Լրահոս
Օրվա լրահոսը

«Միայն դիտարկել, թե մարդն ինչքան գումար ունի իր բանկային հաշվի վրա, ճիշտ չէ, պետք է իրականացվի ընտանիքի համակողմանի կարիքի գնահատում»

Նոյեմբեր 20,2023 13:52

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է բռնի տեղահանված արցախցիներին ՀՀ կառավարության կողմից տրամադրվող սոցիալական ծրագրերին։

Կառավարությունը հայտնել է, որ աջակցության ծրագրերից չեն կարող օգտվել այն անձինք, որոնց բանկային հաշիվներին ավելի քան 2 մլն դրամ գումար կլինի։

Թադեւոս Ավետիսյան

Թադեւոս Ավետիսյանի խոսքով՝ նախ պետք է հասկանալ, թե այդ ֆինանսական աջակցությունն ինչ նպատակ ունի, ինչի համար է տրվում։ «Ենթադրենք, մարդն իր բանկային հաշվին ունի 2 մլն դրամ, մյուս հարցն այն է, թե իսկ ինչքա՞ն պարտավորություններ ունի այդ մարդը։ Եթե արդարության կամ ծրագրի հասցեականության տեսանկյունից ենք նայում, մեկը գուցե ունի 2 մլն դրամ եւ զուգահեռ ունի 10 մլն դրամի պարտավորություն, իսկ մյուսը չունի 2 մլն դրամ, ունի 500 հազար դրամ, բայց որեւէ պարտավորություն չունի։ Այսինքն՝ այստեղ ակնհայտ խնդիր կա։ Միայն դիտարկել այն, թե մարդն ինչքան գումար ունի իր բանկային հաշվի վրա, ճիշտ չէ։ Ընդհանուր առմամբ, եթե ուզում ես ծրագիրը հասցեական լինի, պիտի իրականացվի ընտանիքի համակողմանի կարիքի գնահատում։ Դա չի արվում, այսինքն՝ բազմաթիվ չափանիշների մեջ մեկ չափանիշ վերցնել, դա ի սկզբանե չի կարող արդար եւ արդյունավետ լինել։ Այսինքն՝ բոլոր բռնի տեղահանված ընտանիքներին, որոնք կորցրել են հանրային կյանքի կազմակերպման իրենց բոլոր նյութական արժեքներն ու հիմքերը՝ աշխատանք, բնակարան, ունեցվածք, բիզնես ու կանոնավոր եկամուտներ, հիմա նմանատիպ իրավիճակներում համահարթ այդ աջակցությունն է որպես կանոն տրամադրվում, որպեսզի առաջին անհրաժեշտության ծախսերը հոգան։ Հիմա դրա վրա դնել ինչ-որ ֆիլտր, չափանիշ, արդյունավետ չէ»,- ասաց Ավետիսյանը։

Ըստ պատգամավորի՝ իրականում, եթե ուզում են այս ծրագրերի հասցեականությունը բարելավել եւ բարձրացնել, պետք է դրվեն ճիշտ առաջնահերթություններ ու չափանիշներ, ըստ այդմ իրականացվում է նաեւ կարիքի համակողմանի գնահատում։

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կառավարությունն այսպիսով փորձում է նաեւ վերահսկել մարդկանց բանկային տեղեկությունները, Թադեւոս Ավետիսյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ իրենց մտքում ինչ ունեն, բայց ցանկացած նպաստ ու սոցիալական աջակցություն, որը պետությունը տրամադրում է սոցիալապես խոցելի խմբերին, ընդունված է, որ ֆինանսական եւ ոչ ֆինանսական կարիքի ու հնարավորությունների մասին տեղեկություն ստանան ու գնահատեն։ Բայց դա պետք է լինի միմիայն այդ նպատակի համար եւ միմիայն շահառուի կամքով»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930