Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական մեկնաբանությունները զուտ մանիպուլյացիայի արդյունք են»․ Սիրանուշ Սահակյանը՝ Հաագայի դատարանի որոշման՝ Ադրբեջանի մեկնաբանության մասին

Նոյեմբեր 20,2023 19:30

«Ադրբեջանական մեկնաբանությունները զուտ մանիպուլյացիայի արդյունք են»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով Արդարադատության միջազգային դատարանի որոշման հետ կապված Ադրբեջանի մեկնաբանություններին։

Հիշեցնենք՝ Հաագայի դատարանը բավարարեց ՀՀ-ի դիմումը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ։ Դատարանը որոշեց միջանկյալ միջոց կիրառել և պարտավորեցնել Ադրբեջանին ներկայացնել հաշվետվություն։

Դատարանի որոշման հրապարակումից հետո պաշտոնական Բաքվից ողջունեցին դատարանի որոշումը։ Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարեց, որ դատարանն իր այդ վճռով հաստատել է «Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխան իրավունքները, ինչպես նաև Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»։

Սիրանուշ Սահակյանը մեզ հետ զրույցում փաստեց՝ ՄԱԿ-ի դատարանի առջև դրված չի եղել ԼՂ-ի հակամարտության լուծումը կամ ինքնորոշման իրավունք-տարածքային ամբողջականություն սկզբունքների մրցակցության պայմաններում խնդրի հանգուցալուծումը, ուստի անգամ մեծ ցանկության պարագայում դատարանը չէր կարող այդ հարցերին պատասխան տալ, չէր կարող դա կատարել գործի քննության վաղ փուլում, երբ բացառապես ժամանակավոր միջանկյալ միջոցների հարցն է քննության առարկա դառնում, որի նպատակը անդառնալի վնասի կանխումն է մինչև  արդարադատության վերջնական կայացումը։ Այս երկու հիմնավոր փաստարկների լույսի ներքո ադրբեջանական դիրքորոշումն անհեթեթություն է»։

Սիրանույշ Սահակյանը նշեց՝ դատարանն արձանագրել է, որ վերադարձի իրավունք գոյություն ունի, և Ադրբեջանը չպետք է խոչընդոտի, սպառնալիքներ ստեղծի կամ իրավունքների, բռնաճնշումների ենթարկի հայերին և ապահովի վերադարձի իրավունքը․ «Մյուս կողմից հաշվի առնելով, որ Ադրբեջանի հսկողության տակ գտնվող հայերի կյանքը վտանգված է, ազատ կամարտահայտությունը խեղված է, նաև միջոցներ է պահանջում ձեռնարկել իրենց կամքին համապատասխան նաև այդ տարածքից դուրս գալու մասով, եթե նման որոշում կկայացվի։ Եվ բոլոր դեպքերում պահանջում է, որ Ադրբեջանն ապահովի իր տարածքային իրավասության տակ գտնվող հայերի իրավունքները։ Այս տարածքային իրավասությունը օկուպացիայի ուժով ևս տարածվում է, և միջազգային ատյանները օկուպանտ պետության վրա էլ կարող են նման բեռ դնել, և այդ օկուպացիան կարող է միջազգային իրավունքը խախտող գործողություն լինել և ավելին՝ ագրեսիվ հանցագործության արդյունք»։

Մեր այն դիտարկմանը՝ պաշտոնական Բաքուն նաև հայտարարել է, թե «դատարանը մերժել է Ղարաբաղի տարածաշրջանից ադրբեջանցի զինծառայողների և իրավապահների դուրսբերման անհիմն և անհեթեթ պահանջը», փաստաբանն այսպես արձագանքեց․ «Նախ դատարանը որևէ տեղ չի մատնանշել, որ մերժում է հայկական որևէ պահանջ։

Դատարանն ուղիղ արձանագրել է, որ ex officio իրավունք ունի ձևակերպել նաև հայցի ապահովման միջոցներ, որոնք կարող են թելադրված լինել իրավիճակով։ Դատարանն առանձին չի հստակեցրել, թե հայկական կողմի որ պահանջն է բավարարում, որը մերժում՝ հաշվի առնելով, որ հայցի ապահովման միջոցները վերաձևակերպված են դատարանի կողմից։ Դատարանը ոչ թե ուղղակիորեն  բավարարել կամ մերժել է Հայաստանի կողմից ներկայացված պահանջները, այլ ինքնուրույնաբար է վերաձևակերպել իրավիճակով թելադրված անհապաղ միջոցները։ Ուստի այս առումով էլ մենք որևէ տող չենք գտնում, որտեղ դատարանը արձանագրած կլինի, որ մերժում է այս կամ այն պահանջը։ Դատարանը բառացիորեն ձևակերպել է, որ ՄԱԿ-ի դատարանը պարտադիր չէ, որ պահանջի այնպիսի անհապաղ միջոցներ, ինչպիսիք ձևակերպվել են դիմումատուների կողմից, բայց կարող է պահանջել այլ՝ տարբերվող ապահովման միջոցներ։ Եվ ըստ էության երեք պահանջները, որոնք ձևակերպել է դատարանը, ինքնուրույնաբար է որոշել, և դրանք մասնակի կամ ամբողջովին չեն վերարտադրում ՀՀ կառավարության կողմից ներկայացված պահանջները»։

Սիրանուշ Սահակյանը դրական է համարում, որ Ադրբեջանը, սեփական երկրի հեղինակության մասին մտածելով, որոշել է համագործակցային կեցվածք ընդունել և հարգալից լինել իրավաբանորեն պարտադիր ակտերին․ «Որքան էլ Ադրբեջանը փորձի խեղել իրականությունը, պետք է արձանագրել մի պարզ իրողություն․ ՄԱԿ-ի միջազգային դատարանն անհապաղ միջոցներ է կիրառել Ադրբեջանի նկատմամբ և Ադրբեջանին է պարտավորեցրել կատարել որոշակի գործողություններ և դրանք կիրառել է ՀՀ-ն՝ ընդդեմ  Ադրբեջան գործի շրջանակներում, որպեսզի կանխի անդառնալի վնասների պատճառումը Արցախի և ՀՀ-ի հայերի նկատմամբ։ Եվ այս ամենն արել է ռասսայական խտրականության բոլոր ձևերի կանխման միջազգային կոնվենցիայի համատեքստում»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930