Լրահոս
Օրվա լրահոսը

Գնաճը հոկտեմբերին կայունացել է` կազմելով  0.1 տոկոս

Նոյեմբեր 20,2023 12:34

Համաշխարհային բանկը հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը/նոյեմբեր/

Աճի տեմպը սեպտեմբերին դանդաղել է` հասնելով 5.3 տոկոսի (ՆՏՆԺՀ), ինչը հիմնականում պայմանավորված էր ծառայությունների ոլորտի կտրուկ անկմամբ (չհաշված առևտուրը):

Հոկտեմբերին գնաճը կայունացել է` կազմելով 0.1 տոկոս (ՆՏՆԺՀ):

Սեպտեմբերին արտահանման և ներմուծման աճի տեմպը ավելացել է, համապատասխանաբար,  10 և 6 տոկոսով (ՆՏՆԺՀ), հիմնականում պայմանավորված թանկարժեք քարերի և մետաղների արտահանման աճով:

Սեպտեմբերին գրանցվել է բյուջեի 3 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ, որին նախորդել էր օգոստոսի 25 միլիարդ պակասուրդը:

Ֆինանսական համակարգը մնացել է կայուն, «այլ ոլորտներին» տրամադրվող վարկավորման ծավալների զգալի  ավելացմամբ:

Տնտեսական ակտիվության աճի տեմպը սեպտեմբերին դանդաղեց` հասնելով 5.3 տոկոսի (ՆՏՆԺՀ, իրական արտահայտությամբ)` ի համեմատ օգոստոսի 10.9 տոկոսի (ՆՏՆԺՀ) (Գծապատկեր 1): Ծառայությունների ոլորտի  (չհաշված առևտուրը) աճի տեմպն սեպտեմբերին նվազեց հասնելով 4.6 տոկոսի, օգոստոսի բացառիկ երկնիշ աճից հետո: Ծառայությունների շարքում տրանսպորտը կրճատվել է 25 տոկոսով (ՆՏՆԺՀ), իսկ հաղորդակցության ոլորտում աճը կազմել է 8.7 տոկոս: Չնայած շինարարության և առևտրի ոլորտներում աճի տեմպերը նույնպես թուլացել են, դրանք պահպանվել են կենսունակ մակարդակում` համապատասխանաբար 21.8 և 15.7 տոկոս (ՆՏՆԺՀ): Այդուամենայնիվ, արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալը շարունակեց կրճատվել (սեպտեմբերին

–4.3 տոկոս ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված է մշակող արդյունաբերության ոլորտի 8 տոկոս անկմամբ (ՆՏՆԺՀ) և էլեկտրաէներգիայի ու էներգետիկ ենթաոլորտների արտադրության կրճատմամբ: Սա որոշ չափով փոխհատուցվել է հանքարդյունաբերության ոլորտի աննշան աճով (1.3 տոկոս, ՆՏՆԺՀ): Տնտեսական ակտիվության ինդեքսը 9.7 տոկոսով աճել է  հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակամիջոցում  (ՆՏՆԺՀ):

Ֆիզիկական անձանց զուտ դրամական հոսքերը սեպտեմբերին նվազել են 69 տոկոսով (ՆՏՆԺՀ): Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 19 տոկոսով, իսկ արտահոսքերը սեպտեմբերին ավելացել են 43 տոկոսով (ՆՏՆԺՀ) (Գծապատկեր 2):Ներհոսքերի հիմնական մասը (66.3 տոկոս) Ռուսաստանից է, մինչդեռ արտահոսքերի ընդամենը 12.7 տոկոսն է դեպի Ռուսաստան:

Գնաճը հոկտեմբերին կայունացել է` կազմելով  0.1 տոկոս (ՆՏՆԺՀ): Դրա պատճառով միջին գնաճը նվազել է` հասնելով 2.5 տոկոսի, ինչը բավականին ցածր է 4 տոկոս թիրախից (Գծապատկեր 3): Սննդամթերքը և ոչ ալկոհոլային խմիչքները միակ ապրանքային խումբն է, որտեղ հոկտեմբերին գրանցվել է գնանկում (3 տոկոս, ՆՏՆԺՀ), և դա նպաստել է ընդհանուր գնաճի դանդաղմանը: Հոկտեմբերի 31-ին կայացած իր նիստում ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը նվազեցրեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 25 բազիսային կետով իջեցնելով 9.5 տոկոսի, որը չորրորդ նվազեցումն է 2023 թվականին:

Արտահանման աճի տեմպը սեպտեմբերին գերազանցել է ներմուծման աճի տեմպը: Արտահանման աճը սեպտեմբերին կազմել է 9.6 տոկոս (ՆՏՆԺՀ)` օգոստոսի 7 տոկոսի համեմատ: Դա պայմանավորված է թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի (92 տոկոս), ոչ թանկարժեք մետաղների (164 տոկոս) և հանքանյութի (34 տոկոս) արտահանման ծավալների ավելացմամբ: Նախկինում արտահանման աճը պայմանավորող հիմնական գործոնները, այն է` տրանսպորտային միջոցների և մեքենասարքավորումների վերաարտահանման ծավալները նվազեցին, համապատասխանաբար, 34 և 31 տոկոսով (ՆՏՆԺՀ): Ներմուծման աճի տեմպը օգոստոսի 13 տոկոսից նվազել է` սեպտեմբերին հասնելով 5.6 տոկոսի: Հիմնական ներմուծումը նույնպես ընդգրկում է թանկարժեք և կիսաթանկարժեք մետաղները (149 տոկոս աճ) և, ավելի փոքր չափով, տրանսպորտային միջոցները (22 տոկոս աճ) և տեքստիլ արտադրատեսակներ (38 տոկոս աճ): Հունվարից սեպտեմբերն ընկած ժամանակամիջոցում արտահանման ու ներմուծման աճի հանրագումարային տեմպը կազմել է, համապատասխանաբար, 44.8 և 46.4 տոկոս` հանգեցնելով առևտրի հաշվեկշռի 49 տոկոս վատթարացման:

Լեռնային Ղարաբաղի տեղահանվածների հոսքին հաջորդած ժամանակավոր արժեզրկումից հետո ՀՀ դրամը կայունացել է: Նոյեմբերի 7-ի դրությամբ ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքը կազմել է  402.7 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, ինչը 4 տոկոսով արժեզրկվել էր` տեղահանվածների հոսքին նախորդած ժամանակաշրջանի համեմատ, և 1.7 տոկոսով արժեզրկված էր ՆՏՆԺՀ  (Գծապատկեր 4): Հոկտեմբերին միջազգային պահուստները երկրորդ անընդմեջ ամսվա համար նվազեցին 155 միլիոն ԱՄՆ դոլարով, ինչի հետևանքով պահուստները նվազեցին մինչև 3.8 միլիարդ ԱՄՆ դոլար կամ 3.2 ամսվա ներմուծման ծածկույթ (Գծապատկեր 5):

Սեպտեմբերին գրանցվեց բյուջեի 3 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդ, ինչը հաջորդեց օգոստոսի 25 միլիարդ ՀՀ դրամ պակասուրդին: Ընդհանուր եկամուտներն ու դրամաշնորհները սեպտեմբերին ավելացան 9.3 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր շահութահարկի (մինչև 43 տոկոս), եկամտային հարկի (մինչև 16 տոկոս) և ԱԱՀ-ի (մինչև 15 տոկոս) աճով ՆՏՆԺՀ: Այդուհանդերձ, ծախսերն ավելի դանդաղ աճեցին (6.4 տոկոս): Մինչ կապիտալ ծախսերն էականորեն ավելացան (60 տոկոս ՆՏՆԺՀ), մասամբ պայմանավորված ցածր բազայի էֆեկտով, ընթացիկ ծախսերը կրճատվեցին 2 տոկոսով (ՆՏՆԺՀ): 2023 թ. առաջին ինն ամիսների ընթացքում եկամուտներն ու ծախսերն ավելացան, համապատասխանաբար, 13.8 և 12.7 տոկոսով (ՆՏՆԺՀ)` հանգեցնելով 74 միլիարդ ՀՀ դրամ հավելուրդի (տարեկան կանխատեսվող ՀՆԱ-ի 0.8 տոկոս), ինչը 45 տոկոսով գերազանցում էր 2022 թ. նույն ժամանակահատվածի հավելուրդը: Կառավարությունը հայտարարեց կանխիկ միջոցների փոխանցման մի քանի ծրագիր ԼՂ-ից տեղահանվածների համար, այդ թվում` միանվագ գումարի տրամադրում (100.000 ՀՀ դրամ մեկ անձին), տան վարձի և կոմունալ վճարների մասով վեցամսյա աջակցություն (50.000 ՀՀ դրամ մեկ անձին) և ընթացիկ ծախսերի մասով աջակցություն` երկու ամսով (50,000 ՀՀ դրամ մեկ անձին): Ակնկալվում է, որ այս ամենը կարտացոլվեն հարկաբյուջետային ցուցանիշներում` 2023 թ. հոկտեմբերի դրությամբ:

Ֆինանսական համակարգը պահպանել է կայունություն` վարկերն ու ավանդներն աճել են, համապատասխանաբար, 2 և 0.6 տոկոսով (ՆԱՀ): Կապիտալի համարժեքության գործակիցը սեպտեմբերին աճել է 0.4 տոկոսով նախկին ամսվա համեմատ (ՆԱՀ), իսկ չաշխատող վարկերի գործակիցը օգոստոսի 2.8 ցուցանիշից սեպտեմբերին հասել է 3 տոկոսի: Շահութաբերությունն ըստ ակտիվների ևս սեպտեմբերին ավելացել է 0.1 տոկոսային կետով հասնելով 3.2 տոկոսի: Վարկավորման աճը հիմնականում պայմանավորված է եղել ՀՀ դրամով արտահայտված վարկավորման ավելացմամբ (2.2 տոկոս աճ, ՆԱՀ): Բնակչության վարկավորման ծավալների ընդհանուր աճը հիմնականում պայմանավորված է եղել ծառայություններին և այլ չնույնականացված ոլորտներին տրամադրվող վարկերի ավելացմամբ (համապատասխանաբար մինչև 9 տոկոս և 86 տոկոս, ՆԱՀ):

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930