Լրահոս
Օրվա լրահոսը

«Քրիստինա Վարդանյանը բույսի ֆիզիոլոգիայից ի՞նչ է հասկանում, որ խոսում է։ Ես հիմա բժշկուհուն լսե՞մ, թե՞ ծառագիտության առաջատար մասնագետներին»․ Արմեն Բեգոյան

Նոյեմբեր 20,2023 18:35

Երեւանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը Ֆեյսբուքի իր էջում ահազանգում է մայրաքաղաքում իր բնութագրմամբ՝ ծառերի սխալ եւ վտանգավոր էտման մասին։

« Նայեք խնդրեմ, 2020-ի նոյեմբերին «Կանաչապատման» ՀՈԱԿ-ի նույն թիմի կողմից կատարած երևանյան էտի նկարները եւ համեմատեք այն վանդալիզմի հետ, որ պետական մակարդակով իրականացնում է այսօր։ Ծառի սաղարթի 25%-ից ավելիի կորուստը ճակատագրական է բույսի համար, սպասվում է սով, առաջանում են հսկայական վերքեր եւ բույսի է կյանքի տեւողության կրճատում։ Այդ գերանները, որ թողնում են ծառի վրա՝ աղետ է բույսի ֆիզիոլոգիայից ելնելով եւ լինելու է էպիկարմիկ աճ՝ իր հետեւանքներով։ Կազմակերպության մասնագիտական թիմին է ուղղված ասելիքս, ի՞նչ եք անում կանաչ ֆոնդի հետ, ձեր արածը ուղիղ սպառնալիք է բնակչության առողջությանն ու կյանքին»,-գրել է Վարդանյանը։

«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը Aravot.am-ի հետ զրույցում Քրիստիան Վարդանյանի գրառման եւ ահազանգի մասին ասաց․ «Նա ոլորտում ոչ մեկն է, իր ասած որեւիցե բան չի կարող ո՛չ ինձ համար հիմք հանդիսանալ, ոչ էլ՝ հանրության։ Ոչ մասնագետը որեւէ բան չի կարող ասել։ Մասնագետ չհանդիսացող մարդկանց երեւակայությանը զոռ տված մտքերը մեկնաբանելու կարիք չկա»։

Բեգոյանի խոսքով՝ եթե Վարդանյանը մայրաքաղաքում իրականացվող էտի մասին է խոսում, ապա դա սանիտարական էտ է․ «Ինչ վերաբերում է թեղիներին, դրանք ամբողջ քաղաքում պետք է փոխարինվեն եւ քանի որ դրանք շատ են, տարիներ կտեւի այդ գործընթացը։ Այն թեղիները, որոնք մոտակա ժամանակներում ներառված չեն մեր՝ ծառերի փոխարինման ծրագրերում, դրանք ենթարկվում են, այսպես ասած՝ երիտասարդացման։ Այսինքն՝ մի քիչ կարճացվում են, քանի որ կենսունակության ավարտին են, որպեսզի կարողանան փոքր սաղարթը պահել, մինչեւ հերթը կհասնի իրենց։ Մնացած ծառերի մասին՝ հեռացվում են չոր ճյուղերը եւ ոչ ավելին, որոշ դեպքերում գիշերային լուսավորությունը փակող որոշ ծառերի ծայրի ճյուղերից թեթեւակի հեռացվում են»։

Մեջբերեցինք Վարդանյանի գրառումից մի հատված՝ «Այդ գերանները, որ թողնում են ծառի վրա՝ աղետ է բույսի ֆիզիոլոգիայից ելնելով եւ լինելու է էպիկարմիկ աճ՝ իր հետեւանքներով»։ Ի պատասխան սրա, Բեգոյանն ասաց․ Բույսի ֆիզիոլոգիայից Քրիստինա Վարդանյանն ի՞նչ է հասկանում, որ մի հատ էլ խոսում է։ Ես էլ տիեզերագնացությունից խոսե՞մ»։

Փոխանցեցինք Վարդանյանի գրառումից մեկ այլ հատված՝ «․․․ իմ մասնագիտական որակումները ՀՀ ԲՈԿ-ի կողմից են ամրագրված ու ամբողջ ԱՊՀ տարածքի մասնագիտական թիմով դաջված ոլորտում։ Ասելիքս էլ միշտ եղել է հանուն Երեւանի եւ կանաչ ֆոնդի․․․»։

«Հո ասելով չէ՞։ Ինքը բժշկական գիտությունների թեկնածու է, կանաչապատման մասնագետ դարձա՞վ։ Բուսաբանության, անտառագիտության, ծառագիտության ոլորտների մասնագետ ո՞նց դարձավ։ Մենք գիտխորհուրդ ունենք, ոչի՞նչ, որ մեզ էլ ասում են բուսաբան-ակադեմիկները, բուսաբանության գիտությունների դոկտոր-պրոֆեսորները, անտառագիտության պրոֆեսորները, դոցենտներն ու գիտության թեկնածուները։ Հիմա ես ո՞ւմ լսեմ, լսեմ ասենք՝ ֆիզիկոսի՞ն, բժշկուհո՞ւն, թե՞ լսեմ ծառագիտության առաջատար մասնագետներին, ինչպիսին Ժիրայր Վարդանյանն է։

Քրիստինա Վարդանյանը թող զբաղվի իր գործերով, եւ եթե դեռ չի մոռացել իր մասնագիտությունը կամ երբեւէ տիրապետել է իր մասնագիտությանը, բժշկական գիտությունների թեկնածու է, կարծեմ մանկաբույժ է, շատ լավ մասնագիտություն է թող զբաղվի երեխաների բուժմամբ, շատ գեղեցիկ մասնագիտություն է»,-այսպես արձագանքեց Բեգոյանն՝ ի պատասխան Վարդանյանի նշած՝ իր իսկ մասնագիտական որակավորման մասին գրառման։

Նշենք, որ Քրիստինա Վարդանյանը Երեւանի պետական բժշկական համալսարանի «Հիգիենա եւ էկոլոգիա» ամբիոնի դոցենտ է։ Սա նշված է ԵՊԲՀ-ի կայքում։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930