Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «ԵԱՀԿ ինստիտուցիոնալ կառույցի ներկայացուցիչները նախ պետք է իրենց կազմակերպությունները հարգեն»

Նոյեմբեր 20,2023 16:15

Արտակարգ եւ լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի արտագնա նիստի շրջանակներում օրերս Երեւան այցելած պատգամավորներին, ասաց. «ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը ԵԱՀԿ ինստիտուցիոնալ մարմին է, իսկ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը այն կազմակերպությունն է, որը միջազգային մանդատ ուներ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացում միջնորդ հանդես գալու: Հետեւաբար, ԵԱՀԿ ինստիտուցիոնալ կառույցի ներկայացուցիչները նախ պետք է իրենց կազմակերպությունները հարգեն:

Ի՞նչ սկզբունքներ է առաջ քաշել ԵԱՀԿ-ն, համանախագահողները ի՞նչ սկզբունքներով են առաջնորդվել: Ու գալիս, նստում են մի իրողության առաջ, որ Հարավային Կովկասում երկու միջնադարյան բռնապետեր խախտել են աշխարհի կարգը, միջազգայնորեն ընդունված սկզբունքները, որը վերաբերում էր ուժ եւ ուժի սպառնալիք չկիրառելուն, ազգերի ինքնորոշման իրավունքի իրացմանը, տարածքային ամբողջականությանը, որը վերաբերելի էր ոչ միայն Ադրբեջանին, այլ նաեւ Արցախին: Այդ սկզբունքներով են պայմանավորվել, որ պետք է խաղաղ հանգուցալուծում լինի, բայց այդ միջնադարյան բռնապետերը իրար հետ համաձայնության են գալիս, թե արի էս հարցն այսպես լուծենք, որովհետեւ մենք ավելի կարեւոր հարց ունենք՝ ռուսներին պիտի այս տարածաշրջանից հանենք»:

Նա նաեւ ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահողները՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Ռուսաստանը, միայն իրենք երեքը չեն: «Նրանք մանդատ ունեն ողջ միջազգային հանրության անունից բանակցելու եւ որոշում կայացնելու: Այսինքն, իրենք անձնապես, միայն իրենց պետություններով չեն ներգրավված: ԵԱՀԿ պատգամավորներ են, իրենց անդամ երկրների խորհրդարանների ներկայացուցիչներ: Բա, իրենք իրենց կազմակերպության սկզբունքները չեն հարգո՞ւմ:

Նաեւ հետաքրքիր է, որ Հայաստանում այդ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը կազմակերպել է Հայաստանի խորհրդարանը, որ վեհաժողովը կազմակերպվել է Ծիծեռնակաբերդում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում, որը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի հարեւանությամբ է գտնվում: Եվ չեն կազմակերպել, որպեսզի պատվիրակները կազմակերպված ձեւով գնան եւ ծաղիկներ դնեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում: Մի բան, որը Հայաստանում պետական արարողակարգի պարտադիր բաղադրիչ է հանդիսացել: Մի քանի պատվիրակություններ՝ Ֆրանսիայի, Կիպրոսի, Շվեդիայի, առանձին են գնացել, Խորվաթիայի մի քանի խորհրդարանականներ: Իսկ Հայաստանի խորհրդարանից ոչ մի պատգամավոր իրենց չի ուղեկցել հուշահամալիր, որը հարեւանությամբ է: Այսինքն, կարող էին ծրագրով նախատեսել, որ ընդմիջման ժամին բոլորը միասին գնային: Եվ դա այն դեպքում, որ ԵԱՀԿ անդամ պետությունների մի զգալի մասի խորհրդարանները իրենց բանաձեւերով ընդունել ու դատապարտել են Հայոց ցեղասպանությունը:

Բայց դրա փոխարեն ԵԱՀԿ պատգամավորներին բերել էին Պատմության թանգարան ու ճաշկերույթ կազմակերպել»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930