Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանն ու Ալիեւը երկուսով են որոշել ու հայտարարում, որ Արցախն Ադրբեջանի մաս է, եւ աշխարհը զարմացած նայում է». Հրանտ Խաչատրյան

Նոյեմբեր 20,2023 16:27

«Առավոտի» զրուցակիցն է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Խաչատրյանը։

-Պարոն Խաչատրյան, Արցախի հարցն այլեւս փակվա՞ծ է, թե՞ նոր հնարավորություններ կան։

Հրանտ Խաչատրյանի լուսանկարը՝ ֆեյսբուքյան էջից

-Արցախի հարցի փակված լինելը ես այլ կերպ էի պատկերացնում։ Ճշմարտությունն այն է, որ 1989 թվականի դեկտեմբերի 1-ից Արցախյան հիմնախնդիրը համարվել է լուծված՝ եւ մեզ համար, եւ ողջ աշխարհի համար։ (1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը վերամիավորման որոշում են ընդունել)։ ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր ոչ թե Արցախի հիմնախնդիրը լուծելու համար, այլ ստեղծվել էր այդ հիմնախնդրի հետ կապված հակամարտությունը կարգավորելու համար։ Հատկապես միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների համաձայն՝ բացառելու զինված միջամտությունն այդ հակամարտությունը լուծելու հարցում։ Այսինքն՝ խաղաղ ճանապարհով հաստատելու համար այն լուծումը, որն արդեն տրված էր երկու կողմերի հարաբերությունների արդյունքում։ Այսինքն՝ լուծումն այն է, որ Արցախը փաստացի հանդիսանում է Հայաստանի մաս։ Դրան դեմ է Ադրբեջանը՝ առանց հիմնավոր փաստարկներ բերելու։ Եվ Մինսկի խումբը պետք է այդ հարցը համաձայնության բերեր՝ բացառելով ռազմական հակամարտությունը։

Ես սա հենց այնպես չեմ ասում, իմ հիշողության մեջ է այն դեպքը, երբ Մինսկի խմբի երեք համանախագահները եկել էին Երեւան եւ Արցախի հարցով զբաղվող խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ էին հանդիպում։ Ներկա էր նաեւ ԱՄՆ դեսպանը, որը վարում էր այդ հանդիպումը։ Այնտեղ հարց տրվեց, թե ինչո՞ւ Մինսկի խումբը հիմքում չի դնում պատմական ճշմարտությունը։ Դիվանագիտական պատասխան տվեցին, որ Մինսկի խմբի ֆունկցիաների մեջ չի մտնում այդ քննարկումը։ Հաջորդ հարցը ես տվեցի, ասացի՝ ձեր պատասխանից կարո՞ղ ենք հասկանալ, որ Մինսկի խումբը՝ հանձինս ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ը նույնպես, հիմնախնդիրը համարում են լուծված։ Այն ժամանակվա ռուսաստանցի համանախագահ Մերզլյակովը խորհրդակցեց մյուս համանախագահների հետ ու ասաց՝ «կարելի է նաեւ այդպես ձեւակերպել, բայց ես կրկնում եմ, որ ճշմարտության բացահայտումը չի մտնում Մինսկի խմբի ֆունկցիաների մեջ, մեր հիմնական գործառույթը զինված հակամարտությունը կանխելն է»։

Այսինքն՝ երեք տասնամյակ եղել է այդպիսի տրամադրություն, որ Արցախի հիմնախնդիրը լուծված է, այսինքն՝ Արցախը հանդիսանում է Հայաստանի մաս եւ ինտեգրվում է Հայաստանին։ Դրան ոչ ոք կտրուկ դեմ չի եղել, բացի Ադրբեջանից ու դրա թիկունքում այն ժամանակ թաքնվող Թուրքիայից։ Իսկ հիմա փորձում են մեզ ներկայացնել, որ Արցախի հարցը փակված է՝ ճիշտ հակառակ ձեւակերպմամբ, այսինքն՝ Արցախն Ադրբեջանի մասն է։ Եվ այդ տեսակետը հայտնել են Ալիեւը ու Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն՝ երկուսով որոշել են ու հայտարարում են, որ Արցախն Ադրբեջանի մաս է։ Եվ ամբողջ աշխարհը հիմա զարմացած նայում է, թե իրենք ի՞նչ իրավունք ունեին այդպիսի հայտարարություն անելու։ Բոլորս գիտենք, որ այդպիսի հայտարարություններ անելու համար այս երկուսի թեւերի տակ ձմերուկներ են դրել տարբեր պետություններ՝ իրենց ղեկավարներով։ Բայց այդ ամենը ստվերում է, ոչ մի պաշտոնական դիրքորոշում չի հայտնվել դրա վերաբերյալ։ Այդ պատճառով մենք իրավունք ունենք ուղղակի անտեսել, որ միջամտություն է եղել Հայաստանի ու Ադրբեջանի ներքին գործերին։ Այսպիսի միջամտությունը դեմ է միջազգային իրավունքին։ Եվ նույնիսկ միջազգային իրավունքի այսօրվա այս աստիճանի խախտումների դեպքում մենք իրավունք ունենք անտեսելու այն ամենը, ինչ արվել է ստվերում։ Մենք իրավունք ունենք բացատրություն պահանջելու երկու հոգուց՝ Ալիեւից ու Փաշինյանից, թե ինչո՞ւ են նրանք այդպիսի հայտարարություններով որոշակի իրավիճակ ստեղծել, որտեղ արդեն դժվար է միջազգային իրավունքի համաձայն փաստացի պահանջներ ներկայացնել։

-Եթե միջազգային իրավունքի համաձայն առ ոչինչ է այն, ինչ տեղի է ունեցել, ի՞նչ պետք է անել։ Բացի այն, որ ունենք պահանջելու իրավունք, ուրիշ ի՞նչ է հնարավոր անել։

-Ամեն ինչ սկսվում է պահանջելու իրավունքից։ Եվ մեր սերունդը, եւ դրանից հետո եկած սերունդը, որի ներկայացուցիչներն այսօր 40-45 տարեկան են, իրենց այդ իրավունքը լավ թե վատ իրականացրել են։ Այսինքն՝ գործող իշխանություններից պահանջել են պահպանել այդ նշաձողը, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի մաս։ Ես՝ որպես ընդդիմության ներկայացուցիչ, իշխանություններից ավելին եմ պահանջել, որ նրանք իրականացնեն Արցախի լիարժեք ինտեգրումը Հայաստանի բոլոր ոլորտներում։ Եվ միջազգային ասպարեզում Արցախը Հայաստանի մաս լինելու գիծը վարելու պահանջ եմ ներկայացրել։ Ցավոք սրտի, հասարակությունը դա համարել է արմատական, եւ հասարակության շատ լայն շերտերը մեզ չեն պաշտպանել։ Պատճառներն էլ հայտնի են՝ պաշտոնական քարոզչությունը, որը բավարար էր թվում հասարակության խաղաղասեր հատվածներին։ Միջազգային հանրությունը հանգիստ վերաբերմունք ուներ այն հարցին, որ Արցախը շարունակում է դե ֆակտո մնալ Հայաստանի մաս, դե յուրե նույնպես Հայաստանի օրենսդրության մաս էր, բավականաչափ ինտեգրված, ինչ-որ չափով ավելի լավ, քան Հայաստանի մյուս մարզերը։ Այդ լոյալությունը հանգեցրեց նրան, որ եղան համաշխարհային փոփոխություններ, միջազգային իրավունքի անտեսում, գերտերությունների շահերի առաջմղում։ Եվ մենք այս մի փուլին պատրաստ չեղանք, մեր անունից հանգեցրեցին այս իրավիճակին։

Այս պայմաններում կարեւորն այն է, որ վճռական ձայնի իրավունք ունեցող մարդիկ իրենց խոսքն ասեն։ Իսկ ընտրությունների ու հանրաքվեների ժամանակ վճռական ձայնի իրավունք ունեն ՀՀ բոլոր քաղաքացիները, ներառյալ արցախցիները։ Եվ հայաստանաբնակ, եւ արցախաբնակ հայերը հիմա են հասկացել, որ քաղաքացիության առումով հավասար իրավունքներ ունեն Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք Հայաստանի քաղաքացիներ են հենց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն։ Հիմա է քննարկվում նրան հավասար իրավազորության հարցը՝ որպես ՀՀ քաղաքացիներ։

Ես ինչո՞ւ եմ դա կապում հնարավոր հանրաքվեի ու ընտրությունների հետ։ Հանրաքվեն հարուցելու ձեւեր կան։ Ըստ Հայաստանի այսօրվա իշխանությունների տեսակետի՝ Հայաստանը երաշխավորում էր արցախցիների իրավունքները, այդ թվում՝ իրենց հողի վրա ապրելու։ Հիմա իշխանությունները կարող են էլի կես քայլ նահանջ կատարել, ասել, որ իրենք այլեւս իրենց հողի վրա չեն ապրում, այս մի իրավունքի վրա էլ ենք խաչ քաշում եւ շարունակում ենք պահպանել նրանք մյուս իրավունքները՝ Հայաստանում կամ այլ տեղ, բայց նոր անձնագրով, նոր քաղաքացիությամբ։ Կարծես թե արցախցիների հազարամյա կյանքն իրենց բնօրրանում գոյություն չի ունեցել, 30 տարվա այդ անկախ գոյությունը միջազգային բոլոր չափանիշներով գոյություն չի ունեցել, եւ հիմա արցախաբնակ հայերը պետք է զրոյից նոր կյանք սկսեն ու իրենց հաջորդ հազարամյակների պատմությունը կերտեն։ Այդպես չի լինում ոչ տեսականորեն, ոչ գործնականում։

Ավելի գործնական խնդիր է Հայաստանի իշխանությունների տեսակետը փոխելը, որը երկու ճանապարհով է հնարավոր։ Մեկը գործող իշխանությունների վրա այնպիսի ազդեցությամբ, որ նրանք իրենց տեսակետը համաձայնեցնեն հայ ժողովրդի իրավունքների եւ շահերի հետ, մյուսը՝ նրանց փոխարեն մեկ այլ իշխանությունը ձեւավորելով։ Երկու դեպքում էլ հայտնի է՝ ինչ է պետք անել։ Դա քաղաքական դաշտը վերակազմավորելու միջոցով է հնարավոր։ Երկու ճանապարհներն էլ ինձ համար ընդունելի են, բայց երկու ճանապարհով էլ գնացողների թիվը քիչ է, որովհետեւ քաղաքական դաշտի բնական շինանյութը քաղաքական կազմավորումներ են՝ կուսակցությունները։ Եղած կուսակցությունները չեն վերադասավորում, նոր կուսակցություններ չեմ ստեղծվում։ Այդ պատճառով այս պարզ նպատակը մեզ շատ հեռու է թվում, իսկ շատերի համար էլ անհասանելի է թվում։ Երբ այդ գործընթացը սկսի տեսանելի տեղի ունենալ՝ եւ մեզ համար, եւ արտաքին աշխարհի համար, որը շատ ուշադիր հետեւում է ներհայաստանյան զարգացումներին, գործընթացը կգա այնպիսի նորմալ վիճակի, որ բոլորը կսկսեն քննարկել արցախցու իրավունքները։

Հայաստանում քաղաքական կյանքը մեռած է, երբ քաղաքական կյանքը վերականգնվի, արդեն այն, ինչ ես եմ ասում, կդիտվի որպես սովորական անելիքների տարբերակներից մեկը։ Նոր տարբերակներ առաջ կգան, բանավեճ ու քննարկում տեղի կունենա վիճաբանության փոխարեն, եւ ամեն ինչ կդառնա նույնքան սովորական, որքան երեք տասնամյակ եղել է։ Ուղղակի այս անգամ պետք է զգույշ լինենք, որ շատ սովորական չդառնա, ինչպես նախորդ երեք տասնամյակում, եւ մարդիկ հասկանան, որ եթե խաղաղություն են ուզում, պետք է պատրաստվեն հաջորդ պատերազմին։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930