Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանվում են հստակ պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցողների համար. օրենսդրական նախաձեռնությունը միտված է ՀՀ-ի մրցունակության բարձրացմանը

Նոյեմբեր 20,2023 15:10

Իրավական դաշտի բարելավման անհրաժեշտությունն առաջացել է զբոսաշրջության բնագավառին բնորոշ դինամիկ զարգացման եւ նոր մարտահրավերների պայմաններում զբոսաշրջային գործունեության, ծառայություններին ներկայացվող պահանջների հստակեցման եւ վերահսկողության միջոցների սահմանման անհրաժեշտությունից: Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` նոյեմբերի 20-ի արտահերթ նիստում: Առաջին ընթերցմամբ քննարկվել է «Զբոսաշրջության մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Հարկ է նշել, որ նախագծերի փաթեթի քննարկումը մեկ անգամ հետաձգվել էր` երկամսյա ժամկետով: Այդ ընթացքում տեղի են ունեցել մի շարք աշխատանքային քննարկումներ: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի դիտարկմամբ բոլոր կետերի շուրջ հանգել են համաձայնության:

Ըստ հիմնական զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի` զբոսաշրջության ոլորտում քաղաքականություն մշակող մարմինը չունի ծառայություն մատուցող սուբյեկտների նկատմամբ վերահսկողական լծակներ: Հստակ մեխանիզմների բացակայության արդյունքում շատ հաճախ խախտվում են ինչպես սպառողների իրավունքները, այնպես էլ խաթարվում են գործարար հարաբերությունները մասնավոր հատվածի ներկայացուցիչների միջեւ, ինչի հետեւանքով վերջիններս կրում են նյութական վնասներ: Այս ամենն իր բացասական հետեւանքներն է թողնում Հայաստանի` որպես գրավիչ զբոսաշրջավայրի նկարագրի վրա:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ զբոսաշրջային ծառայությունների որակի ապահովման լավագույն տարբերակը ծառայություն մատուցող անձանց գործունեության կարգավորումն է:

Առաջարկվող փոփոխություններով եւ լրացումներով նախատեսվել է զբոսաշրջային օպերատորների, գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների գործունեությունը դարձնել ծանուցման ենթակա գործունեության տեսակ: Սահմանվում են հստակ չափորոշիչներ ու պահանջներ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց համար: Հստակեցվել են զբոսաշրջության բնագավառում կիրառվող հասկացությունները եւ սահմանվել են նոր հասկացություններ: Ճշգրիտ վիճակագրության վարման, որակյալ հետազոտությունների եւ վերլուծությունների իրականացման եւ պետական քաղաքականության մշակման ու իրականացման նպատակով նախատեսվել են դրույթներ` էլեկտրոնային գրանցամատյանի եւ զբոսաշրջային ռեսուրսների ներդրման եւ գրանցամատյանի վարման վերաբերյալ:

Նախատեսվել են նաեւ զբոսավարների եւ ուղեկցորդների վերապատրաստում ու որակավորում, պահանջներ զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների նկատմամբ, իսկ զբոսաշրջային ավտոբուսների համար` կամավոր որակավորման հնարավորություն: Ոլորտը կարգավորող օրենսդրության պահանջների խախտումների կանխարգելման եւ վերացման նպատակով նախատեսվել են օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությանը եւ խախտումների համար վարչական պատասխանատվության միջոցների հստակեցմանը վերաբերող դրույթներ:

Ընդունումը նշանակալի ներդրում կունենա Հայաստանում տնտեսական զարգացման զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միջեւ արդար մրցակցության եւ իրավահավասարության, անվտանգ եւ ապահով:

«2023 թվականի տասն ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 2 միլիոնից ավելի զբոսաշրջիկ: Ակնկալում ենք, որ մինչեւ տարեվերջ Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը կկազմի շուրջ 2,4 միլիոն: Այն մոտավորապես 25 տոկոսից ավելի արձանագրվող արդյունք է համեմատած 2019 թվականի` մեր լավագույն զբոսաշրջության տարվա հետ»,- տեղեկացրել է Վահան Քերոբյանը:

«Աննախադեպ ծավալի է հասել Հայաստանում զբոսաշրջությունը եւ այս կարեւոր ոլորտն անթույլատրելի է թողնել առանց վերահսկողության»,- ասել է հարակից զեկուցող, պատգամավոր Դավիթ Առուշանյանը` հավելելով, որ նախաձեռնության վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել ոլորտի տարբեր ասոցիացիաների, ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ: Անդրադառնալով զբոսաշրջության որոշ բաղադրիչների` Դավիթ Առուշանյանը նշել է. «Զբոսաշրջությունը ներառում է նաեւ արտաքին քաղաքականության լուրջ բաղադրիչ, որովհետեւ յուրաքանչյուր օտարերկրացի, գալով Հայաստան, լավ սպասարկման, երկրի ճիշտ ներկայացման պարագայում կարող է դառնալ մեր դեսպանն իր երկրում»:

Պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հետաքրքրվել է Հայաստանի` որպես զբոսաշրջության համար գրավիչ երկիր, միջազգային հարթակներում ներկայացվելու համար ո՞ր կառույցն է պատասխանատու եւ ինչպիսի՞ աշխատանքներ են տարվում այս ուղղությամբ: Բաբկեն Թունյանի դիտարկմամբ ճանաչելիությանը նպաստող կարող են լինել ոչ միայն գովազդային հոլովակները կոնկրետ զբոսաշրջային թեմաներով, այլ կարող է լինել տարբեր միջոցառումների ներկայացումը: Նրա խոսքով Հայաստանում դեկտեմբերի 1-2-ը նախատեսվել են Գիտության եւ գործարարության օրեր. հրավիրվել են աշխարհահռչակ գիտնականներ: Բաբկեն Թունյանը նշել է, որ նման  միջոցառումները նույնպես կնպաստեն երկրի ճանաչելիությանը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի խնդրանքով Վահան Քերոբյանն անդրադարձել է վերահսկողության գործառույթներին եւ իրավակարգավորումներին, տուգանքներին, ինչպես նաեւ  Ջերմուկ քաղաքում զբոսաշրջային միջավայրի ակտիվացմանն ուղղված քայլերին, անվտանգությանը:

Ծովինար Վարդանյանը, անդրադառնալով մի շարք դրույթների, մասնավորապես, խոսել է օրենսդրական փաթեթում կիրառվող «սփյուռքահայ զբոսաշրջիկ» ձեւակերպմանը` շեշտելով, որ այն «նեղացնում է ընդհանուր շրջանակը` ստեղծելով թիրախային խումբ»: Նա առաջարկել է հանել նշված դրույթն ու ձեւակերպումը: «Կարծում եմ` «Զբոսաշրջության մասին» ՀՀ օրենքում չպետք է լինի նման տարանջատում Հայաստանի քաղաքացիների եւ երկքաղաքացիություն ունեցող հայերի միջեւ»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը:

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի տեղակալ Սուսաննա Հակոբյանը, ի պատասխան Ծովինար Վարդանյանի ներկայացրած առաջարկություններին եւ դիտարկումներին, նշել է, որ դրանք մեծամասամբ ընդունելի են: Նրա խոսքով «սփյուռքահայ զբոսաշրջիկ» ձեւակերպմանը վերաբերող հանձնաժողովի անդամի առաջարկությունը կրկին կդիտարկվի:

Զարուհի Բաթոյանը, կարեւորելով օրենսդրական փաթեթի ընդունումը, տեղեկացրել է, որ դեռեւս մշակման փուլում աշխատել է Էկոնոմիկայի նախարարության հետ եւ որոշ առաջարկներ ընդունվել են այդ փուլում: «Կարծում եմ, որ միջազգային հանրությունը չի պատկերացնում զբոսաշրջության զարգացումն առանց ներառականության ապահովման: Դա վերաբերում է զբոսաշրջային բոլոր ծառայություններին: 5 առաջարկներից 3-ն ընդունվել են: Առաջարկություններիցս թերեւս ամենակարեւորը չի ընդունվել, որը վերաբերում է բոլոր հյուրանոցների եւ առողջարանների մատչելիության չափորոշիչների ապահովմանը: Հեղինակները նախընտրել են միայն նոր կառուցվող հյուրանոցների եւ առողջարանների դեպքում պահել այդ կետը: Սակայն պայմանավորվել ենք, որ այս հարցին կանդրադառնանք Կառավարության կողմից քննարկվող եւ մշակվող մեկ այլ ծրագրի շրջանակում, որն ուղղված է արդեն կառուցված հասարակական, արտադրական շենք-շինությունները մատչելի դարձնելուն»,- ասել է Զարուհի Բաթոյանը:

Բաբկեն Թունյանի խոսքով, ի թիվս մի շարք այլ առաջարկների, Զարուհի Բաթոյանի այն առաջարկությունները, որոնց առնչությամբ արդեն կա փոխհամաձայնություն, կներկայացվեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում:

Օրենսդրական նախաձեռնությունը ստացել է դրական եզրակացություն:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930