«Որքան Հայաստանի իշխանության կողմից զիջումները շատ լինեն, այնքան Արցախի ճակատագիրը սպառնում է Հայաստանին։ Եվ Հայաստանն ստիպված կլինի իր պետականության ատրիբուտները վերացնել»,- «Առավոտի» հետ զրույցում ասում է արցախցի վերլուծաբան Դավիթ Կարաբեկյանը։
– Պարոն Կարաբեկյան, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ բյուջեից գումար չեն հատկացնելու Արցախի պետական մարմինների գործունեության համար։ Ավելին, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արցախի պետական մարմինների գործունեությունը Հայաստանի անվտանգության համար սպառնալիք է։ Ինչպե՞ս եք գնահատում սա։
– Նախ եւ առաջ պարոն Սիմոնյանը թող պարզաբանի՝ այդ սպառնալիքն ինչո՞ւմ է։ Պատմությունը ցույց է տալիս, որ երբ հայը պայքարում է իր ինքնության համար, իր ինքնությունը հաստատում է, այն ժամանակ է արդյունքի հասնում, մեր թշնամիները հային այն ժամանակ են հարգում, երբ պայքարում է։ Միայն այդ դեպքում հայը կարող է ապահովել իր անվտանգությունը, պաշտպանել իր գոյությունը։ Մինչեւ 2020 թվականի եւ 2023 թվականի զիջումները որոշակի կոնսուլտացիաներ կային Մոսկվայում եւ Երեւանում։ Դրանից հետո որոշվեց գնալ զիջումների։ Նույնը հիմա է։ Առհասարակ հայ ժողովուրդը եւ մեր քաղաքական իշխանությունն իր զիջողական քաղաքականության պտուղները ճաշակում է։ Ես առանց չափազանցության զգուշացնում եմ, որ զիջողական քայլերի հետեւանքն այն կլինի, որ Հայաստանն ստիպված կլինի իր պետականության ատրիբուտները վերացնել։ Այսինքն՝ որքան զիջումները շատ լինեն, այնքան Արցախի ճակատագիրը սպառնում է Հայաստանին։ Եվ դա Երրորդ Հանրապետության պետականության վտանգն է, որն ահագնանում է ամեն զիջման հետ զուգահեռ։
Արցախի քաղաքական ղեկավարությունն այս պահին պետք է իր քաղաքական դիրքորոշումն արտահայտի գոնե մինիմալ հարցերում, այդ թվում՝ բանակցությունների վերաբերյալ, որտեղ Արցախի խնդիրը չկա։ Արցախի հիմնախնդիրը կարծես թե առանձնացվել է, եւ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ Արարատ Միրզոյանը որեւէ մեկնաբանություն չեն տալիս այդ հարցի շուրջ։ Արցախի ղեկավարությունը պետք է նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը, իր դիրքորոշումը հայտնի։ Եթե Հայաստանի իշխանությունը չի ֆինանսավորում Արցախի պետական մարմինների գործունեությունը, իրենք պետք է ֆինանսավորման այլ աղբյուրներ գտնեն, ուղղակի դիմեն հայ ժողովրդին, որովհետեւ Արցախի հիմնախնդիրն ազգի գոյության, հայ դատի խնդիր է։ Եթե իրենք չեն կարող Հայաստանի տարածքում որպես Արցախի վտարանդի իշխանություն գործել, կամ պետք է այլ պետության տարածքում գործեն, կամ էլ հայտարարեն, որ դադարեցնում են իրենց գործունեությունը։
Կարդացեք նաև
– Արցախի իշխանության պահպանումն ու գործունեությունը որքանո՞վ է կարեւոր, ի՞նչ խնդիրներ կարող է լուծել դա։
– Պետական մարմինների գործունեությունը կարեւոր է արցախցիների հետ կապված խնդիրների ստվար մասը կազմակերպելու ու լուծելու առումով։ Մենք Արցախում նման փորձ ունեցել ենք, համայնքային մարմիններն ապահովում էին ոչ միայն տեղահանված բնակչության ինքնության պահպանումը, նրանց ինքնակազմակերպումը, այլ նաեւ կապը շրջանային եւ պետական մարմինների հետ։ Բացի դրանից, Արցախի պետական մարմինների գոյությունը խորհրդանշում է հայկական պետականության փուլը, երբ մենք մտել ենք գոյապայքարի մեջ եւ հաղթելով այդ գոյապայքարում՝ կարողացել ենք ոչ միայն Արցախի հիմնախնդիրն առաջ քաշել, այլ հայության այն բոլոր հատվածների, որոնք տեղահանվել են ժամանակին։ Խոսքը Գանձակի, Բաքվի, Հյուսիսային Արցախի եւ այլ տարածքներից տեղահանված հայերի մասին է։ Մեր ամենամեծ սխալը եղավ այն, որ փաստացի ճնշմանը տեղի տվեցինք ու Շահումյանի խնդիրը բանակցություններից հանեցինք։ Մինչ այդ հանվեց Հյուսիսային Արցախի հիմնախնդիրը, եւ վերջում մենք ունեցանք 2020 թվական, երբ արդեն դրվեց Լաչինն ադրբեջանական վերահսկողությանը հանձնելու հարցը։ Շատ հնարավոր է, որ Հայաստանին նույնպես պարտադրեն 8 գյուղ հանձնել, հետո սկսեն հիշել «Զանգեզուրի միջանցքի» հարցը։ Ես չգիտեմ՝ այդ լավատեսությունն ինչո՞վ է պայմանավորված, որ ասում են՝ Մարգարա գյուղի անցակետը պետք է բացվի։ Ադրբեջանը ճանապարհ է ուզելու մինչեւ Մարգարայի անցակետ։ Հաջորդ քայլն արդեն հստակ ուրվագծվում է՝ պահանջելու են Հայաստանի ուժային կառույցների վերափոխում, բանակի կրճատում եւ այլն։ Այսինքն՝ Ալեն Սիմոնյանը եւ իր թիմակիցները մի քիչ հեռուն պետք է նայեն ու հիշեն Կարսի հանձնման պատմությունը։ Կարսի հանձնումն արտաքին ուժերի ճնշման տակ էր, այդ ժամանակ իշխանությունը փորձեց երկու կամ երեք աթոռի վրա նստել, դարձյալ զիջողաբար էր տրամադրված, թույլ էր։ Կարսի հանձնմանը հետեւեց Կարսի պայմանագիրը, եւ ըստ էության Հայաստանը զինաթափվեց, կորցրեց տարածքներ։ Հետո գիտենք, թե ինչ եղավ՝ մեր ճակատագիրը լուծվում էր Անկարայում ու Մոսկվայում։ Կատարվեց այն, ինչի մասին Նժդեհն էր խոսում՝ Սփյուռքը բաժանվեց տարբեր մասերի, տարբեր քաղաքական հոսանքների, եւ մենք դարձանք խորհրդային կայսրության գաղութ, վերջում շատ ավելի վատ բաներ եղան։ Իրական վտանգը դա է։
– Արցախից բռնի տեղահանված արցախցիների վերադարձի համար ի՞նչ տարբերակ եք տեսնում այսօր։
– Մեր պատմության մեջ եղել է դեպք, որ զուգահեռաբար ստեղծվել է երկու հայկական պետական միավոր՝ Հայաստանի խորհրդային հանրապետությունը եւ Արցախի ինքնավար մարզը։ Այսինքն՝ արհեստականորեն բաժանվել են, եւ մեր հակառակորդ ուժերը կարողացել են հայությանը պառակտել, ուժերը բաժանել։ Այսօր Եվրամիությունը Ռուսաստանի եւ ԱՄՆ հետ մեկտեղ, եթե եվրոպական վեկտորը գերիշխի, կարող է բնակչության մի մասին վերադարձնել։ Եվ արցախցիներին կարող են տալ որոշակի երաշխիքներ, կենսապայմաններ ստեղծել, որպեսզի մարդիկ վերադառնան։ Արդեն 15 հազար արցախցի գնացել են Ռուսաստան, Հայաստանում շատ քիչ մարդ է աշխատանքի տեղավորվել, այսինքն՝ լիարժեք չեն ինտեգրվել։ Վերադառնալու պայմաններում հնարավոր է մի կարգավիճակ լինի, որ մենք չունենանք քաղաքական ինքնակառավարման մարմիններ։ Դրանով էլ է Ալեն Սիմոնյանի ծրագիրը վտանգավոր։ Կարող ենք ունենալ մարմիններ, որոնք կզբաղվեն կրթական, տնտեսական, վարչական խնդիրներով, հայ ազգը կբաժանվի, արդյունքում՝ կհանվի այն տարածքների հարցը, որոնք ժամանակին հայաթափվել են։ Հայության եւ Հայաստանի համար դա որքանո՞վ է վտանգավոր, արդեն պարզ է։ Ստեղծվում է երկու զուգահեռ ազգ։ Այդ սատանայական ծրագիրը՝ որպես տարբերակ, առաջադրված է նաեւ Հայաստանին։ Մենք վերադառնում ենք, տրվում են որոշակի միջազգային երաշխիքներ, սակայն մենք ունենում ենք ոչ թե քաղաքական, այլ վարչական մարմիններ, դրանց գործունեությունը սահմանվում է որոշակի սոցիալ-տնտեսական խնդիրներով։ Այդ մոդելը մեզ կարող են պարտադրել, դա տեսանելի է ապագայում։ Դա մեզ համար ընդունելի չէ, քանի որ դրանով ուրանում ենք մեր դատը։ Արցախի Հանրապետությունը դա պահանջատիրության դրսեւորում է։
Ժամանակին մենք հանդես էինք եկել որպես ոչ միայն Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի բնակչություն, այլ նաեւ Հյուսիսային Արցախի եւ Ադրբեջանին բռնակցված մյուս տարածքների բնիկ հայ բնակչության շահերի պաշտպան։ Մենք Հայաստանի եւ Բաքվի բանակցություններին մասնակցում էինք որպես տարածաշրջանի բնիկ բնակչության հավաքական շահերի եւ իրավունքների շահերի պաշտպանության հարցը բարձրացնող։ 1995-1996 թվականին Հայաստանի ղեկավարն ասել էր, որ Արցախի անվտանգ սահմանները որոշելուց պետք է հաշվի առնենք, որ Արցախի սահմաններից դուրս հայ բնակչության իրավունքներն ու շահերը երաշխավորված չեն։ Եվ տրամաբանությունն այն էր, որ Հայաստանը՝ որպես պահանջատեր երկիր, հանդես չգար։ Լեւոն Տեր-Պետրոսյանը մտավախություն ուներ, որ Թուրքիան այդ դեպքում կարող էր որպես Ադրբեջանի դաշնակից՝ պատերազմ սկսել։ Եվ Արցախի հարցը դնելով ինքնորոշման իրավունքի սկզբունքի վրա, նաեւ հանդես է եկել Արցախից դուրս ապրող հայության շահերի տեսանկյունից, այդ թվում՝ Բաքվի եւ Սումգայիթի հայերի, որոնք ունեին արցախյան արմատները։ Բաքվի, Սումգայիթի եւ Կուրի աջափնյա շրջանի բնակիչները ծագումով Արցախից էին։ Այդ հարցն ուրանալով՝ մենք հայերին ազգից վեր ենք ածում բնակչության։ Իսկ բնակչությունը կարող է տեղահանվել, տեղափոխվել, բնակչության համար կարեւորը ֆիզիկական անվտանգությունը, սնունդն ու հագուստն է։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
20.11.2023