Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ-ում ասաց, որ այս տարվա 10 ամիսների ընթացքում արդեն 2 մլն-ից ավելի զբոսաշրջիկ է եկել Հայաստան, 2026-ին ծրագրել էին հասցնել զբոսաշրջիկների թիվը 2,5 մլն-ի, արդեն այդ թվին մոտ են:
Լրագրողները հարցրեցին՝ դա՝ հնդիկների շնորհի՞վ: Նախարարը պատասխանեց. «Չէ, կա միջազգային մեթոդաբանություն, թե ով է համարվում զբոսաշրջիկ: Այն մարդիկ, որոնք աշխատանքային միգրանտներ են, նրանք չեն համարվում: Անշուշտ, եթե Հնդկաստանից զբոսաշրջիկներ էլ այցելեն, մենք միայն ուրախ պիտի լինենք ու այդ ուղղությամբ աշխատում ենք: Ասիական շուկայում մենք պարբերաբար մասնակցում ենք զբոսաշրջային ցուցահանդեսների, գովազդային արշավներ ենք կազմակերպում: Պիտի նշեմ, որ անցած շաբաթ ես Ճապոնիա էի գնացել եւ «Օսակա էքսպոյի» շրջանակներում պլանավորում ենք 2025-ին Հայաստանը Ճապոնիայի հասարակությանը ներկայացնել՝ որպես գրավիչ զբոսաշրջային ուղղություն: Մենք դիվերսիֆիկացնում ենք նաեւ մեր զբոսաշրջային ջանքերը»:
Հարցին՝ հնդիկների թիվը Հայաստանում կա՞, որովհետեւ տպավորություն է, որ առաջիկայում նրանք հայերից շատ կլինեն Հայաստանում՝ Քերոբյանը պատասխանեց. «Տարբեր թվեր են հնչում: Մեր թվերը, որ վերցրել ենք ընդհանրապես սահմանահատումների վերաբերյալ, խոսում է այն մասին, որ ավելի քիչ են, քան 30 հազարը, գուցե 20 հազար: 60 հազար թիվը ճշմարտությանը չի համապատասխանում: Մենք 2010-ից վերցրել ենք սահմանահատումների քանակը, մոտ 20-30 հազարի միջակայքում է»:
Քերոբյանն ասաց, որ բարձր որակավորում ունեցող մասնագետներ Հայաստան գալիս են ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, իսկ Ուզբեկստանից Իրանից եւ Հնդկաստանից հիմնականում գալիս են, կոպիտ ասած, ցածր որակավորում ունեցող աշխատողներ, որոնք բանվորական տարբեր մակարդակի աշխատանքներ են կատարում: Հիմա ավելի շատ աշխատում են, որ Ղարաբաղից բռնի տեղահանվածները ապահովվեն աշխատանքով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ