Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին կայցելի Հայաստան, Վրաստան և Ադրբեջան

Նոյեմբեր 20,2023 11:10

ՄԻԱՑՅԱԼ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՆԱԽԱՐԱՐԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԵՐԿՐՆԵՐ ԱՅՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԸՆԴԳԾԻ ՄԹ ՀԱՆՁՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆՆ ՈՒ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ

Միացյալ Թագավորության (ՄԹ) Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում կընդգծի ՄԹ հաստատուն աջակցությունն այդ երկրների ինքնիշխանությանն ու անվտանգությանը:

Նախարար Դոքերթին կընդգծի Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ խաղաղ բանակցությունների հրատապ անհրաժեշտությունը՝ երկարաժամկետ խաղաղության և կայունության հասնելու համար։

Տարվա ընթացքում տարածաշրջան կատարելիք երրորդ այցի ընթացքում նա կքննարկի Հայաստանի և Վրաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգերը և կխթանի Միացյալ Թագավորության փորձը՝ աջակցելու Ադրբեջանի անցմանը վերականգնվող էներգիային։

ՄԹ Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Հայաստան, Վրաստան և Ադրբեջան այցի ընթացքում, որը կմեկնարկի այսօր (նոյեմբերի 20-ին), կընդգծի Միացյալ Թագավորության ակտիվացող աջակցությունն ու համագործակցությունը՝ ուղղված Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։

Ռուսաստանի հարավային սահմանին գտնվող տարածաշրջանը շարունակում է խոցելի մնալ արտաքին միջամտության նկատմամբ, մինչ վերականգնվում է հակամարտության հետևանքներից և փորձում է առաջ մղել բարեփոխումների օրակարգերը՝ ի նպաստ ազատության ու անկախության ժողովրդավարական ընտրության։

Հիմնվելով այս տարի երեք երկրների հետ կայացած պաշտոնական ռազմավարական երկխոսությունների վրա՝ նախարար Դոքերթին կառաջարկի ընդլայնել առևտրի և անվտանգության ոլորտներում համագործակցության շրջանակը՝ տնտեսությունների դիվերսիֆիկացմանը և Ռուսաստանից Եվրոպայի կախվածության նվազեցմանը նպաստելու համար:

Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթին Երեւան ժամանելուց առաջ ասել է.

«Հարավային Կովկասն առերեսվում է տարածաշրջանի կայունությանը սպառնացող անվտանգային զգալի մարտահրավերների՝ ինչպես ներքին, այնպես էլ հարևան երկրների կողմից։

Անկայուն տարածաշրջանում Միացյալ Թագավորությունը հուսալի գործընկեր է բարեփոխումների, խաղաղության և կայունության համար»:  

Եվրոպայի հարցերով նախարարը ժամանում է Երևան՝ նոր թափ հաղորդելու անցյալ շաբաթ Լոնդոնում կայացած ՄԹ-Հայաստան ռազմավարական երկխոսությանը, որի ընթացքում երկու կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցությունն առևտրի, անվտանգության և օրենքի գերակայության ոլորտներում։

Թբիլիսիում նա կհաստատի ՄԹ աներկբա աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և կաջակցի նրա եվրաատլանտյան ձգտումներին՝ Վրաստանի կառավարության և ժողովրդի կամքին համահունչ:

Միացյալ Թագավորությունն աշխատում է Վրաստանի կառավարության հետ՝ ռուսական ագրեսիայի դեմ իր դիմակայունությունն ամրապնդելու նպատակով, այդ թվում 2022 թվականի ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում համաձայնեցված՝ Վրաստանի կարիքներին համապատասխան աջակցության փաթեթի միջոցով:

Լեռնային Ղարաբաղի վերջին իրադարձություններին անդրադառնալով՝ նախարար Դոքերթին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կհորդորի արդյունավետ ներգրավվածություն ունենալ միջազգային միջնորդությամբ ընթացող բանակցություններում՝ խաղաղության պատմական համաձայնագրի հասնելու և տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու համար։

Սեպտեմբերին Միացյալ Թագավորությունը 1 մլն ֆունտ ստեռլինգ է տրամադրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ)՝ սատարելու Լեռնային Ղարաբաղում և ավելի լայն տարածաշրջանում ստեղծված իրավիճակին հումանիտար աջակցությանը:

Միացյալ Թագավորությունն առաջին երկրներից էր, որն աջակցություն ցուցաբերեց Ադրբեջանին ականազերծման գործում՝ տրամադրելով սարքավորումներ և տեղական իշխանությունների համար դասընթացներ ականազերծման վերաբերյալ։ Նախարար Դոքերթին Բաքու է ժամանում հենց այն ընթացում, երբ ՄԹ-ն շարունակում է գործակցությունը՝ իր աջակցությունը տրամադրելով պայթուցիկ զինամթերքի ոչնչացման մասնագիտացված դասընթացների անցկացման համար, որոնք անհրաժեշտ հմտություններ կապահովեն բարձր վտանգավորության միջավայրում աշխատելու համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930