Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծիքով տիրացել են տանս պատին»․ Հարևանն՝ ընդդեմ Գյումրու փոխքաղաքապետի ընտանիքի

Նոյեմբեր 20,2023 21:21

Գյումրու Մայակովսկի փողոց 75 տան սեփականատեր Գագիկ Հարթենյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն և Շիրակի մարզի դատախազություն առ այն, որ իր ու իր մահացած հորեղբոր աղջկա անունից (նա համասեփանակատեր է) կեղծ փաստաթուղթ են սարքել, որով իր տան հիմնական պատերից մեկն անցնում է հարևանին (պատը տես՝ լուսանկարում)։

Իսկ հարևանը Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ մորաքրոջ ընտանիքն է։

Գագիկ Հարթենյանը բողոք է ներկայացրել նաև Aravot.am-ի խմբագրություն՝ցույց տալով տան հատակագիծը, համաձայն որի՝ տվյալ պատը պատկանում է իրենց, ներառված է իր սեփականության վկայականի մեջ, մինչդեռ կեղծ համաձայնագրով անցնում է հարևանին։

Վերջինս իրավապահ համակարգից պահանջում է պարզել, թե ո՞վ է կատարել այդ կեղծիքը և ո՞վ է ձեռք բերել ու օգտագործել իր ու հորեղբոր աղջկա անձնագրային տվյալները։

Նա խնդրում է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կեղծ համաձայնագիրը գրված է տառասխալներով՝ առանց կետադրական նշանների, նույնիսկ հորեղբոր աղջկա՝ Կարինեի ազգանունը մի տեղ գրված է Կարինե Մալխասյան, իսկ ստորագրության մեջ Մախսոյան (տես լուսանկարում)։

 

«Հորեղբորս աղջիկը մահացել է 2023 թվականի փետրվարի 7-ի գիշերը, բայց այս կեղծ համաձայնագիրը գրվել է փետրվարի 1-ին, եթե հորեղբորս աղջկա երեխաների ժառանգություն ստանալու գործընթացը չլիներ, ես չէի էլ իմանա այդ կեղծիքի մասին։ Մոր մահից վեց ամիս անց երեխեքը ժառանգություն պիտի ընդունեին, բայց կադաստրից անշարժ գույքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցրել են, պարզվեց՝ կեղծ համաձայնագրի հիման վրա է այդ կասեցումը»,-ասաց Գագիկ Հարթենյանը։

Նա մեզ ներկայացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի՝ 27․09․2023 թվականին հորեղբոր աղջկա ժառանգին՝ Դիանա Ալբերտի Գաբրիելյանին տրված փաստաթուղթը, որտեղ որպես կասեցման հիմք մասնավորապես նշված է հետևյալը․ «Ըստ էլեկտրոնային կադաստրային քարտեզի հողամասի՝ մակերեսը կազմում է 0․025929 հա, առկա է գծային չափերի անհամապատասխանություն։

https://www.youtube.com/watch?v=1QEIJNhJhmw

Հայտնվում է նաև, որ մարզ Շիրակ, համայնք Գյումրի, Հ․ Թումանյանի փողոց 6-րդ նրբանցք 73 բնակելի տուն հասցեով գույքի պետական գրանցման ժամանակ ներկայացվել է համաձայնագիր (տրված 01/02/2023 թ․) քարտեզում ուղղում կատարելու համար» (տես կադաստրի պետական կոմիտեի տրամադրած փաստաթուղթը):

Նշենք, որ Հ․ Թումանյանի փողոց, 6-րդ նրբանցք, 73 բնակելի տունը պատկանում է փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի ընտանիքին։

Գագիկ Հարթենյանը նշում է․ «Ինձ համար հանելուկ է՝ իմ անձնագրի տվյալները, Կարինեինը որտեղի՞ց են վերցրել, ո՞ր իրավունքով։ Խնդրում եմ ուշադրություն դարձրեք կեղծ համաձայնագրում գրվածին, Կարինե Տեփանոս, Տեփանոսի էլ չէ, այլ Տեփանոս, ազգանունն էլ Մալխասյան, ո՞վ է Մալխասյան Կարինեն։

Իսկ ներքևում՝ստորագրության մեջ արդեն Կ․Մախսոյան է։ Ես հիմա չեմ ուզում մարդկանց մեղքն առնել, բայց ո՞վ է գրել այս թուղթը, պահանջում եմ, որ պարզեն, սա օրենքի երկի՞ր է։ Փաստորեն ստացվում է, որ մեր պատն անցնում է հարևանին։ Պատի լայնությունը 70 սանտիմետր է, երկարությունն էլ 6-7,5 մետր է։ Մեր հիմնական պատն է , որը գծագրով հստակ երևում է»,-ասում է Գագիկ Հարթենյանը։

Մեր հարցին՝ ի՞նչ է անելու հարևանը ձեր պատը, Գագիկ Հարթենյանը պատասխանում է․ «Չգիտեմ, բայց դուրս է գալիս, որ դա իրենն է»:

Վերջինս նշում է, որ այս պատի շուրջ պատմությունը սկսվել է դեռ 2018 թվականից, երբ հարևանը իր տան կողմից պատը քանդել է, որպեսզի սանհանգույցը լայնացնի, սակայն իրավապահները Մկրտչյան ընտանիքին հարկադրել են դադարեցնել շինաշխատանքները, պատի հաստությունը պահպանելով՝ վերականգնել այն։ Նրանք նորից շարել են պատը։

Գագիկ Հարթենյանը ցույց տվեց փաստաթղթերը՝ ուղղված Գյումրու 2018 թվականի քաղաքային իշխանություններին, իրավապահներին, որով հարկադրում են հարևան Մկրտչյաններին վերականգնել պատը (տես փաստաթղթերը)։

Այդ ժամանակ Գագիկ Հարթենյանը դիմել է Շիրակի դատախազ Կ․ Գաբրիելյանին, քրգործ չի հարուցվել, սակայն թաղային տեսուչի հսկողությամբ վերականգնել են:

Նա նշում է` մինչև օրս էլ Մկրտչյաններն օգտվում են իր պատից, բայց ինքը չի արգելում։

«Ես չեմ ասում մի օգտվեք, գնացեք ու ձեր համար պատ շարեք, այսքան ժամանակ օգտվել են, թող էլի օգտվեն, բայց կեղծիքով պատին տիրանալը ո՞րն է։ Ինչո՞ւ այդ կեղծիքը 2018 թվականին չեղավ, 2020 թվականին չեղավ, 2021-ին չեղավ, 2022 թվականին չեղավ, հենց 2023 թվականին եղավ, այսինքն տղայի փոխքաղաքապետ դառնալուց հետո։

Հենց պաշտոնի դրեցին, երևի թե առաջին գործը սա եղավ, որ ինձ ապացուցի, որ պատն իրենցն է, ես չեմ կարող հաստատ ասել, ես ասում եմ երևի։ Ինձ ասում են, որ բերել, նոր չափագրում են արել, պատի շեղում է եղել, բայց պատս էդ ինչպե՞ս շեղվեց, հո չելավ, տեղից գնաց, ի՞նչ շեղման մասին է խոսքը։ Նոր գծագրով՝խալտուրայով տրված է, որ իմ պատը իրենցն է»,-ասում է Գագիկ Հարթենյանը։

Վերջինս նշում է, որ իրեն չի թույլ տալիս մտածելու, թե իրավապահները գործը կկոծկեն՝ հաշվի առնելով Մկրտչյանների՝ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հետ ազգական լինելու հանգամանքը։

«Ես ավելորդ բաներ չեմ ուզում խոսել, միայն ասում եմ՝ կեղծիք է կատարվել, դա ակնհայտ է ու պարտավոր են ընթացք տալ դրան»։

Գագիկ Հարթենյանը մեզ ներկայացրեց նաև փաստաթուղթ՝ տրված «Կումայրի արգելոց- թանգարանի» տնօրենի կողմից, որով Մայակովսկի 75 տունը «Կումայրի պատմամշակութային արգելոց-թանգարանի» կազմում է և հաշվառված է անշարժ հուշարձանների շարքում ՝ որպես տեղական նշանակության հուշարձան։ Կառուցվել է 19-րդ դարի վերջին։ Ըստ փաստաթղթի, այդ տանը որոշ ժամանակ ապրել է Գուսան Շերամը (տես փաստաթղթում)։

Գագիկ Հարթենյանի ասելով՝ այս տունը իրենք ձեռք են բերել 1956 թվականին։ Եվ երբ այս տունը կառուցվել է, շուրջբոլորը տներ չեն եղել, այդ թվում հարևանների՝ Մկրտչյանների տունը չի եղել։

Կադաստրի կոմիտեի տված տեղեկանքում այն 1950 թվականի կառույց է (Տես տեղեկանքը)։

Գագիկ Հարթենյանը այս հարցում շահագրգիռ լինելը շեշտելու նպատակով՝ ցույց է տալիս Գյումրու փոխքաղաքապետ Վահագն Մկրտչյանի կողմից 14․11․2023 թվականի ՀՀ կադասատրի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Սերգեյ Սարգսյանին ուղղված պաշտոնական գրությունը, որտեղ նշված է․ «Հարգելի պարոն Սարգսյան, հիմք ընդունելով որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված հողամասի իրադրության հատակագիծը՝ կատարել Գյումրի քաղաքի Մայակովսկու փողոց 75 հասցեով գույքի սահմանների ճշտում»։ Նա, գրությունը ցույց տալով, շեշտում է այս հարցում հարևանի շահագրգիռ լինելը, ով, ըստ նրա, օգտագործում է պաշտոնական դիրքը՝ նպատակին հասնելու համար։

Aravot.am-ը դիմել է նաև Վահագն Մկրտչյանին, ով ասել է՝ իրենք պատկից 7 հարևաններ ունեն, բայց որևէ մեկի պատը սեփականության իրավունքով իրենց չի պատկանում։

Նա նաև հայտարարեց․ «Չկա նման բան, որ մենք հավակնենք հարևանի պատին»։

Վահագն Մկրտչյանի պարզաբանումը կներկայացնենք վաղը։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930