտագործել 100 հազար եւ ավելի թիվը, Արցախի բռնի տեղահանված բնակչության թիվը 150 հազար եւ ավելի է»․ Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 21,2023 11:52

Ազգային ժողովը կառավարության նախաձեռնությամբ այսօր հրավիրել է արտահերթ նիստ։

Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանը ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը։ «2023 թվականի սեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել են ավելի քան 100 հազար քաղաքացիներ։ Մինչ այդ, Լաչինի միջանցքի փակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղի մեր բազմաթիվ հայրենակիցներ մնացել էին Հայաստանում՝ հնարավորություն չունենալով վերադառնալ իրենց հայրենի բնակավայրերը։ Վերջիններիս սոցիալական եւ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 2023 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով իրականացվել են, շարունակվելու են իրականացվել մեծածավալ բյուջետային հատկացումներ, որոնք 2023 թվականի պետական բյուջեով նախապես պլանավորված չեն եղել։ Արդյունքում՝ մինչեւ տարեվերջ իրականացվող ծախսային վերաբաշխումները կգերազանցեն ՀՀ բյուջետային համակարգի մասին օրենքով ՀՀ կառավարությանը տրված լիազորությունների շրջանակներում 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի վերաբաշխման սահմանաչափը»,- ասաց նա։

Վերոնշյալով պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքում։ Առաջարկվում է թույլատրել կառավարությանը՝ 2023 թվականի պետական բյուջեի օրենքով սահմանված հատկացումների ընդհանուր գումարի 6 տոկոսի սահմաններում վերաբաշխել նույն օրենքով սահմանված ծրագրերի եւ միջոցառումների միջեւ։ Ըստ նրա՝ հաշվարկները կատարվել են՝ հաշվի առնելով մինչեւ տարեվերջ կարիքների բավարարումը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարցրեց՝ ո՞ր ծրագրերի վերաբաշխման մասին է խոսքը․ «Դուք ձեր խոսքում նշեցիք արցախցիների 100 հազար եւ ավելի թիվը՝ նկատի ունենալով միայն սեպտեմբերյան իրադարձությունները։ Բայց ես ձեր զեկույցից հասկացա, որ խոսքը նաեւ նախորդ ժամանակահատվածում արցախահայության՝ բռնի տեղահանված կամ նախքան շրջափակումն իրենց բնակավայրեր չվերադարձած արցախահայության աջակցելու մասին էլ է։ Այսինքն՝ այս ծրագրի մեջ կա՞ն Արցախի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք մինչեւ շրջափակումը եւ մինչեւ սեպտեմբերյան իրադարձությունները չէին կարողացել գնալ այնտեղ եւ իրենք ստանում էին աջակցություն։ Իրենք այս ծրագրերի շահառու են, թե ոչ»։

Փոխնախարարը պատասխանեց, որ դեռ հստակ չէ, թե որ ծրագրերից են գումարներ նվազեցվելու ու վերաբաշխվելու արցախցիների աջակցության ծրագրերի համար․ «Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղից նախքան տեղահանությունը ճանապարհը փակվելու հետեւանքով ՀՀ-ում մնացած քաղաքացիներին, այո, մենք տրամադրում ենք հատկացումներ տարեսկզբից։ Եվ շարունակվում են այդ հատկացումները, կեցության հատկացումների մասին է խոսքը։ Եվ եթե ես չեմ սխալվում, մարդիկ, ովքեր փակվելու հետեւանքով մնացել են ՀՀ-ում, չեն վերադարձել, այդ քաղաքացիները եւս հաշվառվում են աջակցության ծրագրի շրջանակներում»։

Արծվիկ Մինասյանը կոչ արեց․ «Դադարենք օգտագործել 100 հազար եւ ավելի թիվը, օգտագործենք 150 հազար եւ ավելի թիվը, որովհետեւ Արցախի բնակչությունն այդքան է եղել մինչեւ ադրբեջանական պատերազմները, գործողությունները եւ այլն։ Այսինքն՝ փաստացի Արցախի Հանրապետության 150 հազար եւ ավելի քաղաքացիներ այսօր բռնի տեղահանված են, ցեղասպանության են ենթարկվել եւ չեն կարողանում իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալ։ Սա կարեւոր է, որ ֆիքսենք՝ խոսքը 150 հազար եւ ավելի արցախցիների մասին է»։

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ հարցրեց՝ վերաբաշխվող գումարները ո՞ր ուղղությամբ են հատկացվելու, ի՞նչ աջակցության ծրագրերի մասին է խոսքը․ «Մենք ուզում ենք իմանալ՝ վերաբաշխվող գումարի որքա՞ն մասն է ուղղվելու արցախցիների աջակցության ծրագրերի իրականացմանը»։

Վահան Սիրունյանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ մենք գրեթե 20 մլրդ դրամից ավելի գումարներ աջակցության տեսքով տրամադրել ենք Արցախից մեր հայրենակիցներին, ինչը 1 տոկոս եւ ավելին է բյուջետային ծախսերի թույլատրելի սահմանաչափի մեջ։ Դրանից ավելի քանակությամբ նախատեսվում է մինչեւ տարեվերջ հատկացումներ կատարել»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930