Այսօր էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում ներկայացրեց «Զբոսաշրջության մասին» նոր օրենսդրական փաթեթը, որը որակեց «էական ռեֆորմ՝ զբոսաշրջության զարգացմանն ուղղված»:
Այս նախագծով զբոսաշրջային գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա, սահմանվում են միջազգային մեխանիզմներ՝ զբոսավարներին որակավորելու համար, զբոսաշրջային օպերատորների համար սահմանվում են պահանջներ՝ պայմանագրի կնքման, ֆինանսական երաշխիքների մասին:
Քերոբյանն ասաց, որ այս տարվա 10 ամիսներին 2 մլն-ից ավելի զբոսաշրջիկ է այցելել Հայաստան, օրենքի ընդունումը նպատակ ունի կարգավորել ներգնա ու արտագնա զբոսաշրջությունը: Զբոսաշրջային օպերատորները չեն աշխատելու այն զբոսավարների հետ, որոնք որակավորված չեն:
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության պատգամավոր Դավիթ Առուշանյանն ասաց, որ զբոսաշրջությունը ազգային անվտանգության խնդիր ունի ու տուրիստները, զբոսավարները, որոնք գալիս են ու ներկայացնում են Հայաստանի պատմությունը, կարեւոր դեր ունեն: Մինչ այս օրենքը, այլ երկրների ներկայացուցիչները Հայաստանի սահմանների, մշակույթի, պատմության սեփական տեսակետն են մատուցել: Հիմա, հաշվի առնելով, որ սահմանների բացման հարց կա, պետք է հարեւանների նկրտումներից պաշտպանել մեր մշակույթն ու պատմությունը: Նա նաեւ նշեց, որ արտաքին քաղաքականության համար էլ զբոսաշրջիկների վրա այսպես ասած «աշխատելը» կարեւոր է, որովհետեւ նրանք կարող են դառնալ Հայաստանի դեսպանը՝ իրենց երկրում:
Քերոբյանն ասաց, որ Հայաստանում զբոսաշրջությունը գրավիչ դարձնելու համար պետք է ենթակառուցվածքները զարգացնել, ծառայությունների որակը լավացնել ու մարքեթինգին ուշադրություն դարձնել: Նախարարի խոսքով՝ 2024-ին Հայաստանը ճանաչելի դարձնելու համար 1,5 մլրդ դրամ բյուջե է տրամադրվել, 2017-ին 200 մլն դրամ էր հատկացվում:
Դավիթ Առուշանյանը նշեց, որ կան զբոսաշրջային ընկերություններ, որոնք մարդկանցից գումարներ են վերցնում ու խաբում, մարդիկ չեն կարողանում գնալ հանգստանալու: Գնում են այլ երկիր եւ չեն կարողանում այնտեղից վերադառնալ, այդ գումարը պետությունն է հոգում, քրեական գործեր հարուցում, ամեն դեպքում պետությունը խնդրի առաջ է կանգնում. «Այս օրենքը դա է նաեւ կարգավորում, որ մեր քաղաքացիները պաշտպանված լինեն արտագնա զբոսաշրջության համար»:
ՔՊ պատգամավոր Ծովինար Վարդանյանը տարակուսած էր նախագծում «սփյուռքահայ զբոսաշրջիկ» հասկացությունից. «Ի՞նչ նշանակում սփյուռքահայ զբոսաշրջիկ, ո՞նց է որոշվելու, ազգանունը շատ խնդրահարույց է: Օրինակ, արտագնա աշխատողը, որը այսքան ժամանակ դրսում է, ինքը սփյուռքահայ զբոսաշրջի՞կ է»:
Կառավարության ներկայացուցիչները խոստացան երկրորդ ընթերցման ժամանակ լրամշակել նախագիծը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ