Այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրեց «Զբոսաշրջության մասին» նոր օրենսդրական փաթեթը, որով զբոսաշրջային գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա, սահմանվում են միջազգային մեխանիզմներ՝ զբոսավարներին որակավորելու համար, զբոսաշրջային օպերատորների համար սահմանվում են պահանջներ՝ պայմանագրի կնքման, ֆինանսական երաշխիքների մասին:
Քերոբյանն ասաց, որ 2024-ին Հայաստանը ճանաչելի դարձնելու համար 1,5 մլրդ է տրամադրվել, մինչ այդ 200 մլն են ծախսել դրա համար:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարցրեց. «Պարո՛ն Քերոբյան, վերջին անգամ ե՞րբ եք Ջերմուկում եղել: Զբոսաշրջային կենտրոններից մեկը Ջերմուկն է եւ սահմանամերձ Տավուշը, Սյունիքը: Դուք ասում եք՝ գրավչությունն ենք բարձրացրել, սահուն կերպով չանդրադարձաք, թե աշխարհաքաղաքական ի՞նչ իրողություններով է պայմանավորված, որ մեծ թվով ՌԴ քաղաքացիներ են Հայաստան գալիս: Զբոսաշրջությամբ ես չեմ զբաղվել, բայց բարեբախտաբար զբոսաշրջիկ եղել եմ: Զբոսաշրջիկների համար ամենակարեւոր բանը անվտանգությունն է, հատկապես, երբ ընտանիքդ ես տանում: Հիմա այս օրենքը լուծելո՞ւ է այդ հարցը: Մենք Ջերմուկում տեսնելո՞ւ ենք գերհագեցած հյուրանոցային տնտեսություններ, թե՞ տեսնելու ենք այն վիճակը, ինչ ցավոք, հիմա կա»: Ըստ Թադեւոս Ավետիսյանի, Ջերմուկ գնացող տուրիստը գիտի, որ ճանապարհներին կրակում են:
Բացի այդ, Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ Քերոբյանը տոգորված այս ոլորտի նկատմամբ վերահսկողություն վերցնել ու այն լրացնում է տուգանքներով. «Դուք դրանով ի՞նչ նպատակ եք հետապնդում, կոնկրետ ասեք՝ այս տուգանքի վերահսկողությունը վերաբերում է այս գործառույթին, կոնկրետ լուծելու է այս չլուծված խնդիրը, որն էլ առաջացնելու է հետեւյալ դրական ազդեցությունը, մենք հասկանանք»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Հայաստանի ճանաչելիության վրա այդքան գումար ծախսելուն՝ Ավետիսյանը հարցրեց՝ հանրային այդքան միջոցը, որ ծախսել եք, ի՞նչ արդյունք կա. «Էդ 7 անգամ ավել փողը, որը ծախսել եք ամբողջությամբ, բարով վայելեք, ծրագրային բյուջետավորման մեջ չափելի արդյունքին դուք հասե՞լ եք, թե՞ ոչ»:
Մինչ Քերոբյանը կպատասխաներ, ՔՊ պատգամավոր Դավիթ Առուշանյանը հեռախոսով նիստի ժամանակ կապվեց զբոսաշրջային ընկերություններից մեկի հետ ու տեղեկացրեց, թե Ջերմուկում Ամանորին հյուրանոցներ կան, որոնք ազատ տեղեր չունեն, այսինքն, հագեցած են. «Շատ վտանգավոր բան ասաց պարոն Ավետիսյանը: Արդեն Ամանորին Ջերմուկի հյուրանոցները տեղեր չունեն, մենք ասում ենք՝ զբոսաշրջիկը այն ճանապարհով է գնում-գալիս, որտեղ կրակում են: Վստահեցնում եմ, ճանապարհներին չեն կրակում, ներքին անվտանգությունը Հայաստանում ապահոված է շատ բարձր մակարդակով, որը ցույց են տալիս միջազգային շատ կառույցներ: Անվտանգ Ջերմուկ կունենանք, երբ ունենանք Խաղաղության պայմանագիր, երբ որ մեր սահմանները արդեն հստակեցված կլինեն, երբ կունենանք «Խաղաղության խաչմերուկ»:
Քերոբյանն էլ ասաց. «Ջերմուկում եղել եմ հուլիս ամսին՝ քննարկելու, թե ինչպես են անցնում ամառային ամիսները: Հանդիպեցի հյուրանոցների հետ, խնդրեցին մի քիչ ակտիվացնել ու քանի որ մենք փառատոնային միջոցառման համար խնայողություններ ունեինք, որոշեցինք օգոստոսին փառատոն անցկացնել Ջերմուկում, որն այնպիսի հաջողությամբ անցավ, որ բոլոր հյուրանոցները զբաղված էին: Այս օրենքը ապահովության տեսակետից նպաստում է, որ զբոսաշրջիկները երկրի ներսում ապահովված լինեն լավ ծառայություններով, չենթարկվեն տարբեր տեսակի խաբեության: Իսկ անվտանգության տեսանկյունից գիտեք, որ կառավարությունը ու մեր կուսակցությունը մեծ ջանքեր է գործադրում, որ ապահովի երկարատեւ անվտանգությունը»:
Քերոբյանը նաեւ նշեց, որ մեր երկիրը ապահով է, 140 երկրների մեջ 7-րդն ենք, որովհետեւ մեր երկրում բռնի հանցագործությունների մակարդակը շատ ցածր է. «Զբոսաշրջության աճով մեր երկիրը 6-րդն է, զիջում ենք Քաթարին, Սաուդյան Արաբիային եւ մի քանի այլ երկրների: Մենք հասել ենք նույնիսկ այն թիրախին, որին պետք է հասնեինք 2026-ին: Մեր պլանն այն էր, որ ապահովեինք 2026-ին Հայաստան գար 2,5 մլն զբոսաշրջիկ, հիմա 2023-ին համարյա հասել ենք այդ թիրախին: Իհարկե, կարելի է ասել այս պատճառով է, այն պատճառով է եւ այլն: Ես կարող եմ կեսկատակ, կեսլուրջ ասել՝ անգլիացիներն ասում են՝ պուդինգի նպատակը իր ուտելն է, հիմա, երբ մենք ուտում ենք էդ պուդինգը, ասում ենք՝ չէ, վսյո ժե էդ պուդինգը չկա, էլի, այսինքն, աշխատանքը չկա: Աշխատանքի ապացույցը արդյունքն է, մենք ասում ենք՝ արդյունքը դեռ չի նշանակում, որ աշխատանք կա, դա ձեր նարատիվն է: Նույնը, երբ ասում եք՝ տնտեսական այս աճը կապ չունի կառավարության աշխատանքի հետ: Կառավարությունն ապահովել է այն միջավայրը, որը կարողացել է ապահովի այս տնտեսական աճը»:
Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ այն զբոսաշրջիկը, որը լսել է Հայաստանի անվտանգային խնդիրների մասին, դժվար է նրան փառատոնների տանել:
Քերոբյանն արձագանքեց. «Ճիշտ եք ասում, որ դժվար է փառատոններով բերել, բայց անում ենք ու ստացվում է: Դժվար բաներ ենք անում ու ստացվում է»:
Ինչ վերաբերում է տուգանքներին, Քերոբյանն ասաց. «Մենք ուզում ենք, որ զբոսաշրջային գործունեություն իրականացնող օպերատորներն ունենան ֆինանսական երաշխիք, որ եթե չկարողանան կատարել իրենց խոստացածը, գոնե կարողանան վճարել մարդկանց գումարները: Եթե դա չունենան, սպասվում է տուգանք նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ