Երեւանում հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, Ուելսի ֆուտբոլային թիմի երկրպագուներից մի աղջկա տաքսու վարորդը, ուղեվարձի դիմաց առաջարկել էր փոխհատուցել սեռական գործողությամբ: Այս միջադեպին անդրադարձել էր նաեւ BBC-ն:
ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը Aravot.am-ին հայտնեց, որ նման բովանդակությամբ հանցագործության մասին հաղորդում չեն ստացել, թեեւ BBC-ն հղում անելով դեսպանությանը, հայտնել էր, որ տեղի ոստիկանությանը տեղեկացրել են կատարվածի մասին:
Հիշեցնենք, որ բրիտանացի զբոսաշրջիկը դեսպանությանը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Բիթլզ պանդոկից դուրս գալուց հետո, երբ տաքսի է կանգնեցրել: Վարորդը աղջկան տարել է մի ամայի տեղ ու առջեւի նստատեղից տեղափոխվելով հետեւի նստատեղ՝ աղջկա կողքին, սեռական «առաջարկություն է» արել, աղջկան հաջողվել է անվնաս դուրս գալ մեքենայից:
Հիշեցնենք նաեւ, որ վերջին օրերին Ուելսի ֆուտբոլային թիմի բազմաթիվ երկրպագուներ են Հայաստան այցելել, քանի որ նոյեմբերի 18-ին, Երևանում ՈՒԵՖԱ Եվրո-2024-ի որակավորման խմբային փուլի նախավերջին տուրի Հայաստան-Ուելս հանդիպումն էր:
Կարդացեք նաև
Հիշեցնենք նաեւ, որ BBC-ն անդրադարձել էր նաեւ Երեւանում Ուելսի 32 երկրպագուների ձերբակալմանը, սակայն չէր հայտնել, որ երկրպագուները ոստիկանություն են տարվել խուլիգանություն կատարելու համար: Երկրպագուները միզել են փողոցում, ջարդել գարեջրի շշերը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ