Նոյեմբերի 20-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունում կազմակերպված միջոցառման ընթացքում դեսպան Քրիստինա Քվինը հայտարարեց ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» նոր ծրագրի մեկնարկի մասին։ Հիմնադրամը հատկացնում է 175․000 ԱՄՆ դոլար կոնսերվացման դրամաշնորհ՝ Շիրակի մարզում գտնվող Երերույքի տաճարում (4-5-րդ դար) պահպանության աշխատանքների իրականացման նպատակով։
Դեսպանն ասաց, որ մեծ պատիվ է ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով ներդրում ունենալ Երերույքի տաճարի պահպանության հարցում եւ պահպանել հայկական մշակութային ժառանգության անգնահատելի գանձը:
Նա տեղեկացրեց, որ ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ Հայաստանում 2005թ․-ից սկսած իրականացվել է մշակութային պահպանության 13 ծրագիր, որոնց ուղղվել է ընդհանուր առմամբ 1․4 միլիոն ԱՄՆ դոլար։
Կարդացեք նաև
Միջոցառման ընթացքում կայացավ MVF նվագախմբի «Արթնացում» երաժշտական հոլովակի պրեմիերան, որը պատրաստվել է ԱՄՆ դեսպանության աջակցությամբ՝ նվագախմբի ամերիկյան շրջագայությունից հետո, որը կազմակերպվել էր ԱՄՆ պետքարտուղարության «Սենթեր սթեյջ» մշակութային փոխանակման ծրագրի շրջանակում։ Հոլովակում տեղ են գտնել դրվագներ Երերույքի բազիլիկ տաճարում եւ նվագախմբի ամերիկյան շրջագայության ընթացքում կատարված նկարահանումներից:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, որ առանձնահատուկ է կարեւորում այսօրվա հանդիպումը եւ Երերույքի բազիլիկ տաճարի պահպանության նպատակով ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ծրագրի միջոցով ստորագրվող ֆինանսավորում տրամադրելու հուշաթերթը, որը նաեւ ազդարարում է համագործակցության նոր շրջափուլի մեկնարկի մասին: Նախարարը հիշեցրեց, որ վաղ քրիստոնեական ճարտարապետության եզակի հուշարձան Երերույքի տաճարը ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության պահպանության նախնական ցանկում եւ պատմաճարտարապետական ու գիտական բացառիկ նշանակություն ունի:
Ժաննա Անդրեասյանն իր խոսքում անդրադարձավ նաեւ հայկական մշակութային ժառանգության վտանգվածությանը Արցախի տարածքում. «Այսօր ավելի քան հրատապ խնդիր ունենք ապահովելու այդ մշակութային ժառանգությունը տարածաշրջանում, ու այս ծրագիրը ձեռք է բերում հատուկ նշանակություն այդ իմաստով»:
Նա ծրագրի հաջողության գործում բարձր գնահատեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության, Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի եւ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի աջակցությունն ու մասնակցությունը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից: