Լրահոս
Օրվա լրահոսը

«Պրովակատորն արհեստականորեն ստեղծում է քրեական պատասխանատվության ենթարկելու նախահիմքեր»

Նոյեմբեր 20,2023 13:00

Լույս է տեսել «Դատական իշխանություն» գիտամեթոդական ամսագրի հերթական համարը

Ամսագիրն ընդգրկում է 2023թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսները: Եռալեզու ամսագրի այս համարում կարող ենք կարդալ բազմաթիվ մասնագիտական հրապարակումներ, ուսումնասիրություններ: Մասնավորապես, ՀՀ դատախազության թիվ 2 կայազորի զինվորական դատախազության դատախազ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրոս Կարապետ Սմբատյանի «Միջնորդությունները ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքում», ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի հայցորդ, ՀՀ արդարադատության նախարարության քրեական օրենսդրության, քրեակատարողական եւ պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության, քրեական եւ քրեադատավարական օրենսդրության մշակման բաժնի պետ, ի.գ.թ. Ռաֆայել Վարդանյանի, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող, ի.գ.թ. Արմեն Շուքուրյանի «Համեմատական իրավագիտության ծագումն ու զարգացումը (պատմական զարգացման հիմնական ուղենիշները)», ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի քրեական իրավունքի եւ քրեաբանության ամբիոնի դասախոս Արփի Լազարյանի «Անչափահաս դատապարտյալների հետ վարվեցողության միջազգային չափորոշիչները եւ դրանց կիրառման որոշ հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում»…հրապարակումները:

Ներկայացնենք մի հատված ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության գլխավոր մասնագետի պաշտոնակատար, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի ամբիոնի հայցորդ ՄԵԼԻՔ ՄԵԼԻՔՅԱՆԻ «Հանցագործության պրովոկացիայի օբյեկտիվ հատկանիշները» հրապարակումից:

Հանցագործության պրովոկացիայի կարգավորումների վերաբերյալ քրեական իրավունքի ընդհանուր մասում տեղ գտած արտասահմանյան մի շարք երկրների առանձին կարգավորումների համակարգային վերլուծությունից հետեւում է, որ հանցագործության պրովոկացիայի արդյունքում հասցված սահմանները բնավ չեն սահմանափակվում արդարադատության շահով ու դրա արդյունքում հնարավոր են դեպքեր, երբ կարող է վտանգվել անգամ մարդու կյանքը կամ առողջությունը, թեեւ ամեն դեպքում պետք է ելակետ համարել՝ ոտնձգող անձի կողմից իր համար ցանկալի իրավիճակով հանգամանքները դասավորելու նպատակով որոշակի այնպիսի իրավիճակի ստեղծումը, որով խաթարվում է իրականությունը եւ վնասվում է արդարադատության օրինական շահը։

Այս մասով հատկանշական է նաեւ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված եւ գործող ՀՀ քրեական օրենսգրքով՝ պրովոկացիայի վերաբերյալ ստորեւ ներկայացվող այն նորամուծությունները, որոնք թեեւ վերաբերվելով քրեական օրենսգրքի Ընդհանուր մասին՝ ուղղակիորեն շաղկապվում են հանցագործության պրովոկացիայի արդյունքում ոտնձգության ենթարկվող օբյեկտին։ Այսպես, ՀՀ քրեական օրենսգրքի 32-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ անհրաժեշտ պաշտպանության վիճակը բացակայում է, եթե տեղի է ունեցել անհրաժեշտ պաշտպանության սադրում, այսինքն՝ երբ անձին վնաս պատճառելու նպատակով պաշտպանվողը նրան դրդել է հակաիրավական ոտնձգություն կատարելու:

Նույն օրենսգրքի 34-րդ հոդվածի 6-րդ մասով ամրագրվել է, որ ծայրահեղ անհրաժեշտության վիճակը բացակայում է, եթե տեղի է ունեցել ծայրահեղ անհրաժեշտության սադրում, այսինքն՝ երբ օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելու նպատակով անձն իր արարքով վտանգ է ստեղծել օրենքով պաշտպանվող այլ շահերի համար, այնուհետեւ վնաս պատճառել օրենքով պաշտպանվող շահերին՝ իբրեւ թե ծայրահեղ անհրաժեշտության վիճակում գտնվելով: Վերը նշյալ իրավադրույթների նախատեսմամբ փաստորեն ստացվում է, որ անձն անհրաժեշտ պաշտպանության իրավիճակի «սքողմամբ» իրականում միտված է լինում հասցված վնասը «լեգիտիմացնել» քրեական պատասխանատվությունը բացառող՝ այն է անհրաժեշտ պաշտպանության իրավիճակի «մոդելավորմամբ»՝ անմիջականորեն վնասելով քրեական օրենքով պաշտպանվող այլ օբյեկտներ։ Ինչ վերաբերում է հանցագործության պրովոկացիայի մասնավոր դրսեւորումերից կաշառքի պրովոկացիային, ապա ելնելով հանցավորի նպատակներից՝ այն է՝ արհեստական ապացույցներ ստեղծելու եւ քրեական հետապնդման նախահիմքեր առաջացնելու՝ հանցավորի դիտավորությունից, հնարավոր է պնդել, որ դրանով ոտնձգություն է իրականացվում արդարադատության շահին։ Մինչդեռ հարկ է նկատել, որ ինչպես, օրինակ, ՌԴ քրեական օրենսգրքի 304-րդ հոդվածում, այնպես էլ ՀՀ քրեական օրենսգրքի 477-րդ հոդվածի դիսպոզիցիայում, տվյալ հանցատեսակի նպատակ է համարվում նաեւ շանտաժը, ինչն ուղղակիորեն ոտնձգում է մարդու անձնական իրավունքներին եւ ազատությանը։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 13-րդ կետի համաձայն՝ «շանտաժ» հասկացությունը սահմանված է որպես՝ անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ անձի դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի մասին արատավորող կամ նշված անձանց իրավունքներին կամ օրինական շահերին վնաս պատճառող կամ անձի համար անցանկալի տեղեկություններ հրապարակելու կամ իրավունքներից, ազատություններից զրկելու կամ դրանք սահմանափակելու սպառնալիք, ինչից հետեւում է, որ այն դուրս է արդարադատության ոլորտը կարգավորող հարաբերությունների շրջանակից։ Այս մասով ռուսական տեսությունում կարծիք է արտահայտվել այն մասին, որ կաշառքի պրովոկացիայի վերաբերյալ ՌԴ քրեական օրենսգրքի 304-րդ հոդվածում զետեղված՝ շանտաժի նպատակը ոտնձգություն է անձի իրավունքներին եւ ազատություններին, այլ ոչ արդարադատություն իրականացնող ու նրանց աջակցող մարմինների խնդիրների եւ նպատակների իրականացման գործում օրենքով կարգավորվող գործունեությանը։

Պետք է փաստել, որ նման մոտեցումն արդարացված չէ, քանզի ամեն դեպքում, պրովակատորն արհեստականորեն ստեղծում է քրեական պատասխանատվության ենթարկելու նախահիմքեր եւ նման պարագայում անձնական իրավունքներն ու օրինական շահերը դառնում են պարտադիր լրացուցիչ օբյեկտ եւ, միաժամանակ հնարավոր այնպիսի իրավիճակում, երբ շանտաժի պայմանները չիրականացնելու դեպքում՝ պրովակատորն իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացնում կաշառքի վերաբերյալ, տվյալ մարմիններն արդեն իսկ գործ են ունենում պրովակատորի «սցենարով» մշակված իրավիճակի հետ, ինչն ուղղակիորեն վնասում եւ հավելյալ ջանքեր է պահանջում նշված մարմինների համար՝ համապատասխան քննություն իրականացնելիս։ Ներպետական եւ արտասահմանյան մի շարք իրավակարգավորումերի լայն մեկնաբանման արդյունքում պրովոկացիայի հատկանիշները կարող են տարածվել նաեւ խաղաղության ու մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների շրջանակներում։ Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 152-րդ հոդվածով նախատեսված միջազգային ահաբեկչության իրականացման հանցատեսակի օբյեկտի եւ հանցագործության պրովոկացիայի օբյեկտի հարաբերակցմանը, ապա պետք է նշել, որ դրանով, ինչպես արդեն նշվեց, ի տարբերություն 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածում, թեեւ այլեւս չի գործածում «պրովոկացիա» տերմինը, սակայն դրա բովանդակային վերլուծությունը ցույց է տալիս, որ միջազգային լարվածություն կամ պատերազմ հրահրելու կամ այլ պետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակը քողարկելու նպատակով կարող է հարձակում իրականացվել որեւէ սուբյեկտի վրա՝ հստակ գիտակցելով եւ ցանկանալով այն աղետալի հետեւանքները, որոնք կարող են հաջորդել դրանց, ինչն էլ հետագայում միջազգային ատյանների կողմից օրինակ՝ պատերազմի առաջացման հանգամանքների շուրջ քննության ժամանակ կարող է ծառայել իրականությունը խեղաթյուրելու միջոց ու այդկերպ ծառայել հիմարար միջազգային փաստաթղթերի պահանջների խախտումը թաքցնելու գործիք։ Առանձին կարեւորություն է ներկայացնում նաեւ հանցագործության պրովոկացիայի՝ որպես արարքի՝ օբյեկտիվ կողմի հատկանիշների ուսումնասիրությունը……

Կարելի է հիմավորված համարել այդ մոտեցումը եւ ելնելով այն տրամաբանությունից, որ անձը վերջնանպատակ ունենալով խուսափել որեւէ պարտավորությունից, կամ հստակ գիտակցել իր անգործությամբ անձի մոտ լարվածության մեծացումը, կարող է վերջինիս գիտակցված ու կամովին մղելու իր նկատմամբ բռնություն կամ այլ կերպ հանցագործություն կատարելուն՝ իրեն վերածելով «հանցագործության զոհի»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
18.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930