Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Բաքվի բռնապետի համար, հիմա ստեղծվել է մանեւրի որոշակի տիրույթ՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ». Վարդան Ոսկանյան

Նոյեմբեր 20,2023 21:44

Օրերս հայտնի դարձավ, որ ադրբեջանական կողմի խնդրանքով, այս շաբաթ Վաշինգտոնում նախատեսված հայ-ադրբեջանական քննարկումների հերթական փուլը հետաձգվում է: Այս մասին ՀՀ ԱԳՆ-ն էր իրազեկել՝ հավելելով, որ հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հստակ տեղեկություններ չկան: Հստակության պարագայում, ՀՀ ԱԳՆ-ից պարտավորվել են՝ հանրությունը պատշաճ կերպով տեղեկացնել:

Ավելի վաղ, ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացրել էին, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի եւ, այդ համատեքստում հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով է շարունակվելու, հանդիպումն էլ նախատեսվում էր ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Ի դեպ, վաշինգտոնյան քննարկումները մեկնարկել էին դեռ հունիսի 12-ին։ Իսկ հունիսի 28-ին, Վաշինգտոնում Արարատ Միրզոյանի, Էնթոնի Բլինքենի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումից ժամեր անց, թշնամին սպանեց չորս հայ զինծառայողի։

Մինչ այս, չկայացավ նաեւ երկու երկրների՝ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ բարձր մակարդակի հանդիպումը, որը նախատեսված էր ԵԽ նախագահ Շառլ Միշելի հովանու ներքո, Գրանադայում: Հանդիպումից ժամեր առաջ պարզ դարձավ, որ Ադրբեջանի նախագահը չի մասնակցելու այդ բանակցություններին: Սա, սակայն, բնավ չխանգարեց ՀՀ վարչապետին մեկնել՝ ԵԽ պաշտոնյաների բարձր հովանու ներքո ստորագրել միակողմանի փաստաթուղթ, որը համաձայնեցված չէ ադրբեջանական կողմի հետ: Ընդ որում, դա անել Արցախի հայաթափումից, արցախցիների բռնի տեղահանությունից հետո:

Գրանադայում, միակողմանի համաձայնությունից գետո, ԵԽ նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ համաձայնություն է ձեռք բերվել առաջիկայում Բրյուսելում հանդիպման մասին, որին թե Նիկոլ Փաշինյանը, թե Իլհամ Ալիեւը համաձայնել են մասնակցել: Ավելի ուշ պարզվեց, որ այս հանդիպումը նույնպես չի կայանա՝ ժամանակի սղության պատճառով:

Այս ընթացքում, Ադրբեջանում, ինչպես ասում են, ձեռքերը ծալած նստած չէին. սկսվեց մեղադրանքների շղթան՝ նախ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հասցեին, որը հիշեցրել էր, որ ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում: «Ֆրանսիայի մեղադրանքները, Ադրբեջանի կողմից 150 քառակուսի կիլոմետր հայկական տարածքների օկուպացիայի մասին, ծիծաղելի են թվում։ Ադրբեջանը ոչ մի երկրի տարածք չի օկուպացրել, և այն պնդումը, որ այն տարածքները, որտեղ ադրբեջանական ուժերը գտնվում են պատկանում են Հայաստանին, հակասում է որևէ տրամաբանության»,-ասված էր Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, թե անընդունելի են համարում Հայաստանին զինելու Ֆրանսիայի փորձերը՝ ասելով, թե Ֆրանսիան ամեն կերպ փորձում է զինել Հայաստանին, կրկին ներքաշել ագրեսիայի և ռազմական արկածախնդրության մեջ:

Մինչ այդ, Արցախի շրջափակման ընթացքում, ֆրանսիական կողմը քանիցս փորձեր արեց հայ-ադրբեջանական հաշտեցման գործում միջնորդի դեր ստանձնել:

Այն, որ Ադրբեջանը հետեւողականորեն արգելակում է, այսպես կոչված, Արեւմտյան հարթակում հայ-ադրբեջանական բանակցությունները եւ զբաղված է միջնորդների որակազրկմամբ, իրանագետ Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ ակնհայտ է, որ արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելուց հետո եւ Արցախի հանրապետության ողջ տարածքը բռնազավթելուց հետո, Բաքվի բարբարոսական վարչախումբը որեւէ նպատակ չունի իրականում որեւէ խաղաղության պայմանագիր կնքելու, հետեւաբար, հերթով տապալելու է բոլոր հնարավոր հարթակները, որտեղ այդ պայմանագրի վերաբերյալ ինչ-որ նախնական պայմանավորվածություններ են եղել:

«Նաեւ մի այլ կարեւոր հանգամանք կա. Բաքվի բռնապետի համար, հիմա ստեղծվել է մանեւրի որոշակի տիրույթ՝ Արեւմուտքի եւ ՌԴ-ի միջեւ, ինչը նա փորձում է օգտագործել ի շահ իր պետության, իր երկրի, բայց, շատ պարզ է, որ վերջնանպատակը մեկն է՝ Արցախի ամբողջական կլանումից եւ Արցախում ցեղասպանական գործողություններ իրականացնելուց հետո, հնարավորինս թույլ կարգավիճակ ունեցող Հայաստան տեսնել մեր տարածաշրջանում: Հայաստան, որն ըստ Բաքվի բարբարոսական վարչախմբի պատկերացումների, պետք է դադարի քաղաքական գործոն լինելուց եւ միայն այդ պարագայում է, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը կգնա Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու»,- ասաց մեր զրուցակիցը:

Թե սրան զուգահեռ, ՀՀ իշխանության բավական հակասական կեցվածքը, երբ ամենաբարձր մակարդակով հայտարարվում է, որ Ադրբեջանը ցեղասպան գործողություններ է իրականացնում Արցախում, պատրաստվում է նաեւ ՀՀ-ի վրա հարձակման ու միեւնույն ժամանակ խոսվում է ամեն գնով «խաղաղության պայմանագիրը» ստորագրելու Հայաստանի իշխանության մղումի մասին, ի՞նչ հող է ստեղծում Ադրբեջանի համար, մեր զրուցակիցն ասում է. «Բաքվի վարչախումբը կարողանում է տարբեր հարթակներում օգտագործել հայտարարությունների հակասականությունը եւ դրա «ամենադասական» օրինակը ՄԱԿ-ում տեղի ունեցող քննարկումներում եղած հայտնի միջադեպն էր, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի ներկայացուցիչն, ըստ էության, պատասխանում էր ՀՀ ներկայացուցչի՝ ՀՀ մեկ այլ ներկայացուցչի խոսքերով. հետեւաբար, շատ վտանգավոր եւ, ըստ էության, մեր պետության շահերից չբխող գործողություններ են իրականացնում կամ հայտարարություններ են անում եւ այդ հակասականությանը պետք է միանշանակորեն վերջ տրվի:

Եթե դիվանագիտական տիրույթում խաղաղություն կոչեցյալի վերաբերյալ հայտարարություններն ընկալելի են՝ հաշվի առնելով, միջազգային հանրությանը, որը, ի վերջո, մատը-մատին չխփեց արցախահայությանն էթնիկ զտման ենթարկելու ընթացքում կամ Արցախի շրջափակումը վերացնելու հարցում, բայց ներհասարակական տիրույթում մենք պետք է հստակորեն հասկանանք եւ արձանագրենք, որ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը եւ նրա բարբարոսական վարչախումբը որեւէ նպատակ չունի ՀՀ-ի հետ ունենալու այնպիսի հարաբերություններ, որոնք հնարավորություն կտան մեր պետությանը զարգանալու, բարգավաճելու, հզորանալու:

Դա Բաքվի կողմից արվում է անթաքույց կերպով, հետեւաբար, պետք է պատրանքները մի կողմ դնել. դիվանագիտական լեզուն մեկ բան է, գործընթացները, շատ դեպքերում, բոլորովին այլ եւ Հայաստանը պետք է առաջ մղի սեփական օրակարգը: Ըստ էության, «մեծ պայծառատեսություն» ունենալ պետք չէ հասկանալու համար, որ Բաքվի եւ Անկարայի նպատակը հնարավորին թույլ Հայաստան ունենալն է այս տարածաշրջանում, եթե, ընդհանրապես նրանք նախատեսում են Հայաստանի համար տեղ՝ հաշվի առնելով այն, որ Բաքվում ՀՀ տարածքը նույնիսկ հրաժարվում են ճանաչել այն քառակուսի կիլոմետրերով, որի մասին խոսում է ՀՀ իշխանությունը: Ավելին, ՀՀ-ն անվանում են երբեւիցե գոյություն չունեցած եւ, հուսով եմ, որեւէ պարագայում գոյություն չունենալիք «Արեւմտյան Ադրբեջան»:

Ուստի, պատրանքները պետք է մի կողմ դնել եւ գոնե ներհասարակական տիրույթում հստակորեն հասկանալ, որ այս տարածաշրջանում Թուրքիա եւ Ադրբեջան պետություններում, առնվազն այս պահին իշխող վարչախմբերի պարագայում, որեւէ խաղաղություն անհնար է լինելու կամ դա չի լինելու երկարաժամկետ, լինելու է հերթական պատրանքը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930