Փորձագետները փաստում են, որ Հայաստանը փորձում է այլընտրանքներ գտնել Ռուսաստանին, արտաքին քաղաքական ու ռազմական դաշտում դա Արևմուտքն է: Մաթևոսյանը կարծիք է հայտնում՝ Արևմուտքում այլընտրանք չեն գտնի, որովհետև չեն էլ փնտրում: «Իրենց այլընտրանքը թուրքական է: Սա քարոզչական ֆոն է: Կոնգրեսում վերջին լսումների ժամանակ Ջեյմս Օ՛Բրայենն ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ապագա, և այն Ռուսաստան-Իրան առանցքից դուրս է: Դեռևս մայիսին ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն ասել էր՝ Վաշինգտոնը ձգտում է, որ կողմերը ոչ միայն կարողանան խաղաղ ապրել, տնտեսական կոոպերացիա ունենալ, այլ նաև կոլեկտիվ անվտանգություն ապահովել տարածաշրջանում: Երբ միացնում ենք ամերիկացի դիվանագետների այս երկու ձևակերպումները, մեր հասարակությանը գրեթե բաց տեքստով ասվում է՝ իրենք ակնկալում են, որ այստեղ լինի ռազմաքաղաքական դաշինք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի մասնակցությամբ՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: Մնացած ամեն ինչն ուղղակի ֆարս է»,-ընդգծում է քաղաքագետը:
Հայաստանը «հավակնում է» դառնալ տարածաշրջանի «խաղաղության խաչմերուկը»: «Հետաքրքիր է ուսումնասիրել ադրբեջանական ու թուրքական մամուլը: Իրենք ասում են, որ այն վատ ծրագիր չէ, բայց ո՞վ ասաց, որ այդ խաչմերուկը պետք է լինի Հայաստանը, այլ ոչ Նախիջևանը: Երկրորդ՝ տեսնում ենք, որ Հայաստանի այս փորձերն՝ ամեն կերպ ներգրավել Արևմուտքին մեր տարածաշրջան, ընդդիմության են արժանանում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի կողմից: Այն բանից հետո, երբ Ալիևը կլանեց Արցախը, առաջին որոշումներից մեկը Ջաբրայիլից դեպի Իրան նոր ճանապարհ կառուցելու մասին էր: Տեսնում ենք, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ասում է, թե Հյուսիս-հարավ նախագծի շրջանակներում երկաթգիծը կարող է Հայաստանի տարածքով չանցնել: Նույնն ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ: Այդ «խաղաղության խաչմերուկը», մեղմ ասած, վերածվելու է փաշինյանական տուպիկի:
Արևմուտքի հովանու ներքո այս գործընթացի արդյունքում Ադրբեջանը ստացավ Արցախն առանց հայերի, իսկ Հայաստանը ոչինչ չստացավ, հակառակը՝ ավելի մեծ խնդիրների առջև կանգնեց: Ադրբեջանը Արևմուտքին բերում է մեր տարածաշրջան, խոսքը Մեծ Բրիտանիայի մասին է, բայց իրենք, ի տարբերություն Փաշինյանի, բրիտանացի դիտորդներ չեն բերում Ադրբեջանի և Իրանի սահմանին, ինչը կգրգռի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ անգամ Թուրքիային: Ադրբեջանը համագործակցության լայն ծրագրեր ունի Արևմուտքի հետ, ի դեմս Մեծ Բրիտանիայի, իսկ այն ծրագրերը, որոնք Բրիտանիայի շահերից են բխում՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչ, պատրաստ են իրենց ձեռքով իրականացնել՝ ծրագրեր ընդդեմ Իրանի:
Մեր պարագայում նույնն այլ կերպ են անում, փորձում են Արևմուտքին բառի բուն իմաստով այստեղ բերել՝ դիտորդներ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության անհասկանալի ծրագրեր և այլն: Դա հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը միավորվելու են այն գաղափարի շուրջ, որ պատժեն Հայաստանին դրա համար: Սա պարադոքս է: Նույնն անում է Ադրբեջանը, բայց այնպես, որպեսզի հակազդեցություն չստանա Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից: Վերադառնալով Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին. երբ իրենք ասում են, որ կարող ենք Ռուսաստանի և Իրանի առանցքից դուրս ապագա ունենալ, ստացվում է՝ և՛ մեր, և՛ Ադրբեջանի համար մեկ ճակատագիր են նախատեսել, որ պետք է թնդանոթի միս դառնանք իրենց պատերազմում ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: Իրականում մարդիկ չեն հասկանում, թե ինչ վտանգների առջև ենք կանգնած»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:
Կարդացեք նաև
Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։