2023 թվականի փետրվարին Հաագայի դատարանը որոշում էր ընդունել, որով Ադրբեջանին պարտավորեցրել էր քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի անխափան կապն ապահովելու ուղղությամբ և ապաշրջափակել Արցախը: Ավելին, ամիսներ անց նույն դատարանը վերահաստատել էր իր որոշումը, սակայն Ադրբեջանը լիովին անտեսեց այն: Արցախը տոտալ շրջափակման մեջ պահելով հանդերձ՝ Բաքուն ընդգծում էր, թե Լաչինի միջանցքը բաց է։ Իսկ միջազգային հանրության տարբեր սուբյեկտներ նշում էին, թե դատարանի որոշումը ենթակա է պարտադիր կատարման՝ միաժամանակ դատապարտելով Ադրբեջանի գործողությունները։ Բայց խոսքերից այն կողմ ոչինչ չձեռնարկվեց՝ Ադրբեջանին ստիպելու կատարել Հաագայի դատարանի որոշումը։
Ուստի Ադրբեջանը, տեսնելով, որ Լաչինի միջանցքը բացելու համար միջազգային հանրությունը մտադիր չէ իր դեմ գործողություններ ձեռնարկել, դիմեց ագրեսիայի։ Ու այսքանից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն իր արձագանքով կարծես թե ծաղրում է արցախցիների վերադարձն ապահովելու վերաբերյալ Հաագայի դատարանի միջանկյալ միջոցի վերաբերյալ որոշումը։ Բաքուն գործում է այն տրամաբանությամբ, որ եթե իրեն հաջողվեց անտեսել Լաչինի միջանցքը բացելու վճիռը, ապա իրեն կհաջողվի նաև թույլ չտալ, որ արցախցիները վերադառնան իրենց բնակավայրերը, և արդյունքում Արցախը կադրբեջանականացվի։ Ու այս հարցում էլ հայ հանրության որոշակի արևմտամետ շրջանակներում հասունանում է այն մտայնությունը, թե Արևմուտքը ճնշում է գործադրելու և Ադրբեջանին ստիպելու է, որ արցախցիները վերադառնան իրենց հայրենի բնակավայրերը։
Ավելի հզոր միջազգային դերակատարների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվում, մի՞թե Ալիևի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը դժվար էր։ Իսկ հիմա, երբ արդեն էթնիկ զտումները տեղի են ունեցել, պիտի Արևմուտքը Ադրբեջանի դեմ լուրջ քայլերի դիմի՞։ Իրականում խնդիրն այլ տեղում է, Արևմուտքին ոչ այնքան հայերի իրավունքների վերականգնումն է հետաքրքիր, որքան Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու իրենց շահերը։ Ու այս իրավիճակում ընդհանրապես պետք չէ միամիտ լինել ու մտածել, թե ուրիշները կգան ու մեզ կհանեն ներկայիս դժվարին իրավիճակից։ Միակ խնդիրն այստեղ այն է, թե որքանով Արևմուտքը թույլ կտա, որ Ադրբեջանը շարունակի ծաղրել իրեն՝ սիրախաղեր տալով Ռուսաստանի հետ…
Արտակ ԳԱԼՍՏՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։