Հայաստանում Արևմուտքի նկատմամբ մեծացող համակրանքը և Ռուսաստանի նկատմամբ թշնամանքը մարդու իրավունքների հարգման և ժողովրդավարության ձգտմամբ չէ պայմանավորված:
Հայաստանում արևմտյան արժեքներին չէ, որ ուշադրություն են դարձնում: Պարզապես կա լայն համոզմունք, որ եթե Ադրբեջանը (Թուրքիայի և Ռուսաստանի հովանավորությամբ) որևէ նոր ագրեսիա սանձազերծի Հայաստանի դեմ, Արևմուտքը կհասնի օգնության: Հիասթափեցնող է, բայց այս մտածողությունը հեքիաթասացություն է և կապ չունի ռեալպոլիտիկի հետ:
Ուստի, պետք չէ այնպես անել, որ Ռուսաստանի նման թշնամի ունենանք։ Որքան էլ մեզ դուր չգա, որքան էլ ակնհայտ լինի, որ Ռուսաստանը չի կատարել և չի կատարում Հայաստանի հանդեպ իր դաշնակցային պարտավորությունները, Ռուսաստանը տարածաշրջանային որոշիչ դեր ունի, և մենք որպես պետություն և ժողովուրդ չենք կարող հաշվի չնստել այս իրականության հետ: Ավելին՝ հավասարակշիռ արտաքին քաղաքականության դեպքում Հայաստանը կարող է յուրատեսակ կամուրջ դառնալ հակամարտող երկու բևեռների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև– Վրաստանն ու Ադրբեջանը մեզ օրինակ:
Այս իրականությունը չտեսնելու մեջ, ցավոք, մեծ մեղք ունեն «փորձագետները» և «հասարակական-քաղաքական կազմակերպությունները»: Համացանցում մի քանի որոնման արդյունքում բոլորս էլ կգտնենք «Հայաստանը մի քանի տարուց կդառնա ԵՄ անդամ», «Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Արցախը հայկական է պահում», «Հռոմի ստատուտը կպատժի Բաքվին» և նույնանման վերտառությամբ այլ «վերլուծություններ»: Այսպես մոլորեցնել ժողովրդին՝ քաղաքական բարոյազրկություն է, իսկ այդպես հեշտությամբ մարսել այն՝ միամտություն:
Կարդացեք նաև
Ամենապարզ տրամաբանությամբ կարելի է մերկացնել այս «վերլուծությունների» հնարովի լինելը: Հետաքրքիր է, թե ինչպես է Հայաստանը մի քանի տարուց միանալու ԵՄ-ին, երբ օրինակ Հյուսիսային Մակեդոնիան անդամակցության է դիմել 2004-ին, իսկ բանակցային գործընթացը մեկնարկել է ընդամենն անցած տարի: Ի՞նչ նշանակություն ունեն Արդարադատության միջազգային դատարանի ընդունած որոշումները, երբ Ադրբեջանը դրանք անտեսում է և դրա համար պատասխանատվության չի ենթարկվում: Իսկ առավել ապշեցուցիչ է Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու առթիվ հրճվանքը: Մենք իսկապե՞ս կարծում ենք, որ Միջազգային քրեական դատարանը Իլհամ Ալիևին ձերբակալելու օրդեր է արձակելու: Կամ եթե նույնիսկ որևէ հայանպաստ որոշում ընդունվի, ի՞նչ է, Բաքուն Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն անտեսում է, բայց Միջազգային քրեական դատարանինն անմիջապե՞ս ի կատար է ածելու:
Պետք չէ վախենալ իրականությունն արտաբերելուց: Արևմուտքը Հայաստան զորք չի ուղարկելու հայերին ադրբեջանցիներից պաշտպանելու համար:
Փաստաթղթերը, պայմանագրերը, միջազգային դատարանների որոշումները մեզ համար երաշխիք լինել չեն կարող, որովհետև երբ երկնքից ԱԹՍ-ներով կրակում են մեր զինվորների վրա, նրանք Հռոմի կանոնադրությունը, Արդարադատության միջազգային դատարանի որոշումներն ու միջազգային համաձայնագրերը չեն կարող պարզել օդ և պաշտպանվել:
Մեզ կփրկի ոչ թե Արևմուտքը, ոչ թե Ռուսաստանը, այլ հայկական ինքնիշխանությունը պահել պատրաստ, մարտունակ բանակը։
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ
Ինֆանտիլ հասարակություն, ում արժեհամակարգը սերիալներն են, փողը, “սրճելը”, “ծանոթ-բարեկամը”, ամեն ինչի էլ կհավատա, որովհետև նաև անկիրթ է։ Արևմուտքն իր համար ուժի և հարստության պրիմիտիվ մոդել է, որը լրիվությամբ տեղավորվում է այդ հասարակության արժեհամակարգում։
Հո իզուր չեին 30 տարի Հայաստանում բուծում մարդու այս տեսակը։ Այսօրվան էին պատրաստում և այն պատրաստ է։
Իսկ ադեկվատ մարդիկ դեռևս չգիտեն ինչ հակադրեն նման ճղճիմությանը։
Մեր շատ սիրելի ռուսական հեռուստահումորը մի այսպիսի դրվագ ուներ դեռ շատ ու շատ առաջ․ «Անտառում գրված է․ «Վարազը քո բարեկամն է»․․․
Որսագողը դրան պատասխանում է․ ես հասկանում եմ, որ վարազն իմ բարեկամն է, իսկ վարազը, ախար, դա չի հասկանում»:
Փոխանակ ամեն բան պրիմիտիվացնելու, պարզապես հիշե՛ք այս հումորը, և մտածե՛ք, որ Ռուսաստանին թշնամանալու մեր մղումը պարտադիր չէ, որ միարժեքորեն Ռուսաստանին մեր հետ թշնամանալու հանգեցնի, և չթշնամանալն էլ, միարժեքորեն բերի բարեկամության և հովանավորչության այնպիսի դրսևորումների, ինչպիսիք ըստ ձեր շարադրանքի չի կարող երբևէ ապահովել Արևմուտքը։
Իսկ որպեսզի իրականում աշխատի․ «Մեզ կփրկի ոչ թե Արևմուտքը, ոչ թե Ռուսաստանը, այլ հայկական ինքնիշխանությունը պահել պատրաստ, մարտունակ բանակը» հերթապահ ֆրազը, հասկանալի է, որ պետք է այդ բանակը զինել։
Իսկ այս պահին չգիտես ինչ մղումներից դրդված հայկական բանակը համաձայն է զինել Արևմուտքը, փոխարենը՝ Ռուսաստանը չի կարծում, թե հայկական բանակը զինելը լավ գաղափար է, ավելի հարմար գտնելով՝ ոչ հայկական «բարեկամ» զորքով լցնել Հայաստանի ողջ տարածքը, ինչպես դա արվեց Արցախում․ կարծում եմ համաձայն եք, որ ի տարբերություն հայաստանցիների, արցախցիները հնարավոր ամեն բան արեցին ռուսաստանի հետ մինչև վերջ բարեկամ մնալու համար։
Եվ խնդրում եմ չպատասխանել հայտնի հիմարությամբ, թե Ադրբեջանի տարածքային ամբողջությունը ճանաչելը կապեց ռուսների ձեռքերը, որովհետև ըստ այդ տրամաբանության՝ 2023-ի սեպտեմբերից հետո Արցախի տարածքում ռուսական զորքեր ուղղակի չպիտի լինեին, իսկ նրանք այնտեղ են ու շարունակում են պաշտպանել ռուս-ադրբեջանական բարեկամությունը հայոց հազարամյա ժառանգության ուրվականներից։