Լրահոս
Օրվա լրահոսը

Կծու պղպեղը ոչ միայն վառ զգացողություններ է ապահովում, այլև ունի ցավազրկող ազդեցություն

Նոյեմբեր 21,2023 09:33

Հոգեբան Փոլ Ռեզինը ենթադրում է, որ չիլի պղպեղի օգտագործումը «սահմանափակ ռիսկի» նման մի բան է, ինչպես «ամերիկյան բլրակներ» նստելը, երբ մարդը կարողանում է հաճույք ստանալ վախից ու ցավից՝ իմանալով, որ իրականում այդ զգացողությունները վտանգավոր չեն։ Ռիսկի այդ տեսակը թույլ է տալիս ուժեղ ապրումներ ունենալ առանց մարմնական կամ հոգեկան վնասվածքների։

Իհարկե, 7000 տարի առաջ ժամանակակից Բոլիվիայի կամ Մեքսիկայի տարածքում ապրող մարդիկ, չիլի պղպեղ օգտագործելով, ամենևին էլ չէին մտածում այդ երևույթի հոգեբանական ասպեկտների մասին և ուտում էին այն, ինչ հայտնվում էր իրենց ձեռքի տակ, իսկ այսօր մենք արդեն ամեն ինչի մեջ փիլիսոփայություն ենք փնտրում․․․

Չիլիի բերքահավաք Բանգլադեշում

Վերադառնալով չիլի պղպեղին, տաքդեղին կամ դարապղպեղին՝ մեր ուշադրությունը կսևեռենք այն քիմիական միացության վրա, որի շնորհիվ էլ չիլին ունի իր կծու համը։ Խոսքը կապսիացին նյութի մասին է, որը հայտնի է իր ցավազրկող, հակաբորբոքային հզոր ազդեցությամբ։

Կապսիացինը փոխազդում է TRPV1 նյարդային ընկալիչի հետ, որը գտնվում է գլխուղեղում, ծայրամասային նյարդերում, միզապարկում, արյունատար անոթներում և մարմնի այլ հատվածներում՝ նվազեցնելով դրա զգայունակությունը․ ահա թե ինչու կապսիացին պարունակող տեղային օգտագործման քսուկները նախատեսված են ցավ առաջացնող հիվանդությունների լայն շրջանակի համար։ Օրինակ՝ կայենյան պղպեղի հիմքով պատրաստված քսուկները արդյունավետություն են ցուցաբերել գոտկատեղի ցավի դեմ պայքարում։

Կապսիացինով սպեղանին հաճախ են նշանակում դիաբետիկ ծայրամասային նևրոպաթիա ունեցող հիվանդներին։ Մի հետազոտությամբ պարզվել է, որ 30 րոպեով կապսիացինով սպեղանու օգտագործումը նշանակալիորեն նվազեցնում է ցավը մի քանի շաբաթով անգամ եթե կիրառվել է ընդամենը մեկ անգամ։ Կապսիացինի տեղային օգտագործումն օգնում է հաղթահարել արթրիտի, կլաստերային (փնջային) գլխացավերի, փսորիազի հետ կապված ցավերը։

Կապսիացինը բարելավում է մկանային դիմացկունությունը, նպաստում է զարկերակային ճնշման կարգավորմանը, հանդես է գալիս որպես
«նյութափոխանակության խթանիչ»։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ կապսիացինն արդյունավետ է քաշի նվազեցման հարցում, քանի որ ոչ միայն խթանում է կալորիաների այրումը, այլև պակասեցնում է ախորժակը։

Կապսիացինի օգտագործման եղանակները շատ տարբեր են․ այս բուսական միացությունը լիուլի պարունակվում է կծու պղպեղների կազմում։ Այն կարելի է օգտագործել նաև որպես սննդային հավելում՝ պատիճների կամ հանուկների տեսքով։
Ցավազրկման համար առավել արդյունավետ են տեղային օգտագործման համար նախատեսված քսուկները, գելերը կամ սպեղանիները, որոնցում կապսիացինի քանակը կարող է տատանվել 0,01%- 8%-ի սահմաններում։
Կան նաև քթային սփրեյներ, որոնք կապսիացին են պարունակում․ դրանք երբեմն կիրառվում են ալերգիայի բուժման համար, կլաստերային գլխացավերի դեմ։

Սակայն կապսիացինի հիմքով որևէ միջոց օգտագործելուց առաջ հարկավոր է նախապես խորհրդակցել բժշկի հետ։ Որոշ մարդիկ շատ զգայուն են կապսիացինի նկատմամբ և կարող են նկատել կողմնակի ազդեցություններ, օրինակ՝  սրտխառնոց ու փսխում, փորլուծություն,
թթվային ռեֆլյուքսի ախտանշանների սրում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Լուսանկարները՝ Աբդուլ Մոմինի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930