Լրահոս
Օրվա լրահոսը

Կանադան կարող է զենք վաճառել Հայաստանին, քաղաքական կամք է պետք. սենատոր Լեո Հուսակոս. «Ազատություն»

Նոյեմբեր 20,2023 20:30

«Ազատության» հյուրն է կանադացի պահպանողական սենատոր Լեո Հուսակոսը, նա մասնակցում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին։

«Ազատություն». – Պարոն Սենատոր, ընդամենը մեկ ամիս առաջ Երևանում էր Կանադայի արտգործնախարարը: Նա հայտարարեց, թե Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցը սեղանին է: Տեղյա՞կ եք ինչի մասին է խոսքը:

Հուսակոս. – Խոսքը ընդամենը Թրյուդոյի կառավարության մանր քաղաքականության մասին է։ Նրանք միշտ տպավորություն են ստեղծում, թե ինչ-որ բան են անում, այն դեպքում, երբ իրականում դա չեն անում: Իրականությունն այն է, որ լավ նորություն է, որ մենք բացել ենք Կանադայի դեսպանատունը Երևանում: Ու ես ողջունում եմ դա: Դա իսկապես պահանջված էր ինչպես կանադահայերի, այնպես էլ, իհարկե, Հայաստանում՝ հայ բարեկամների կողմից: Բայց եկեք այստեղ պարզ լինենք, Կանադայի կառավարությունը՝ Թրյուդոյի իշխանությունն էր, որ 2020 թվականին Էրդողանի և իմ Կանադայի վարչապետի հեռախոսազրույցից հետո, ու ես դա ասում եմ տխրությամբ, մենք կանաչ լույս վառեցինք և թույլ տվեցինք, որ lr3Harris կանադական տեխնոլոգիան վաճառվի Թուրքիային։

Մենք Կանադայում ունեինք քաղաքականություն, որը թույլ չէր տալիս մեր կառավարությանը վաճառել ռազմական արտադրանք, որը կարող էր օգտագործվել ընդդեմ ժողովրդի: Բայց Թուրքիան գնեց lr3 տեխնոլոգիան։ Կանադայի կառավարությունը պետք է դա իմանար: Իրենց անօդաչուների վրա դրել են, տվել են ադրբեջանցիներին։ Ադրբեջանցիները դա օգտագործել են Արցախում հայ տղամարդկանց, կանանց ու երեխաներին սպանելու համար։ Եվ իրականությունն այն է, որ իմ վարչապետի և իմ կառավարության ձեռքերն արյունոտ են, երբ նրանք նման գործունեություն են ծավալում։ Այնպես որ, հայ ժողովուրդը չպետք է մոռանա սա։ Դեսպանատները լավ քայլ առաջ են։ Եվ իրադարձությունները դիտարկելը ևս հաճելի է: Բայց դա այն է, ինչ տեղի է ունենում արևմտյան ժողովրդավարությունների հետ: Ամեն անգամ, երբ տեղի է ունենում ճգնաժամ, ողբերգություն և էթնիկ զտում, մենք դիտարկում ենք։ Գործելու ժամանակն է։ Դադարեք խոսել: Սկսենք գործել։

«Ազատություն». – Եթե չեմ սխալվում, Դուք ևս Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ նախատեսող նախաձեռնություն ունեիք:

Հուսակոս. – Ես Կանադայի Սենատում ունեի մի օրինագիծ, որը կոչ էր անում ճանաչել Արցախը, ինչը, իհարկե, արևմտյան ժողովրդավարական երկրներից քչերն են համարձակություն ունեցել անելու: Որովհետև ի վերջո ես չեմ հասկանում, թե որն է դժվարությունը։ Մենք բոլորս գիտենք, որ հազարամյակներ շարունակ հայ ժողովուրդը բնիկ է Արցախի տարածաշրջանում։ Դադարեք անվանել այն Լեռնային Ղարաբաղ։ Եկեք սկսենք կոչել այն, ինչ կա, և դադարենք օգտագործել նման բառապաշար, այն, ինչ ես անվանում եմ փափուկ դիվանագիտություն, հանգստացնել բռնակալներին, երբ գիտենք, որ նրանք օրինական պահանջ չունեն:

«Ազատություն». – Հաղորդվել է, որ Կանադան միանալու է հայ-ադրբեջանական սահմանին Եվրամիության դիտորդական առաքելությանը: Տեղյա՞կ եք, թե ինչ ձևաչափի մասին է խոսքը:

Հուսակոս. – Կանադան, իհարկե, դիտորդական օգնություն կառաջարկի Եվրամիության այդ նախաձեռնությանը: Ես հպարտությամբ կարող եմ ասել, որ մեր՝ Կանադայի կառավարությունը հայտարարել է զգալի օգնության գումարի մասին, որը պատրաստվում է տրամադրել փախստականներին: Բայց նորից սա ևս մեկ օրինակ է, թե որտեղ են արևմտյան ժողովրդավարությունները, ինչպիսիք են Կանադան և մյուսները… Մենք գործում ենք, երբ արդեն ուշ է: Մենք գործում ենք, երբ ողբերգությունն արդեն տեղի է ունեցել։ Մենք նման կերպ ենք գործել Ուկրաինայում։ Հիմա դա անում ենք Արցախի պարագայում։ Մարդուն սպանելուց հետո արդեն ուշ է։ Ոչինչ չես կարող անել նրան փողով փոխհատուցելով: Մենք պետք է միջոցներ և քայլեր ձեռնարկենք, որպեսզի համոզվենք, որ ավտորիտար ռեժիմները, որոնք ոտնձգություն են գործում ժողովրդավարության դեմ, զսպված լինեն նախքան հանցագործություն կատարելը: Եվ դա այն է, ինչ Կանադան պետք է անի: Դա այն է, ինչ պետք է անեն մյուս արևմտյան ժողովրդավարությունները: Ատամներով պաշտպանվենք, քաղաքական գործողություններ ձեռնարկենք, որպեսզի աշխարհի պուտինները, ալիևները, էրդողանները և սիծինպինները հասկանան, որ արևմտյան ժողովրդավարությունները պատրաստ են ամեն գնով պաշտպանել մեր ազատությունն ու ժողովրդավարությունը: Ժամանակին այս ժողովրդավարությունները, որոնք մենք այսօր վայելում ենք, պաշտպանվել են մարդկանց կյանքերի գնով։

«Ազատություն». – Արդյո՞ք Կանադան նաև Հայաստանին զենք վաճառելու պոտենցիալ ունի:

Հուսակոս. – Մենք դա անելու կարողություն ունենք, եթե դա անելու քաղաքական կամք լիներ: Ինչպես ասացի, Կանադան և արևմտյան ժողովրդավարական այլ երկրները հակամարտությունների միջև ընկած ժամանակահատվածներում կարծես մի կողմ քաշվեն ու սպասեն: Ինձ համար դա ծիծաղելի է, քանի որ ագրեսորը ագրեսոր է: Ադրբեջանն ու Հայաստանը հակամարտություն չունեն։ Ադրբեջանն է ագրեսորը։ Եվ մենք պետք է պահանջենք երկրներից, օրինական, արդար հասարակություններից ագրեսորին իր անունով կոչել, երբ նա ագրեսիա է իրականացնում: Երբ դուք նստում եք ցանկապատին ու սպասում, միակ բանը, որ կարող է պատահել, այն է, որ դուք ձեր շալվարը կպատռեք: Դուք պետք է ընտրեք մի կողմ և պետք է լինեք պատմության ճիշտ կողմում: Պետք է նայել պատմական, աշխարհաքաղաքական փաստերին։ Եվ մենք պետք է պաշտպանենք ժողովրդավարությունները: Հայաստանը երիտասարդ, զարգացող ժողովրդավարություն է, որը շրջապատված է ավտորիտար օլիգարխիաներով և ավտորիտար ռեժիմներով: Եթե մենք այս տարածաշրջանում չաջակցենք Հայաստանին, ինչպե՞ս է գոյատևելու ժողովրդավարությունը։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930